Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի և հայության ապագայով մտահոգ և հետաքրքրվող Սփյուռքի երիտասարդներ, քույրեր եւ եղբայրներ,

2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունը Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի համար ունի կենսական նշանակություն: Ինչպես հայտնի է, քիչ բացառություններով, Հայաստանում բոլոր ընտրությունները կայացել են լայնածավալ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով: Երկրում տիրող կործանարար և հոռի երևույթները՝ աղքատությունը, արտագաղթը, հասարակական անապահովությունը, համատարած անարդարությունը, անպատժելիությունը, կոռուպցիան և ապագայի նկատմամբ ժողովրդի անվստահությունը, սկիզբ են առնում, ընտրակեղծիքների արդյունքում ձևավորվող իշխանությամբ, երբ մի խումբ մարդիկ կամայականորեն ժողովրդին զրկում են կամարտահայտությունից և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից:

Սփյուռքը, ցավոք, անցյալում Հայաստանի պետականակերտման և ժողովրդավարացման հարցում թերագնահատելով իր դերակատարության նշանակությունը կամա, թե՝ ակամա հեռու է մնացել նշված գործընթացներում իրեն հասցեագրված պատասխանատվությունից և պարտականությունից: Սակայն, նկատի առնելով Հայաստանի Հանրապետությանը և բնականաբար ողջ հայությանը սպառնացող արտաքին սպառնալիքներն ու ներքին մարտահրավերները, ապրիլին կայանալիք ընտրությունների նկատմամբ սփյուռքի անտարբերությունը ողջ հայության համար կարող է լինել ճակատագրական:

Ապրիլյան չորսօրյա պատերազմի և հուլիսյան դեպքերի առիթով հրապարակած նախկին հայտարարություններում արդեն ընդգծել էինք գալիք ընտրությունների կարևոր նշանակության և այդ ընտրություններում Սփյուռքի դրական դերակատարության անհրաժեշտության մասին մասնավորաբար շեշտելով, որ «Սփյուռքի մեծամասնությունը չունենալով անձնական կամ խմբակային նեղ շահեր՝ ընձեռած տեղական եւ միջազգային օրենքների սահմաններում կարող է ընտրակեղծիքների դեմ պայքարում լուրջ ներդրում ունենալ և այսպիսով օժանդակած լինել երկրի ժողովրդավարությանը և զարգացմանը»:

Հաշվի առնելով, որ ժողովրդի կամարտահայտությունը խոչընդոտող ընտրախախտումները տեղի չեն ունենում միմիայն ընտրությունների կայացման օրը, ուստի, անհրաժեշտ են ողջ ընտրական գործընթացում վերահսկողության մեխանիզմների կայացումը, սկսյալ կրթադաստիարակչական դասընթացներից միչև դիտորդական առաքելություն: Ավելին, դա կախված է նաև հասարակության բոլոր խավերի զգոնությունից, սեփական իրավունքները պաշտպանելու նրանց գիտակցությունից ու պատրաստակամությունից:

Հետևաբար, հարկավոր է հենվելով թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ միջազգային օրենքի դրույթներով մշակված ծրագրին` մասնակցել և գործնական քայլերով աջակցել մեր երկրում արդար ընտրությունների արդյունքում օրինական իշխանության ձևավորման գործընթացին:

Ուրախալի է, որ այս հարցի շուրջ Սփյուռքից հնչում են գործակցության առաջարկություններ եւ կոչեր:
Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում և իր զորակցությունն է հայտարարում «Արդարադատություն Հայաստանին» (Justice Within Armenia) ստորագրահավաքի նախաձեռնությանը և հորդորում ողջախոհ մտավորականությանը և մեր ողջ հայրենակիցներին` միանալ այս ստորագրահավաքի արշավին:

Բախտորոշ այս օրերին Եվրոպայի Հայերի Համագումարը մի անգամ ևս հայտարարում է, որ սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը կարող է ունենալ անդառնալի բացասական հետևանքներ, ուստի` հատկապես ներկա պահին Սփյուռքի պատասխանատվությունը և հայրենիքի ինքնիշխանության, անվտանգության, հողային ամբողջականության և հայրենի ժողովրդի նկատմամբ անվերապահ համերաշխությունը մնում է մեր միակ ընտրությունը:

Եվրոպայի Հայերի Համագումարը ժողովրդավարական հիմքերով գործող համաեվրոպական հայկական հասարակական անկախ և ինքնուրույն կազմակերպություն լինելով` չունի ու չի հետապնդում անհատական կամ խմբակային շահ: Մեր շահը մեր ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն ու երջանկությունն է:

Ընտրություններին մնացել է շուրջ վեց ամիս, օգտվենք ժամանակից իրականացնելու «ո’չ, կեղծ ընտրություններին» ծրագիրը:

Ընտրությունների ազատ և արդար լինելու կապակցությամբ, պատրաստ ենք լսելու և քննարկելու բոլոր գործնական և խելամիտ առաջարկները:

Միասնաբար անպայման կարող ենք հասնել մեր նպատակներին:

 

Այս կոչով դիմում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր պատրաստ են աջակցելու և մասնակից դառնալու «ո’չ, կեղծ ընտրություններին» նախաձեռնությանը, մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հասցեներով`

 

Եվրոպայի Հայերի Համագումար,

նախագահ՝

Կարո Հակոբյան

e-mail: garo.hakopian@comhem.se,  հեռ: +46 (0) 707 25 85 93

 

Գերմանիայի մասնաճյուղի պատասխանատու՝

Դր. Րաֆֆի Բեդիկյան

e-mail: bedikian2001@yahoo.de, ​     հեռ: +49 (0) 1714579813

 

16 հոկտեմբերի 2016 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert