Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թվով 9 քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այս կամ այն կերպ անդրադարձել են երկրի տնտեսական ոլորտի զարգացմանը, ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման իրենց տեսլականը: Ուժերից ոմանք առանձին բաժիններով մանրակրկիտ անդրադարձել են այս ոլորտին, ոմանց անդրադարձն էլ առանց հստակ բաժանման ու դասակարգման է, ինչից ելնելով ներկայացնում ենք այն կետերը, որոնք ինչ-որ ձևով առնչվում են ոլորտին: Ընդհանուր առմամբ քաղաքական ուժերը տարաբնույթ արտոնություններ, հարկերի նվազեցում ու հարկային  քաղաքականության մեղմացում են նախատեսում հատկապես փոքր ու միջին ձեռներեցների, գյուղացիական տնտեսությունների ու կոոպերատիվների համար:


«Ելք դաշինքը» կարևորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, նախատեսել է, որ.

-տարեկան մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն շրջանառության հարկով, ընդ որում կսահմանվի եռաստիճան համակարգ՝ մինչեւ 150 միլիոն դրամ շրջանառություն, մինչեւ 300 միլիոն դրամ շրջանառություն, մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն, եւ նշված սանդղակում առավել մեծ շրջանառություն ունեցող ընկերությունների համար կսահմանվի շրջանառության նվազ դրույքաչափ: Ընկերությունները հնարավորություն կունենան ընտրել Շրջան առության հարկով կամ ԱԱՀ-ով հարկման դաշտում աշխատելու միջեւ:

-կներդրվի ՓՄՁ շահերի պաշտպանության` Բիզնես օմբուդսմենի ինստիտուտ՝ լայն լիազորություններով, որը կընդունի ՓՄՁ-ներից ստացվող բողոքները պետական մարմինների հարուցած խոչընդոտների, մրցակցության խաթարման, կոռուպցիոն երևույթների վերաբերյալ և կպաշտպանի ՓՄՁ շահերը:

-մինչև 20 քմ ՓՄՁ կրպակների համար կսահմանվի հաստատագրված վճար:

-մաքսազերծման հսկիչ գները կվերացվեն և մաքսազերծման հիմքում կդրվեն հաշիվ ապրանքագրերը և տվյալ ապրան քի գների մասին համացանցում առկա տեղեկատվությունը:

-կդադարեցվի ավելացված արժեքի հարկը սահմանին գանձելու պրակտիկան, և ԱԱՀ-ն կգանձվի ապրանքի իրացումից հետո: Կսահմանի եկամտահարկի միասնական՝ 20 տոկոս դրույքաչափ: Կվերացվեն արհեստական մենաշնորհները:

-Երևանը բեռնաթափելու և տարածքային համաչափ զարգացում ապահովելու նպատակով կսահմանի գոտիական հարկերի այնպիսի համակարգ, որ բիզնեսի համար գրավիչ կլինի գործունեություն ծավալել մարզերում:

Ոլորտի զարգացման համար դաշինքը կարևորում է հարկային օրենսդրության պարզեցումը,  հարկային գործակալների հետ անմիջական շփման բացառման նպատակով խստացված մեխանիզմների ներդրումը, գործառույթների ավտոմատացումը:

Հայաստանը բարձր տեխնոլոգիականարդյունաբերական երկիր դարձնելու տեսլականի ներքո դաշինքը նախատեսում է 150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին շահութահարկից ազատում, արտադրական հոսքագծերի և օժանդակ սարքավորումների ներմուծման դեպքում երկու տարի ժամկետով ԱԱՀից և մաքսատուրքից ազատում: Շահութահարկից և մաքսատուրքից ազատում է նախատեսված այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունների համար, իսկ գերակա ճյուղերում՝ որպես արտադրական տարածք օգտագործվող շինությունները 5 տարի ժամկետով կազատվեն գույքահարկից:

 


«Ազատ դեմոկրատներն» իրենց նախընտրական ծրագիրն անվանել են «Մրցունակ Հայաստան»: Ծրագրում բավականին լայն անդրադարձ կա երկրի տնտեսության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

Գործարարության խրախուսման, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար կուսակցությունը կարևորում է հետևյալ կետերի իրականացումը.

շխանության և սեփականության տարանջատում։ Պետք է իրականացվեն որոշակի և հստակ քայլեր որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը պետք է ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։

նովացիոն կենտրոնների, տեխնոպարկերի և լաբորատորիաների հիմնում:

արտադրության ոլորտում տնտեսական նորմատիվների սահմանում և վերահսկում:

ոքր եւ միջին բիզնեսի պաշտպանություն առևտրի ոլորտում: Պետությունը պետք է խստորեն կանոնակարգի հիպերմարկետների և որոշ սուպերմարկետների գործունեությունը։

ոշոր քաղաքներում պարբերաբար պետք է անցկացվեն պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ` հարկումների կամ պարտադիր վճարոււմների ցածր մակարդակով։ Դա անհրաժեշտ է փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար։

ործարարության տուրքերի վերացում, գործունեության թույլտվությունների կրճատում։ «Քայլ առ քայլ սահմանափակվել են տնտեսական ազատությունները երկրում։ Այսպես, մտցված են անհասկանալի բարձր տուրքեր կոնյակի, ցորենի օղու, հանքային ջրերի, մետաղների , քարերի  արտադրությունների և մշակման կազմակերպման գործում։ Նշված քաղաքականությունը թույլ է տալիս արգելափակել այլ ձեռներեցների մուտքը բիզնես։ Անհրաժեշտ է անմիջապես չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարրալուծել ժամանակի մեջ։ Պետք է առնվազն 3 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը` շուրջ հարյուրից հասցնելով մի քանի տասնյակի»,- նշված է ծրագրում։

Կուսակցությունը նախատեսել է փոփոխություններ նաև հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում ։

 

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է «30 քայլեր, որոնք կփոխեն Հայաստանը»: Քայլերը կան, դրան հասնելու ճանապարհների մասին՝ ոչ մի խոսք:

Ծրագրով նախատեսվում է.

– 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում՝ արդիականացում կամ վերագործարկում: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության հետևողական զարգացում, այս ոլորտում հարկային և մաքսային արտոնությունների քաղաքակիրթ մեխանիզմների սահմանում, պետական սահմանի արդիականացում` նաև հայրենական արտադրության սարքավորումներով:

-Փոքր և միջին ձեռներեցության հետևողական զարգացում, ցածր տոկոսադրույքներով արտադրական և գյուղատնտեսական վարկերի տրամադրում,  սահմանամերձ տարածաշրջաններում ու աղետի գոտում փոքր ու միջին ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանում և տրամադրում, մինչև 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատում:

-հարկային և մաքսային վարչարարության   պարզեցում:

-ընդերքի և բնական ռեսուրսների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում, օֆշորում գրանցված ընկերություններին՝ հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերի մասնակցության սահմանափակում, ընդերքի շահագործողների համար 1 տ հանքանյութի համար սահմանված 600 դրամ պետական վճարի չափերի բարձրացում` պետական բյուջեի համալրման նպատակով:

-էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա: Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում: Նոր ատոմային էներգաբլոկի, աղբավերամշակման գործարանների կառուցում: Թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում:

Կուսակցությունը առանձին անդրադարձել է նաև երկրի երկու խոշոր քիմիական գործարաններին՝ «Նաիրիտին» և «Վանաձոր-Քիմպրոմին», ծրագրելով  ընթացիկ սնանկացման գործընթացի կասեցում, վերագործարկման ռազմավարական ծրագրի մշակում և միջազգային ներդրումային մրցույթի հայտարարում:

 

 

«Ծառուկյան» դաշինքի 15 կետից կազմված նախընտրական ծրագրում տնտեսության ոլորտին վերաբերում են մի քանիսը: Երեք կետով դաշինքը նախատեսում է հարկերից ազատում ու հարկային համաներում.

-առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:

-առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
-հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:

Դաշինքի ծրագրով նախատեսված գյուղատնտեսական վարկերի դրույքաչափը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը: Մաքսային ոլորտում էլ ըստ ծրագրի կվերացվի, այսպես կոչված, « հսկիչների » կիրառումը, հանքարդյունաբերության ոլորտում կվերանայվեն բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:

 

 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրով «ազնիվ եւ արդյունավետ կառավարում եւ տնտեսական զարգացման խթանում» իրականացնելու համար նախատեսված է.

-կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:

-ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։

Դաշինքը նախատեսում է  պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի,  ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից, վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից, իսկ ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար,  հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։

 

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Բիզնեսի համար անկանխատեսելի ռիսկեր պարունակող գործարար միջավայրից կայուն ու կանխատեսելի միջավայրի անցում ապահովելու համար   նախատեսել է

-նոր գործարար նախաձեռնություններին պետական աջակցության մեխանիզմների լրացում նոր` արդյունավետ գործիքներով,

-ՓՄՁ-ների նախաձեռնությունները կենսունակ բիզնես ծրագրեր դարձնելու գործընթացի` արդյունավետ պետական աջակցության մեխանիզմների ստեղծում,

-խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և դրանց առանձնահատուկ խնդիրների կարգավորում:

Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու համար կարևորելով  օտարերկրյա ներդրումների ավելացման անհրաժեշտությունը, կուսակցությունն անհրաժեշտ է համարել.

-ներդրումների պաշտպանության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացումը,

-ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորումը,

-Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիության բարձրացումը:

«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, արտահանման աճը պետք է հանդիսանա տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը»,- ասված է կուսակցության ծրագրում, անհրաժեշտ համարելով ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման 40-45 տոկոս տեսակարար կշռի ապահովումը:

 

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր նախընտրական ծրագիրը անվանել է «365 օր»: Ճգնաժամային իրավիճակում գտնվող տնտեսության համար դաշինքը արմատական բարեփոխումներ է մշակել, որով առաջարկում է.

-վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը,

-ձեւավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը,

-բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա եւ տեղական ներդրումների համար,

-փոքր՝ մինչեւ 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով,

-աջակցության մեխանիզմներ մշակել նոր հիմնվող փոքր բիզեսի համար,

-ընդունել հարկային նոր օրենսգիրք՝ ապահովելով տնտեսական նոր որակի հարաբերությունների առաջացումը,

-իրականացնել տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականություն,

-արմատապես բարելավել մաքսակետերի աշխատանքը, այն դարձնելով  տնտեսության զարգացման, առողջացման հենասյուներից մեկը,

-հատուկ ուշադրություն դարձնել արդյունաբերության տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը, իրականացնել թեթեւ արդյունաբերության զարգացմանն ուղղված արմատական քայլեր՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը. խթանել թեթեւարդյունաբերական արտադրանքի արտահանման աճին,

-խթանել տեղական հումքի վրա հիմնված ռեսուրսախնայողական ու գիտատար արդյունաբերության զարգացումը,

-խրախուսել արտադրատեսակների փակ ցիկլերի ձեւավորումը եւ կլաստերների կազմակերպումը. հանրապետության էներգետիկ անկախությունն ապահովելու նպատակով խրախուսել այլընտրանքային (արևային, քամու եւ գեոթերմալ) էներգետիկայի զարգացումը,

-հարկամաքսային գործիքներով խրախուսել հանքարդյունաբերությունում հանքանյութից օգտակար հանածոների առավել խոր կորզումը եւ դրանից վերջնական արտադրանքի պատրաստումը Հայաստանի տարածքում:

 

 

«Նոր սկիզբ, արդար Հայաստան» նշանաբանով առաջնորդվող «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը կարևորում է երկրում արդար պայմանների ստեղծումը ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Այս տեսլականին հասնելու ճանապարհին կուսակցությունը նախանշել է խնդիրներն ու անհրաժեշտ լուծումները, կարևորելով բանկերի կողմից մատչելի վարկային քաղաքականության կիրառումը:

-առաջնային համարվող, ռազմավարական և սոցիալական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հետ, պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում, կիսել բիզնես ռիսկը և ապահովել մատչելի ֆինանսավորում: Պետությունը պետք է վերանայի տնտեսական հարցերում պասիվ դիտորդի իր կարգավիճակը: Անհրաժեշտ է առավել ակտիվորեն աջակցել այդ ձեռնարկություններին, նրանց հետ ստեղծել համատեղ ընկերություններ, տրամադրել վենչուրային ֆինանսավորում, փոխառություններ և այլ արտոնություններ:

-աջակցել հայրենական արտադրողին: Մեր շատ ձեռնարկություններ չեն դիմանում արտասահմանյան արտադրողների ու ներմուծողների հետ մրցակցությանը՝ վերջիններիս կողմից իրականացվող գնագցման ոչ ազնիվ քաղաքականության պատճառով: Հայ գյուղացին չի կարողանում վաճառել իր արդար քրտինքով աճեցրած բերքը, քանի որ օտար ապրանքով ողողված է մեր երկիրը: Պետությունը պետք է մտածի իր արտադրողի մասին:

– ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա:

-թեթևացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պետք է ուղղված լինեն միայն անբարեխիղճ տնտեսվարողների դեմ և չպետք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկությունների գլխին:

-կրթական պետական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն:

-վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրվող ծառայությունների գները: Այժմ կիրառվող գներն իրատեսական ու մատչելի չեն շատ ձեռնարկատերերի համար, փոխարենը՝ բնական մոնոպոլիաներին գերշահույթ են ապահովում:

 

 

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հնարավոր համարելով ՀՆԱ-ի տարեկան 7-8 տոկոս աճի ապահովումը և տնտեսության իրական և հիմնարար ճյուղը համարվում է արդյունաբերությունը, անհրաժեշտ է համարում «հարկային ճնշման իջեցման արդյունավետ քաղաքականություն, որը կնպաստի տնտեսվարողների կողմից հարկերի թափանցիկ վճարմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի կոռուպցիայի նվազեցմանը»:

Ծրագիրը նախատեսում է.

– խրախուսել բաժնետիրական ընկերությունների ստեղծումը` պետության, տնտեսվարող սուբյեկտների և այլ ներդրողների մասնակցությամբ,

– ռազմավարական նշանակության գործարանների աշխատանքները արդյունավետ դարձնելու համար պետական ակտիվ միջամտություն ցուցաբերել դրանց գործարկման համար (Հայէլեկտրամեքենա, «Նաիրիտ», Վանաձորի «Քիմպրոմ», Արագածի պեռլիտ, Քարակերտի քարաձուլարան, Երևանի ավտոդողերի և այլն):

– հանքարդյունաբերության ոլորտում վարել հումքի վերջնական մշակման և ներքին կոոպերացիայի զարգացման քաղաքականություն: Դադարեցնել հանքարդյունաբերության ինտենսիվ մշակումը և անցնել էքստենսիվ գործառույթի:

Մարզերի համաչափ զարգացում ապահովելու համատեքստում կուսակցությունն առաջարկում է Շիրակը՝ որպես աղետի գոտի, Տավուշը՝ որպես սահմանային, հայտարարել ազատ տնտեսական գոտի և  խթանել այդ մարզերում տնտեսության զարգացումը:

Տաթեւիկ Սարգսյան, 30.03.2017թ.

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert