Սառնակունք գյուղի ծայրամասում գտնվող կիսավեր տանն ապրում է Դավթյանների բազմանդամ ընտանիքը: Երեխաների հայրը՝ 36-ամյա Արտակը, 5 որդիների մասին հպարտությամբ է խոսում, ափսոսում է միայն մի բանի համար՝ որ զավակներին բորբոսնած պատերով եւ կաթացող տանիքով տանն է մեծացնում:

-Իմ հերն ինձ տուն չի տվել, մենք էլ ենք շատ երեխա եղել. 13 տարեկանից ես աշխատել եմ, որ հորս օգնեմ, տունը պահենք: Հետո որ ամուսնացա՝ առանձնացանք, սկսեցինք էստեղ ապրել,- ասում է Արտակը:

Արտակն ու Գայանեն 12 տարի առաջ են ամուսնացել: Համատեղ կյանքի ընթացքում հայրենիքին հինգ պաշտպան-որդիներ են պագեւել՝  11-ամյա Էրիկը, 9-ամյա Սամվելը, 6-ամյա Վահեն, 3-ամյա Նարեկն ու 3-ամսական Արամը: Ընտանիքում ամենամեծ ներդրումը, թերեւս, 3-ամսական Արամինն է. հենց նրա ծննդյան առիթով տրամադրված պետական միանվագ աջակցության միջոցներով են ծնողները կարողացել տան համար որոշակի գույք գնել:

 

– Էս սեղան-աթոռն եմ առել, էս երկու կառավաթը, ու էն պահարանը: Մնացած ամեն ինչը՝ օրորոցը, հեռուստացույցը, երեխու կալյասկեն, լրիվ օգնություն է,- ասում է Արտակը:

Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, համագյուղացիներից մեկն է տրամադրել՝ վարձով: Դավթյաններն ամսական 10.000 դրամ են վճարում՝ կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ տանն ապրելու համար: Հենց տան սեփականատիրոջ մոտ էլ Արտակն անասնապահություն է անում:

-Ամռանն աշխատավարձս 100.000 դրամ է, ձմռանը՝ 50.000: 10.000 դրամ տան վարձը հանում է, տակի մնացածը տալիս  է ինձ,- ասում է Արտակը, հետո ինքն իրեն ուղղում,- չնայած վերջին ամիսներին համարյա տուն փող չեմ էլ բերում: Անասունների տերը խանութ ունի, էդ խանութին արդեն 900.000 դրամ եմ պարտք, կամաց-կամաց փակվում եմ…

Ինչպես Արտակն է նշում՝ պարտքը գոյացել է տարիների ընթացքում, երբ ընտանիքի համալրմանը զուգահեռ ավելացել են նաեւ ծախսերը: Երեխաների հայրը փորձել է ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել, տան տերը, սակայն, պայման է դրել.

-Ուզում էի պայմանագրային աշխատեմ, իրենց աշխատավարձը, դեդ, բարձր է: Տան տերը որ իմացավ, ասավ՝  երբ որ պարտքս լրիվ կփակես, տունս կազատես, էն ժամանակ կարաս գնաս որտեղ ուզում ես աշխատես,- հիշում է Արտակը:

 

Ապրուստի այլ միջոց եւ ապրելու այլ տեղ չունենալոու պատճառով Արտակը ստիպված է եղել համաձայնել եւ շարունակել անասնապահի գործը:

-Օր ա լինում՝ երեխեքս սոված են քնում: Եթե էս գործս չլինի, խանութից նիսյա էլ չեմ կարա վերցնեմ… Սովի կմատնվենք,- սաում է նա:

Խոնավ պայմաններում ապրելը, սակայն, անհետեւանք չի մնացել: Ինչպես Գայանեն է նշում՝ առողջական խնդիրներ են ի հայտ եկել ոչ միայն իրենց, այլեւ երեխաների մոտ:

-Արեւ ընդհանրապես չի ընկնում տուն, տեղաշորն էնքան խոնավ է, ոնց որ թաց լինի… Զարմանում եմ՝ էսքան ժամանակ ոնց ենք էստեղ ապրում,- սրտնեղում է նա:

Նոր հագուստ ունենալու երջանկությունը Դավթյանների երեխաները հազվադեպ են զգում: Դպրոցահասակ 3 որդիներին ծնողները միշտ չէ, որ կարողանում են հագուստով եւ կոշիկներով ապահովել, ինչի հետեւանքով երեխաները ստիպված են լինում հաճախ բացակայել դասերից:

-Լավ են սովորում, զգում եմ, որ հետաքրքրված են, բայց ֆինանսականը մեզ շատ է նեղում, չենք հասցնում ծախսերի հետեւից,- ասում է Գայանեն:

9-ամյա Սամվելը ոգեւորությամբ է պատմում դասերի եւ դպրոցական ընկերների մասին, ասում է՝ ամեն օր նոր բան են սովորում: Սամվելը մաթեմատիկայով է հետաքրքված, հարմար առիթը բաց չի թողնում՝ պայուսակից հանում է տետրը ու առաջին գրառումները ցույց տալիս.

-Արդեն ամենամեծ թվերն էլ եմ կարողանում գումարել, հանել…

-Իմ երեխեքը պետք է սովորեն, կրթություն ստանան, որ վաղը-մյուս օրը գործ գտնեն, իմ պես խեղճ չմնան,- ասում է հայրը:

Բազմազավակ ծնողների ցանկությունը մեկն է՝ չկաթացող տանիք, որ սոցիալական հազար ու մի խնդիրների մեջ երազանք է թվում…

Տաթեւիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Տատևիկ Սարգսյանի

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert