Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ համաժողով՝ «Հոգևոր Հայաստան» խորագրով, որը նվիրված էր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Համաժողովին ցուցադրվեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ելույթը։ Պապյանի ելույթի տեքստը ներկայացված է ստորև։

Անցած 25 տարում մենք եղել ենք խորը թմբիրի մեջ։ Վատնել ենք այդ տարիները և կառավարման լծակները փրփուրներին հանձնելով՝ ամայացրել ենք մեր հայրենիքի այս փոքրիկ և վերջին հատվածը։ Արտագաղթը, բնակլիմայական աղետալի վիճակը, որը նախևառաջ պայմանավորված է վայրագ հանքարդյունաբերությամբ, ոչնչացված և պրիմիտիվ մենաշնորհության վրա հիմնված տնտեսությունը, ձախողված և գոյություն չունեցող մշակութային քաղաքականությունը, ապաշնորհ արտաքին քաղաքականությունը և, իհարկե, բանակում տեղ գտած չարաշահումները մեր երկրի և ժողովրդի գոյությունը դրել են հարցականի տակ։ Այսօր մենք կանգնած ենք գոյութենական խնդրի առջև։

Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին, բայց դրանք առավել ցցուն դարձրին այն աղտերը, որոնք առկա են մեր երկրում և մեր հասարակության մեջ։ «Սասնա ծռերի» գործունեությունը եկավ առավել ընդգծելու դժգոհության այն լուրջ ալիքը, որ առկա է մեր երկրում։ Եվ այդ ալիքը նույնպես մեծ հաշվով չկարողացավ ոչինչ փոխել։

Ժողովրդին համախմբում է անհրաժեշտ, համախմբում՝ կլեպտոկրատական պետությունը վերջապես մեր և մեր մշակույթին արժանի ազգային պետության վերածելու, թշնամուն իր կողմից ծրագրված ավելի մեծ հարձակման դեպքում վերջնականապես ջախջախելու, մեր հայրենիքի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հատվածը, այլ այսպես կոչված՝ ազատագրված տարածքները չհանձնելու և մեր հազարամյա գոյությունը արժանապատվորեն շարունակել կարողանալու համար։

Անցյալ տարի անցկացվեց մեզ մեծապես անարժան մի Սահմանադրություն։ 2017թ․ խորհրդարանական ընտրություններն են։ Դրանք մեր ժողովրդի համար ճակատագրական են լինելու։ Առկա իրադրությունում դրանց ելքը դժվար չէ կանխատեսելը։ Մեկ այլ երկու և կես տասնամյակ նման կերպ գոյություն քարշ տալու հնարավորություն այս երկիրն այլևս չունի։ Նման սցենարի պայմաններում այն պարզապես չի կարող գոյատևել։ Խնդրում եմ և կոչ եմ անում ժողովրդին՝ գիտակցելու այս շրջանի ողջ լրջությունը և վերջապես՝ դրսևորելով քաղաքացիական մոտեցում՝ ինքնակազմակերպվել, լսելի դարձնել անհատական ձայնը և ստիպել հաշվի նստել իր հետ։

Պատմության մեջ մեկ անգամ չէ, որ այս ժողովուրդը ճակատագրական պահերին համախմբվել է, դիրքորոշում արտահայտել, հաղթել և վերապրել։ Ժամանակն է ոչ միայն հաղթելու և վերապրելու, այլ իրեն սպառած այս համակարգը նոր, արժանապատիվ և ազգային պետությամբ փոխարինելու։ Սրանք ճակատագրական ժամանակներ են, իսկ ճակատագրական ժամանակներում սխալվելու իրավունք չկա։ Սթափվենք, համախմբվենք և հաղթենք։

www.civilnet.am

Լուսանկարը՝ http://168.am -ի

Հասմիկ Պապյանի ելույթը «Հոգևոր Հայաստան» համաժողովին


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert