«Յուրաքանչյուրիս կյանքը Սիրիայում մի փամփուշտի գին ունի»,- դեռեւս 2013 թվականին մեր զրույցում ասաց մահից հրաշքով փրկված ու Սիրիայից դժվարությամբ Երեւան տեղափոխված լուսանկարիչ Վահե Շահինյանը:

Մեր զրույցի ընթացքում լուսանկարիչը մի քանի անգամ երեխայի պես լաց եղավ: Պատմում էր, որ Սիրիայում մարդիկ պատկերացում ունեն միայն իրենցից 1,5 կմ շառավղով կատարվող իրադարձությունների մասին. մնացյալն անհայտ է: Որ փողոց դուրս գալիս բոլորն ունեն նույն մտայնությունը՝ տուն կվերադառնա՞ն, թե՞ կզոհվեն ռումբի պայթյունից:

«Հայաստանն օգնում է սիրիահայերին, բայց Հայաստանն էլ հարուստ երկիր չէ: Այստեղ գալը, բնակվելը, ապրելը մեծ ծախս է: Ասացեք ինձ. եթե հայաստանցին ինքը գաղթում է՝ օրվա հաց ճարելու, ինչի՞ մասին է խոսքը: Հայաստանը մեզ համար հայրենիք է, սակայն որպես ապրելու երկիր` նոր է, օտար, այստեղ լրիվ այլ քաղաքակրթություն է: Եթե մեծահարուստ մեկը գա, կկարողանա ապրել:

Սակայն միջին կամ աղքատ խավը` դժվար: Օրինակ` ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Եթե Սիրիայում վիճակը լավանա, կարողանամ վաճառել ունեցվածքս, որ ձեռքիս գումար լինի, նախ` կփորձեմ բնակվել Հայաստանում: Դատարկ ձեռքով հնարավոր չէ ոչ մի երկրում ապրել»,-ասում էր լուսանկարիչը:

Բայց Սիրիան, անգամ այս վիճակում, ձգողականության անհասկանալի ուժ ունի սիրիահայերի համար: Վահե Շահինյանը վերադարձել էր Դամասկոս, որտեղից էլ 2015-ին եկավ նրա մահվան գույժը. մահացել էր սրտի տագնապից:

2013 թվականին եւս Հալեպը դարձյալ շրջափակման մեջ էր: Անգամ հեռախոսային կապ չկար, որպեսզի Դամասկոսից մարդիկ կարողանային ճշտել՝ Հալեպում բնակվող իրենց ազգականները ո՞ղջ են, թե՞ ոչ: Այդ ընթացքում, ի դեպ, Հալեպում, ըստ մեր աղբյուրի, վերավաճառողների համար մեծ հնարավորություններ են բացվում ջուրը, սննդամթերքը կամ անհրաժեշտ այլ պարագաներ վաճառել աստղաբաշխական գներով:

Այսինքն՝ Հալեպի ծայրահեղ վիճակը նաեւ ճարպիկ առեւտրականների, վերավաճառողների համար հարստանալու, էժան անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն է:

Հալեպում իրավիճակը այս էլ քանի տարի է՝ չափազանց ծանր է. որպես կանոն՝ քաղաքը շրջափակման մեջ է: Սակայն ժամանակ առ ժամանակ ազատագրվում է Հալեպն աշխարհի հետ կապող «մատակարար» հիմնական ճանապարհը: Այդպես, 2015-ի նոյեմբերի 4-ին Սիրիայից լուր եկավ՝ բացվել է «կյանքի» ճանապարհը, Հալեպի պաշարումը վերացել է:

Այսինքն՝ Հալեպում գտնվող մեր հայրենակիցները, որոնց գլխին ամեն օր կախված է ռմբակոծման վտանգը, հնարավորություն ունենում են հեռանալ կյանքի համար վտանգավոր այդ քաղաքից: Վահե Շահինյանն ասում էր, որ, անկախ հարաբերական ու կարճաժամկետ անդորրից, Սիրիան, Մերձավոր Արեւելքն՝ առհասարակ, դադարում են հայերի, քրիստոնյաների համար լինել բնակության համար ապահով վայրեր:

Անգամ այս պայմաններում Հալեպում շարունակում են բնակվել տարբեր գնահատականներով 8-10 000 հայեր, եւ զարմանալի է՝ ինչու՞ համեմատաբար խաղաղ իրավիճակում նրանք չեն հեռանում քաղաքից ավելի ապահով վայրեր: Հայաստան շատերը չեն ցանկանում գալ՝ անտեսելով իրենց ու զավակների ապահովության խնդիրը, քանի որ, պայմանական ասած, «լոլիկը սուղ է»:

Վահե Շահինյանից փորձում էի հասկանալ նաեւ այս ֆենոմենը. փաստորեն, մեր հայրենակիցները չեն լքում Սիրիան՝ այն համարելով իրենց հայրենիքը, վստահ լինելով, որ կգա ժամանակ, երբ Սիրիայում իրավիճակը կխաղաղվի. «Եթե տեսականորեն այսօր իսկ խաղաղություն հաստատվի Սիրիայում, միեւնույն է, երկրի տնտեսության վերականգնման համար առնվազն 10-12 տարի կպահանջվի: Իսկ լա՞վ կապրեն հայերը Սիրիայում՝ իսլամական գրոհայինների հարեւանությամբ: 1915-ին էլ հայերը Թուրքիայում լավ էին ապրում, բայց գիտենք, չէ՞, թե ինչ եղավ»:

Հայաստանի իշխանություններին կարող ենք մեղադրել սփյուռքի հանդեպ ոչ գրագետ ու անպատիվ քաղաքականություն վարելու մեջ, ՀՅԴ-ին կարող ենք մեղադրել կեղծավորության ու այլոց կյանքի հաշվին հայրենասեր երեւալու ցանկության համար, կարող ենք մեղադրել Հայ առաքելական եկեղեցուն, որ մի երկու եկեղեցի պակաս կառուցելու դեպքում կարող էր սիրիահայերի համար կացարաններ կառուցել ու Հայաստանում «հարստացնել» իրենց հոտը:

Կարող ենք Անթիլիասին մեղադրել, որ սիրիահայ համայնքը, այլ կերպ ասած՝ եկամտի աղբյուրը չկորցնելու համար սիրիահայերին կոչ էր անում չհեռանալ Սիրիայից, սակայն կարո՞ղ ենք հասկանալ այն ծնողներին, որոնք իրենց զավակների կյանքը վտանգի ենթարկած՝ այսքան տարի մնացել են Հալեպում: Այո, հիմա դուրս գալու ճանապարհ չկա, բայց այդ ճանապարհը եղել է: Հայաստան գալ նրանցից շատերն, իրոք, չեն ցանկանում: Սակայն նժարին դնելով Հայաստանում իրենց հայրենակիցների հետ ոչ այնքան ապահով կյանքը կիսելու եւ ամեն օր մահվան հետ առերեսվելու հավանականությունը՝ գերադասել երկրորդը, անհասկանալի է:

Արաբագետ Արաքս Փաշայանը մեր հարցին, թե որքանով է արդարացված Հալեպում այսքան ժամանակ մնացած հայերի դիրքորոշումը՝ չհեռանալ քաղաքից, պատասխանեց. «Իմ կարծիքով, հալեպահայերը պետք է հեռանան Հալեպից: Որքան էլ հիմնավոր լինեն նրանց պատկերացումները, որեւէ բան չի կարող արդարացնել մարդկային զոհերը: Հալեպում մնալը տեղի հայերի ցանկությունն է, քանի որ հեռանալու բազմաթիվ հնարավորություններ են եղել:

Հալեպահայերը Սիրիան համարում են իրենց հայրենիքը, հետեւաբար պատրաստ են հաղթահարել սարսափելի պատերազմի հետեւանքները: Նրանք այսօր փաստացի կենաց-մահու կռիվ են տալիս միջազգային ահաբեկչության դեմ: Թե որքանով է հիմնավոր նրանց պայքարը, իրենք գուցե ավելի լավ կբացատրեն: Սակայն ոչ մեկը չի կարող ասել, թե պատերազմը որքան կշարունակվի, ինչ նոր ձեւաչափեր կունենա: Ո՞վ կարող է երաշխավորել, թե Հալեպը որ պետության տարածքում եւ ինչ ուժերի հսկողության տակ կհայտնվի: Եթե պատերազմն այսօր վերջանա, գուցե հասկանալի լինի նրանց վարքագիծը: Բայց արդյոք նման անհեռանկարային վիճակում իրենք իրավունք ունե՞ն վտանգել փոքրիկների կյանքը»:

Երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ա1+»-ին տված իր հարցազրույցում http://www.hrantmargaryan.net/?p=1798 նկատում է, թե «Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում եւ կիսի ճակատագիրը Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին», հիշում եմ Վահե Շահինյանի խոսքը. «Նրանք, որոնք այդպես են խոսում, Սիրիայում չեն: Սա ապուշ խոսակցություն է: Թող նախ` իրենք գան ու մնան, հետո` ժողովրդին ասեն` մնացեք: Այդ ազգային ջոջերից մեկն անգամ չի մնացել. բոլորը Եվրոպա, Ամերիկա են փախել: Երբ ամեն օր քեզ մահ է սպասում, կմնա՞ս այդ երկրում: Չէ, չես մնա»:

Լիլիթ Ավագյան

http://armtimes.com/hy/article/94631


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert