Ալա Խառատյան՝ գրականագետ, ԵՊԼՀ ավագ դասախոս, մատենադարանի ավագ գիտաշխատող:

7 ՀԱՐՑ. ԱԼԱ ԽԱՌԱՏՅԱՆ, champord.am

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Սեփական լավին գնահատելու կարողությունը, ուրիշի ինտիմ տարածքը հարգելու մշակույթն ու դրանից դիստանցիա պահելու կարողությունը:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Երևանում այնքան բան կա անելու և բարեփոխելու, որ դժվար է ասել, թե որից պետք է սկսել… Ով էլ լինի այդ քաղաքապետը, կուզենայի՝ այնքան խելամիտ լիներ, որ քաղաքն անբարեկարգ դարձնող «Ավելի բարեկարգ Երևան պաստառներ»-ում  ենթատեքստված ավելի անբարեկարգ Երևան գաղափարախոսությունից հրաժարվեր և որդեգրեր «Պատմական Երևան» գաղափարախոսությունը և հետևողականորեն վերականգներ պատմության գոնե չնչին մնացուկները, այլապես իր ջնջվող պատմությամբ այն արդեն հիշեցնում է Արևմտյան Հայաստանի` օտարների ջանքով ջնջված պատմությունը: Առանց հիացմունքի անհնար է նայել մի քանի քաղաքակրթությունների միջով անցած ու այդ քաղաքակրթությունների հետքերը պահպանած այլ երկրների քաղաքներին, որտեղ հնության մասին վկայող ճարտարապետությունը ամոթահար չի թողնում ղեկավարությանը, որ ամոթը ջնջելու համար ստեղծեին այն, ինչ այսօր մեր քաղաքի ճարտարապետությունն է հիշեցնում՝ պարանին փռված շենքերի անհամաչափ, խայտաբղետ կամ տեղ-տեղ ձանձրալիորեն միատարր, կեղտոտ լվացք: Այլապես ցեղասպանությունից փրկված Վարուժան Ոսկանյանի վեպի ալյուզիաների նման մեր պատմության մասին կվկայեն միայն լուսանկարները:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Ես կարծում եմ, եթե մարդը չի ծնվում մի երկրում, որն իր պապերի հայրենիքն է եղել, զգայական մակարդակում այն հայրենիք չի դառնում, ու մնում է վերացական կամ միայն գիտակցական մակարդակում: Հայրենիքը զգացմունքորեն տեղայնացվում է նրա հետ արարքով կապվելով: Իսկ մենք պատրա՞ստ ենք կամ կարո՞ղ ենք, կամ ուզո՞ւմ ենք հայրենադարձներին այս հողի հետ արարքով ազատ կապվելու հնարավորություն տալ: Եթե՝ այո՛, ապա ապահովություն պետք է լինի, որ կյանքը ծանր բեռի պես չեն կրելու, ինչպես ամեն մի սովորական հայաստանցի, այլ ապրելու են կյանքը՝ հետաքրքություն տեսնելով այս երկրում, որն էլ կապրեցնի հայրենիքը: Ժողովրդավարություն ունենանք. այսօր մեր մեծագույն ամոթներից մեկը ավտորիտար երկրների շարքում  «ի վերջո» տեղ գտնելն է, սա վախեցնում է մեզ, վախեցնում է նաև սփյուռքում ապրողին: Պետք կարողանանք կանխել ավտորիտարների շարքում լայն քայլերով առաջ գնալու հնարավորությունը: Եվ իհարկե լավ ու որակյալ կրթության ու չլճացնող աշխատանքի հնարավորություն տանք:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Թող ինձ ների Մեսրոպ Մաշտոցը, բայց պիտի նշեմ Վռամշապուհ արքային՝ եզակի հեռատեսություն: Գուցե մի քիչ խիստ է հնչում, բայց պատմության մեջ

այլևս պետական մակարդակով չերկրորդվեց մշակույթով ինքնահաստատվելու, ինքնապահպանվելու իմպերատիվը: Քաղաքականության մեջ կընտրեի ինքնուրույն պետականության գիտակցությունը և դա մոդելավորող Պապ թագավորին:  Ես գոհանում եմ ազգի՝ որակ փոխող ծնունդ տալու կարողությամբ, որ «21-րդ դար դատարկ գրպաններով չմտանք» ու մեզ հետ բերեցինք գրականությունը խեղճությունից փրկելու և առնականության պահանջը ծրագրավորող զույգին՝ Վարուժանին ու Չարենցին:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Ծանր ու չմարսվող բան կա ինձ համար մեր պատմության մեջ. մեր մենթալիտետի մեջ ամրագրված ու ցավալիորեն՝ իրեն համարժեք պատմություն ստեղծող կոդերը: Դուք ինձ կհասկանաք, որ ես Ձեր հարցին գրականությամբ պատասխանեմ. «Արքաներ անժողովուրդ և գահազուրկ, Որոնց փառքը՝ մեր հին մատյաններում երգած՝  Եղել է եղկություն ու քծնություն քսու»,- սա կխմբագրեի: Օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով՝ այդ ամենը մեր սերվերներում նստած է վիրուսի պես. կենցաղում  հետք է դրել, գիտության ու կրթության մեջ է, առօրյայում գործում է, հասարակական հարաբերություններում հիմնական որոշիչն է, մեր արտաքին ու ներքին քաղաքականության ուղղորդիչն է: Այո՛, դա կխմբագրեի, ու պատմության մեջ շատ բան կխմբագրվեր:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Վաղուց ոչնչից չեմ զարմանում՝ ո՛չ մարդկային ստորությունից, ո՛չ չարությունից, ո՛չ մարդկային անձնազոհության կարողությունից, ո՛չ չպատճառաբանված բարությունից:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Ուզում եմ, ուրեմն՝ կարող եմ և հետևաբար՝ պետք է  հասնեմ դրան:

————————

Լուսանկարը՝ Ալա Խարատյանի ՖԲ-յան էջից

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert