Սիրիական պատերազմի վերջին սրացումից հետո, երբ Արեւմտյան Հալեպը կրկին դարձավ ահաբեկիչների հրթիռակոծման թիրախ, հալեպահայերի փրկության հարցը նորից  օրակարգային դարձավ: Եթե մինչ այդ, հազարավոր սիրիահայեր տեղափոխվել էին Հայաստան՝ հարազատների մի մասին թողնելով Սիրիայում (հիմնականում ընտանիքի տղամարդկանց)՝ հույսով, որ վերջիններս կկարողանան գումար վաստակել եւ թեթեւացնել Հայաստանում բնակարան ու աշխատանք չունեցող մտերիմների կյանքը, ապա սեպտեմբերյան սրացումից հետո ուղղակիորեն  նժարին դրվեց հալեպահայերի կյանքը: Հրթիռակոծվող Հալեպից նրանց արագ տարհանելու անհրաժեշտություն առաջացավ:

Երկար լռությունից հետո խոսեց ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ նախարարի մակարդակով: News.am-ին տված հարցազրույցում  Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սիրիայում Հայաստանի  հյուպատոսության հետ ամեն օր կապի մեջ են եւ պատերազմի ճիրաններում մնացած հայրենակիցների խնդիրները լուծում են անաղմուկ. «Բոլոր խնդիրները լուծում ենք առանց աղմկելու եւ գոռալու։ Որովհետեւ եթե սիրիահայերին ինչ-որ ձեւով տեղափոխում ենք, դա որեւէ մեկը չպետք է իմանա,  որովհետեւ պետական ու ընդդիմադիր կողմը չի ընդունում, որ նրանք պետք է հեռանան։  Համարում են, որ պիտի մնան ապրեն ու աշխատեն բոլոր սիրիացիների նման»։

Թե հատկապես ինչ քայլեր են արվում եւ վերջին սրացումից հետո Սփյուռքի նախարարության ջանքերով քանի սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, նախարարը չի մանրամասնել. «Մեր գործողությունները 5 տարի նույնն են․ մենք ամեն մեխանիզմ մշակել ենք ինչպես Սիրիայից մարդկանց դուրս բերել, որոնք խնդրում են, ինչպես նրանց հասցնել Երեւան, ինչպես զբաղվել նրանց սոցիալական ինտեգրման, աշխատանքի, կրթության ապահովման խնդիրներով»:

Նախարարն արժանահավատ չի համաել «Հալեպ» հայրենակցական միության (որն, ի դեպ, ակտիվորեն զբաղվում է սիրիահայերի Հայաստան տեղափոխման աշխատանքներով՝ հեղ.) կողմից տարածված այն հայտարարությունը, թե 600 սիրիահայ դիմել է իրենց՝ Հայաստան տեղափոխվելու ցանկությամբ. «Դա իրականության հետ աղերս չունի։ Ես ցավում եմ, որ սիրիական ճգնաժամի հետ կապված  որոշ կառույցներ կամ մարդիկ փորձում են դրամ հավաքել եւ որեւէ մեկին հաշվետվություն չտալ, թե այդ դրամն ինչ է եղել։ Այն կառույցը որ հայտարարում էր, որ 600 հոգանոց ցուցակ կա եւ նրանք ուզում են գալ, արդեն 10-րդ օրն է գրավոր եւ բանավոր խնդրում ենք այդ ցուցակները մեզ տալ, չեն տալիս»:

Հատկանշական է, որ «Հալեպ»  միությունը 2015թ մայիսից 250 ընտանիքի համար միակողմանի տոմս է առել, որոնք Հալեպից փոխադրվել են Հայաստան,  ևս 100 սիրիահայի տոմսերը պատրաստ են,  նրանք մինչև նոյեմբեր կգան: Վերջերս Հայաստան տեղափոխված սիրիահայերը մեզ հետ զրուցում նշում էին, որ երբ Հալեպից հեռանալու որոշում են կայացրել, միակ կառույցը որին դիմել են, «Հալեպ» հայրենակցական միությունն է եղել, որն էլ հոգացել է մինչեւ Հալեպ-Լիբանան-Դուբայ-Երեւան ճանապարհածախսը:

Ինչու՞ է դանդաղում հալեպահայերի՝ Հայաստան տեղափման գործընթացը, ինչու՞ ՀՀ իշխանությունները նախաձեռնողականություն չեն դրսեւորում այս հարցում,ի՞նչ նշանակություն է ունեցել սիրիահայ համայնքը եւ ի՞նչ գնով ենք փորձում պահպանել այն՝ այս ու այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:

Իսկ Դուք շա՞տ եք տեսել մարդկանց, որոնք երազում են հրթիռների տակ քնելու մասին

-Պարո՛ն Մարտիրոսյան, սիրիական պատերազմի վերջին սրացումներից հետոպաշտոնական Երեւանի կողմից հայտարարություններ հնչեցին, որ Սիրիայում խուճապ չկա, եւ հաալեպահայերը չեն ուզում տեղափոխվել Հայաստան:Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարություններին, սիրիահայերն իսկապե՞ս չեն ուզում հեռանալ Հալեպից, որտեղ ամեն պահի կյանքի ու մահվան պայքար է:

-Հետաքրքիր ձեւակերպում են տալիս նման հայտարարություն անողները՝ ասելով «հալեպահայերը չեն ուզում»: Ո՞վ չի ուզում: Ինչ-որ խումբ կա հալեպահայերի, որը, միգուցե, չի ուզում: Իսկ Դուք շա՞տ եք տեսել մարդկանց, որոնք երազում են հրթիռների տակ քնելու մասին: Դա Հայաստանում եւ Սիրիայի հայ համայնքում տարվող կեղծ պրոպագանդայի արդունք է, որ իբր հալեպահայերը մեկ միասնական ձայն են եւ չեն ուզում վերադառնալ: Մինչդեռ  կան այնպիսիք, որ շատ են ուզում, բայց չեն կարող՝ ֆինանս չունեն պարզապես: Թող իշխանությունները Հայաստանում կայք բացեն, կամ Սփյուռքի նախարարության կայքում բաժին հատկացնեն եւ հարցում անեն տեղի հալեպահայերին, տեսնեն՝ քանիսն են ուզում դուրս գալ, և քանիս չեն ուզում:

Հայաստանում գլուխը գլխացավանքի տակ դնելու ցանկություն չկա

-Ի՞նչ նպատակով են արվում նման հայտարարությունները:

-Հստակ քաղաքական գիծ է վարվում, որն ունի մի քանի ասպեկտներ: Մասնավորապես՝ Սփյուռքում կան իրենց դրդապատճառները. որոշ համայնքի ղեկավարների մոտ ասելու, որ չկան Հալեպից դուրս գալ ցանկացող մարդիկ՝ թույլ չտալով, որ այս մարդիկ դուրս գան Հալեպից: Իսկ  Հայաստանում առաջին գործոններից մեկն այն է, որ գլուխը գլխացավանքի տակ դնելու ցանկություն չկա. Հայաստանում առանց այդ էլ տեղի բնակչության սոցիալական խնդիրներից չեն կարողանում գլուխ հանել, իրենք իրենց համար նոր խնդիր ստեղծել չեն ուզում, որովհետեւ միայն սիրիահայերին բերելու հարցը չէ՝ պետք է նաեւ նրանց էլեմենտար պայմաններ ստեղծել: Ուրիշ հարց է, որ կան միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, որ կարող են օգնություն տրամադրել… Բայց դա էլ աշխատանք է ենթադրում, եւ հասկանալի է, որ մարդիկ պարզապես չեն ուզում դրանով զբաղվել:

-ՀՀ սփյուռքի նախարարության գործոլաոճն ինչպե՞ս եք գնահատում, նպատակային քայլեր արվո՞ւմ են սիրիահայերի անվտագությունն ապահովելու ուղղությամբ:

-Իսկ ինչո՞վ է զբաղվում Սփյուռքի այդ նախարարությունը և արդյո՞ք այն կա: Ես տեսնում եմ միայն լուսանկարներ, միջոցառումներ… Սփյուռքի նախարարությունը պետք է զբաղվի սփյուռքով, ոչ թե առանձին սփյուռքահայերի հետ շփվելով, կամ սփյուռքի՝ առավել բարեկեցիկ համայնքներ այցելելով: Գիտեմ, որ Հայաստանում որոշակի բան անում են այստեղի սիրիահայերի համար, բայց դա մինիմալն է: Հայաստանն ունի պարտավորություն եւ պարտականություն Սիրիայի եւ Իրաքի իր ազգակիցներին օգնություն տրամադրելու: Ակնհայտորեն տեսնում ենք, որ այդ ուղղությամբ չափազանց քիչ բան է արվում:

Սիրիահայերի տեղափոխումը Հայաստան շատ ձեռնտու կլիներ մեզ համար. այդ մտածողությամբ ու այդ ձեռքերով մարդկանց կարիքը շատ կա մեր երկրում

-Ի՞նչ է հնարավոր անել, որ չի արվում:

-Պետք է նախ հասկանային, թե որքան մարդ ցանկություն ունի Հայաստան տեղափոխվելու: Մարդասիրական օգնության ինքնաթիռները, փոխանակ դատարկ հետ վերադառնալու`պիտի նախօրոք կազմված ցուցակներով Երեւան տեղափոխեին մարդկանց, որոնք Հայաստան գալու ցանկություն ունեին: Հայաստանում մարդկանց պետք է տրամադրվեին թեկուզ ժամանակավոր կացարաններ, որպեսզի երբ իրենց թաղամասերի հրթիռակոծումն ավարտվեր, նրանք ցանկության դեպքում վերադառնային Սիրիա: Մյուս կողմից՝ պետք է Հայաստանում ինտեգրացիոն պրոցեսներ սկսվեին, մարդկանց աշխատանք տրամադրվեր, կամ տրամադրվեին նպաստներ: Հասկանալի է, որ սա լուրջ գլխացավանք է, եւ անգամ 100  ընտանիքի համար նման բան ապահովելն իշխանության համար խիստ անցանկալի է:

Պաշտոնական Երեւանը սփյուռքը դիտարկում է միայն որպես ստանալու աղբյուր, իսկ երբ անհրաժեշտ է սփյուռքին ինչ-որ բան տալ կամ սփյուռքն իրապես օգտագործել`հանուն Հայաստանի խնդիրները լուծելու, սփյուռքը դառնում է անցանկալի և բեռ: Հոմսի, Համայի, Դեյր Զորի, Հալեպի և այլ տուժած համայնքների մասնակի տեղափոխումը Հայաստան շատ ձեռնտու կլիներ հենց Հայաստանի համար, որովհետեւ այդ մտածողությամբ եւ այդ ձեռքերով մարդկանց կարիքը շատ կա այս երկրում: Սրիահայերը հայկական լավագույն համայնքի ներկայացուցիչներն են, նրանք ամեն տեղ ստեղծում են, արարում են, մշակույթ են փոխում: Նրանց ներգաղթը Հայաստան, հատկապես առկա սարսափելի արտագաղթի պայմաններում, հրաշալի կլիներ:

Մենք կորցրինք սիրիահայ ոսկե համայնքը, որը բացառիկ էր ե՛ւ իր որակներով, ե՛ւ իր մասշաբներով, ե՛ւ իր հզորությամբ

-Մի երկրում, որտեղ արտագաղթը սարսափելի ծավալներ ունի, որտեղ անգամ տեղացիներն են դժվարությամբ աշխատանք գտնում`ներգաղթածների կյանքն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Գումար միշտ կա: Խնդիրն այդ գումարը նպատակային ծախսելու և չմսխելու մեջ է: Եթե Երեւանի տոն են անում ու 65 մլն դրամ ծախսում, դա այն գումարն է, որով հնարավոր էր մեծ թվով ընտանիքների բավական երկար ժամանակ ապահովել: Ո՞ւմ էր պետք Երեւանի տոնը, ի՞նչ խղճով են այդ գումարները վատնում և քամուն տալիս՝ Հայաստանի պես աղքատ երկրում: Ռազմական շքերթ կազմակերպել, երբ հող ես կորցրել և զոհեր ունեցել ու հաստատ ապրիլի հաղթողը չես` ընդամենը մի համալիր Իսկանդեր ցուցադրելու համար, երբ մի քանի լուսանկար կամ մեկ տեսանյութով նույն խնդիրը կարելի էր լուծել` վատնում չէ՞ արդյոք: Այսպիսի հարյուրավոր դեպքեր կան: Միայն Կառավարության կրճատվող հին մեքենաները չէ, որ խնդիր են լուծում: Շատ ավելի մեծ ծախսեր կան, որոնք շարունակում են արվել: Եթե խնայվեին այդ գումարները, մարդկանց հնարավորություն կտրվեր, հատկապես որ սիրիահայերը ստեղծող են, աշխատող են: Դա անգին ռեսուրս էր, որն անվերադարձ կորցրինք: Մենք կորցրինք սիրիահայ ոսկե համայնքը, որը կարեւորագույն գաղութ էր՝ ե՛ւ իր որակներով, ե՛ւ իր ուժով, ե՛ւ իր մասշաբներով, ե՛ւ իր հզորությամբ… Իսպառ կորսված է Իրաքի հայկական արժեքավոր գաղութը, Եգիպտոսի գաղութն արդեն գրեթե չկա: Մենք այսօր կորցնում ենք լիբանանահայ համայնքը, որ ամենաբարեկեցիկներից և ամենաազդեցիկներից էր: Լիբանանահայերը` սիրիահայերի պես մեկնում են Կանադա, Ավսրտալիա, Եվրոպա… Այդ մարդիկ չեն վերադառնալու ո՛չ Լիբանան, ո՛չ Սիրիա, և ո՛չ առավել եւս՝ Հայաստան:

Համայնքը պահպանում ենք սպանելո՞ւ գնով

-Շատ է խոսվում սիրիահայ համայնքը պահպանելու կարեւորության մասին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սիրիահայերի Հայաստան տեղափոխման գործընթացները դանդաղում են համայնքը պահպանելու նպատակով նաեւ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին, որքանո՞վ է արդարացված այս մտածողությունը:

-Սիրիական համայնքն ամենակարեւոր համայնքներից էր, եթե ոչ՝ ամենակարեւորը: Եվ երեք ամենահայկական հայ համայնքներից մեկն էր: Մերձավոր Արեւելքը բոլորովին այլ մշակույթ է: Հիմնվելով հատկապես կրոնական եւ մշակութային տարբերությունների վրա` հարյուրավոր տարիներ հայ համայնքներն այստեղ ապրել են եւ կարող էին նույնքան էլ ապրել այդ տարածքում: Սիրիահայ համայնքը, թերեւս, դրանցից ամենամեծն էր՝ լիբանանյան համայնքի փոշիացումից հետո: Պետք էր պահպանել սիրիական համայնքը մինչեւ դրա կենտրոն հանդիսացող Հալեպի փաստացի ոչնչացումը: Հայկական թաղամասերը նույնպես անմասն չեն այդ երբեմնի հրաշք քաղաքի այլ թաղամասերի ճակատագրից. Իսլամիստ ահաբեկիչները, Հալեպի ճակատամարտի սաստկացմանը համընթաց` առավել շատ և առավել ավերիչ հրթիռներ են ուղարկում հայկական թաղամասերի վրա: Ընդհանրապես Մերձավոր Արևելքի համայնքների պահպանության ձգտումը կարևոր սյուների վրա է հենվում: Միջինարեւելյան համայնքները, ելնելով երկու հանգամանքից`առաջինը, որ դրանք հարատեւ են, երկրորդը՝ որ դրանք մոտ են պահանջատիրության տարածքներին, այսինքն՝ հայկական կորսված պատմական հողերին, ինչպես Գալուստ Գյուլբենկյանն էր ասում` անհրաժեշտ է պահպանել տեղում, որ համապատասխան պատմական պահին եւ համատեքստում կարողանան անցում կատարել եւ տեղափոխվել Արեւմտյան Հայաստան: Բայց հիմա արմատապես իրավիճակ է փոխվել. երբ տեսնում ես, որ կյանքի ու մահվան հարց է, երբ ընթանում է ակտիվ պատերազմ՝ ամեն օր հայ համայնքից մեկը զոհվում է, այս պայամաններում՝ պահպանու՞մ ենք հայկական համայնքը, թե՞ ոչ: Կարծում եմ` դանդաղ մահվան ենք դատապարտում:

Խաղաղ բնակիչներին կարելի է գոնե ժամանակավորապես տեղափոխել այստեղ` նրանց կյանքը փրկելու նպատակով… Մարդիկ ուզում են դուրս գալ եւ հնարավորություն չունեն՝ գումար չունեն պարզապես, որովհետեւ Սիրիայում ամեն ինչ նրանց համար անհասանելիորեն թանկ է դարձել: Մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն: Հասկանալի է, որ պատեզամող երկրում ո՛չ բիզնես կարող ես անել, ո՛չ ռեստորան պահել, ո՛չ գումար վաստակել… Ռումբն ընկավ տան վրա, այդ մարդիկ ի՞նչ պետք է անեն, որտե՞ղ պետք է ապրեն: Էլ չենք խոսում նրանց մասին, որոնք զոհվում են: Թողնենք մեռնե՞ն բոլորը: Հալեպի ճակատամարտ է սկսվել, որը դեռ երկար է տեւելու եւ գնալով սաստկանալու է, որովհետեւ ռուսները եւ սիրիացիները փորձում են Արեւելյան Հալեպը գրավել նախքան ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը, որովհետեւ դրանից հետո ամերիկյան արտաքին քաղաքականությունում վեկտոր է փոխվելու Մերձավոր Արեւելքի հարցում: Եթե Հիլարի Քլինթոնն ընտրվի, շատ ավելի բարդանալու է Արեւելյան Հալեպի գրավելու օպերացիան: Եվ պիտի հասկանանք, որ որքան այդ օպերացիան առաջ գնա` այնքան ահաբեկիչներն ավելի են մեծացնելու հայկական թաղամասերի հրթիռակոծումն ու ռմբակոծումը: Այստեղ պահպանելու ի՞նչ խնդիր կա՝ պահպանում ենք սպանելու գնո՞վ: Թողնում ենք մարդիկ մեռնեն ու ասում՝ պահպանում ենք հայ համա՞յնքը: Հետո պահպանելու ենք այդ մարդկանց գերեզմաննե՞րը:

Իրականում, շատ լավ կլիներ, որ հայկական համայնքը պահպանվեր, բայց եթե մարդիկ կան, որոնք որոշել են դուրս գալ Սիրիայից, ապա լավագույն տարբերակը նրանց Հայաստան բերելն է: Դա ձեռնտու կլիներ նաեւՍիրիայի իշխանություններին, որովհետեւ իրենց հայազգի այդ քաղաքացիները ցանկացած պահի կկարողանային վերադառնալ Սիրիա: Բայց Արեւմուտքից Սիրիա երբեք չեն վերադառնա: Արեւմուտքում նրանք դադարելու են հայ լինելուց եւ նպաստելու են միայն այլ երկրների ծաղկմանն ու բարեկեցությանը: Այսինքն՝ հայկական էթնիկ ֆոնդով հարստացվելու է այլ երկիր, ոչ թե բուն Հայաստանը:

Տաթեւիկ Սարգսյան

 

Տաթեւիկ Սարգսյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert