Արցախի երիտասարդական և հասարակական կազմակերպությունները իրենց բողոքի ձայն են արտահայտում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին վերջերս արտահայտված անընդունելի ձևակերպումների դեմ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, նրանք հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները խորապես անհանգստացած են վերջերս ՀՀ Նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին տված հարցազրույցում արտահայտած այն մտքից, որ «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»:

Մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առնչությամբ բազմիցս նշել ենք մեր դիրքորոշումը, շեշտելով, որ մեզ առաջարկվող տարբերակը որակում ենք անարդար և մեր ժողովրդի ազգային-պետական շահերին հակասող։

Համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված ցանկացած փաստաթուղթ առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության չի կարող կենսագործվել, ինչպես դա բխում է ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմից, որը դրված է նաև հիմնախնդրի կարգավորման հիմքում:

1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը, իր կամքն արտահայտելով անկախության մասին հանրաքվեում, հաստատել է անկախ ապրելու իր վճռականությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերի և լուծարվող ԽՍՀՄ-ի օրենքների հիմքի վրա հռչակել է պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

Իրեն պարտադրած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ այն երկրամասից, որը իրեն է պատկանում թե փաստորեն, թե իրավաբանորեն, թե պատմականորեն: Այդ տարածքների կարգավիճակը ամրագրված է 2006 թվականին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»: ԼՂՀ անքակտելի մաս կազմող բոլոր տարածքներն ըստ վարչական ենթակայության բաշխված են «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն:

Մենք ողջունում ենք ԼՂՀ-ում խաղաղության ապահովմանն ուղղված միջնորդական ջանքերը, սակայն մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Արցախի ճակատագրին և շահերին առնչվող ցանկացած համաձայնություն, որ ձեռք կբերվի առանց ԼՂՀ լիարժեք եւ իրավահավասար մասնակցության, չի կարող ընդունվել մեր կողմից»:

Հայտարարության տակ ստորագրել են «Հայկի Սերունդ», ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան», «Առաջ Արցախ», «Արցախակերտում», «Միացյալ Հայաստան», «Հանուն Արցախի», «Մտքի ուժը», «Հանուն հայրենիքի», «Իրազեկ սերունդ», «Արա Գեղեցիկ» և «Ազգային Արցախ» երիտասարդական և հասարակական կազմակերպությունները:

http://artsakhpress.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert