ԲԱՑ ԹՈՂԵՔ ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ.

Դիմում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Պարոն Նախագահ.
1948 թվին մեր ընտանիքը վարձով բնակվում էր Կաթի գործարանի մոտ:Մեզնից ոչ հեռու կար ՀԱՑի խանութ:
Ամեն օր մորս հետ գնում էինք եւ շատ երկար ժամանակ կանգնում նախնական հերթի,մինչեւ ավտոմեքենան հաց կբերեր:Ու սկսվում էր հրմշտոցը,մինչեւ միլիցիոները կմիջամտեր:Հացը համարյա թե ուտել չէր լինում, խառն էր ցորենի ու գարու կճեպներով,որոնք եւ ծակծկում էին ուտողի լեզուն: Բայց այդ ծակծկող ՀԱՑին սպասում էինք անհամբեր եւ ՀԱՑը մեզ համար Սրբություն էր: Մինչ այսօր հիշում եմ այն ժամանակների հայտնի արտահայտությունը՝ «ՀԱՑ լիներ, ուտեի,փշոտ,մշոտ չասեի»…Գուցե եւ դա էր պատճառը , որ իմ ժամանակվա շատ երեխաներ ու մեծեր, հետագայում փողոցներում, գետինը ՀԱՑի կտոր տեսնելիս բարձրացնում էինք,համբուրում եւ դնում որեւէ բարձր,ապահով տեղ,որ ՉՆԿՆԻ…

Մեկ տարի անց Պետությունը երեսուն հազար վարկի դիմաց մեզ հանձնեց սեփական տուն,պայմանով,որ վարկը մարենք..30 տարում՝ ՆՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԸ առանց տոկոսների, (առանց տոկոսների….չխորանա՞մ. Քանի՞ հազար մարդ բանկի վարկի դիմաց կորցրեց իր բնակարանն ու արտագաղթեց…Ո՞վ արեց,ՈՎ,ով,ով)……

…Մեր նոր տան բակը հարակից էր հողոտ ու քարքարոտ փողոցին,որի վերջում գործում էր ՀԱՑ-ի խանութը: Հայրենական Մեծ Պատերազմի ավարտից անցել էր հինգ տարի,վիճակը ավելի լավ էր,բայց փողոցները կարգավորելու համար պետությունը փող չուներ եւ յուրաքանչյուր անձրեւից ու ձյունից հետո մեր փողոցը խրվում էր ցեխի մեջ:Եւ այդ ցեխոտ ճանապարհով ձմեռային մի օր,դեպի ՀԱՑ-ի խանութն էր ընդանում ՀԱՑ-ով բեռնված «Գազ»ավտոմեքենան,որը հենց մեր տան դիմաց խրվեց ցեխի մեջ: Վարորդի բոլոր ջանքերը՝ հանելու համար մեքենան ցեխից,ավելի բարդացրեց վիճակն ու այն, համարյա կիսով չափ թեքվեց դեպ մեր պատուհանները, արդյունքում շատ ՀԱՑ թափվեց գետին,ցեխի մեջ:Մայրս ու մեծ եղբայրս, ես, վարորդի եւ նրա օգնականի հետ սկսեցինք հավաքել ձյունախառը ցեխի մեջից ՀԱՑերը,տարանք մեր տուն ու չորացրինք վառարանի վրա:Հետո դանակներով սկսեցինք քերել, մաքրել ցեխոտ տեղերը:Տրակտոր եկավ,ցեխի մեջ խրված մեքենան հանեց:Ի շնորհակալություն,վարորդը մեզ թողեց ԵՐԿՈՒ ՀԱՑ…

…1992թվին Թամանցիների փողոցում տեղակայված ՀԱՑ-ի խանութում Գործկոմի լիազոր ներկայացուցիչն էի(որպես պատգամավոր):Արցախում պատերազմ էր, Հայաստանում լարված վիճակ(չխորանամ,շատ լավ գիտեք)ու կար ՀԱՑի պակաս (վստահ եմ գիտեք՝ Հայաստանի Նախագահը Հայաստան ցորեն մտցնեու համար դիմել էր եւ Թուրքիային եւ թե Ադրբեջան՝ Էլչիբեյին… ՉՄԵՐԺԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԹՇՆԱՄՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼ,ՀԱՑի խնդիր էր…Էլչիբեյն էլ ասել«ինչպես կարող եմ ՀԱՑ-ից զրկել»՝ հարցրեք ԼՏՊ-ի խորհրդական Ժ. Լպարիտյանին):Եւ հերթական օրերից մի օր ՀԱՑ-ը շատ ուշացավ,անոթի , սպասումով լի ժողովուրդ: Գնացի Առաջին մասի ՀԱՑ-ի փուռը,որտեղ ՀԱՑը բաժանելու աշխատանքներն էր ԱՆՁԱՄԲ կարգավորում Շենգավիթի Գործկոմի նախագահ Յուրա Հարությունյանը, ընդ որում մեկին համոզելով, մյուսին հայհոյելով,երրորդին էլ ծեծելով(խարոշիներ եկան,որ ՀԱՑ տանեն):Եթե կարճ,ինձ տվեցին մեր բաժին հացով բեռնված մեքենան, ու սլացանք դեպ խանութի առջեւ հոծ բազմությունը: Մեքենայից հաշված րոպեների ընթացքում հացը մարդկանց գլխավերեւներով տեղափոխվեց խանութ ու կարճ ժամանակ անց այն վաճառվեց:Ինձ հերթ չհասավ(ես միշտ հերթ եմ կանգնել՝ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ)… Գլխիկոր դուրս էի գալիս խանութից,երբ խանութի վարիչը ետեւիցս ձայն տվեց՝ «պարոն Ասլանյան, Ձեր ՀԱՑը պահել ենք»…

Պարոն Նախագահ.
Արցախյան պատերազմի տարիների Թուրքիան ու Ադրբեջանը ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ են ,որ Հայաստան ցորեն՝ ՀԱՑ մտնի ,Ձեր ղեկավարության տակ գործող մարմինները ձերբակալում են ՀԱՅԻՆ, ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ:Այո, չեմ թաքցնում՝ Ես «Սասնա ծռեր»ի երկրպագուն եմ,այդ օրերին ժողովրդի դեմ կատարված բռնություններն էլ համարում եմ հանցագործություն:Այս բոլորը մի կողմ՝ ԲԱՑ ԹՈՂԵՔ ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ:Նրա բերածը ՀԱՑ ԷՐ:Նրա «հանցանքը»կապված էր ՀԱՑ-ի հետ՝ Հաց,հաց,ՀԱՑ…………..

Հ.Գ.
Ես քաջ հասկանում եմ գրածիս նշանակությունը եւ չեմ զղջում:Գիտեմ մի բան,հիմա արդեն հանգիստ եմ:Սա էլ ասեմ՝ Ոչ մի կուսակցության ,կամ խմբավորման մեջ չկամ,չեմ հարում:Եւ ոչ էլ միտում ունեմ օրիգինալ երեւալու…

Նուբար Ասլանյան .
ԽՍՀՄ, Հայաստանի եւ Իսրայելի Կոմպոզիտորների միության անդամ:
Երեւան-Հայֆա,Հայաստան-Իսրայել:
04.03.17.

Նուբար Ասլանյանին ՖԲ-յան էջից

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert