«Բժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ: Ոչ մի դեպքում չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր: Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր: Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ, որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը: Իսկ եթե անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»:

Ամիրդովլաթ Ամասիացի

Ամիրդովլաթ Ամասիացի բժշկապետի կյանքը համեմատաբար լավ է ուսումնասիրված: Նա հարուստ գրական ժառանգություն է ավանդել սերունդներին, որոնց մեջ անդրադարձել է նաև իր կենսագրությանը:

Ապագա բժշկապետը ծնվել է XV դարի առաջին քառորդում` մոտ 1420 թվականին, Ամասիա քաղաքում:

Իր քերթվածքներում Ամիրդովլաթ բժշկապետը գրում է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն կողմնորոշել են «Մեծ Մխիթարի, բժիշկ Ահարոնի և նրա որդի բժիշկ Ստեփանոսի և նրանց տոհմի, բժիշկ Ճոշլինի, բժիշկ Սարգիսի, բժիշկ Դեղինի, բժիշկ Սիմավոնի, բժիշկ Վահրամի գործերը, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»:

Պատանեկան տարիներից թափառել է երկրե-երկիր, շրջագայել ցամաքով և ծովով, գործել է հիմնականում Բալկաններում, ի վերջո, հաստատվել է Կոստանդնուպոլսում:

«Շատ դժվարություններ ու փորձանքներ եմ քաշել անօրենների ու օտարազգիների, դատավորների, թագավորների ու իշխանների երեսից: Երկար տարիներ պանդուխտ եմ եղել. տեսել եմ ժամանակի չարն ու բարին, փորձանքների եմ հանդիպել, հարստություն և աղքատություն եմ քաշել, թափառել եմ երկրից-երկիր և իմ բժշկությունն եմ արել, շատ դեղ ու ճար եմ փորձել ըստ իմ իմացածի, ծառայել եմ հիվանդներին` մեծամեծերին ու իշխաններին, հազարապետներին ու հարյուրապետներին, քաղաքացիներին ու աղքատներին, ծերերին ու մանուկներին»:

Ամիրդովլաթ Ամասիացին եղել է Օսմանյան ահեղ սուլթան, Կոստանդնուպոլիսը գրաված և Բյուզանդական կայսրությանը վերջ դրած Մահմեդ Երկրորդի անձնական բժիշկը, վիրաբույժն ու ակնաբույժը: Ըստ այդմ` նա ականատես է եղել դարակազմիկ այդ սարսափելի իրադարձության:

Մեծ բժշկապետը 1459 թ. Պոլսում Շադի բեկի որդի Վարդի խնդրանքով գրում է «Ուսումն բժշկության» գործը, որում քննության է առել նաև Հիպոկրատի, Գաղիանոսի, Իբն Սինայի, Առ-Ռազիի աշխատությունները: Այս աշխատության մեջ նա հատուկ ուշադրություն դարձրեց մարդակազմության, սաղմնաբանության և հիգիենայի հարցերին: Այստեղ նա հանգամանալից անդրադառնում է նաև դեղագործությանը, այդ ոլորտում խոր ուսումնասիրություններ ուներ:

Սակայն, չնայած սուլթանի հովանավորչությանը, Ամիրդովլաթ Ամասիացին բազում թշնամիներ ուներ հենց Բարձր դռանը: Նրա հայ և քրիստոնյա լինելը շատ մահմեդական բժիշկների նախանձն էր շարժում, որոնք շարունակ բանսարկությունների միջոցով ցանկանում էին Ամիրդովլաթին հեռացնել ասպարեզից: Եվ բժշկապետի թշնամիներին հաջողվում է հասնել նրա արտաքսմանը սուլթանական պալատից: Շուրջ 10 տարի Ամիրդովլաթն անցկացրեց Բալկաններում` ներկայիս Բուլղարիայի տարածքում:

Տասը տարի անց միայն նա վերադարձավ աքսորից ու դարձյալ ընդունելություն գտավ սուլթանի պալատում` դառնալով նրա անձնական բժիշկը:

Այս տարիներին նա գրեց «Օգուտ բժշկության» երկը, որում նկարագրված են ներքին օրգանների ավելի քան երկու հարյուր հիվանդություններ և դրանց բուժումը, այդ թվում` քաղցկեղը:

«Ախրապատին» գրքում նա գրել է դեղամիջոցների բառարաններ:

«Անգիտաց անպէտը» դեղագործական և բժշկական հանրագիտարան է, որում կան 3500-ից ավելի բուժիչ միջոցների անվանումներ: Սրա առաջին ձեռագիրը գտնվում է Բրիտանական թանգարանում:

Այս գրքում բժշկապետը դեղանունները գրել է հինգ լեզվով` հայերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն: Ի դեպ, այս աշխատությունը հավաքչության արդյունք չէր, այլ բժշկապետի անձնական աշխատանքի և փորձի արգասիքը:

Inline-Bild 2

«Անգիտաց անպէտում» Ամիրդովլաթը մեծ տեղ է տալիս բուսաբուժությանը, նշում է օգտակար բուսատեսակների հատկությունները, դրանց կառուցվածքը և ազդեցությունը օրգանիզմի վրա:

Այս աշխատությունը վկայում է, որ Ամիրդովլաթ Ամասիացին, բժիշկ լինելուց զատ, նաև հրաշալի կենսաբան ու բուսաբան էր: Բացի հայերենից, նա ազատ տիրապետում էր թուրքերենին, արաբերենին, պարսկերենին, լատիներենին, հունարենին:

Ամիրդովլաթ Ամասիացին մի ամբողջ բժշկական դպրոց հիմնեց Հայաստանում, նրա ուսմունքը տարածվեց, շատերն էին նրան իրենց ուսուցիչը համարում:

Բացի նվիրյալ բժիշկ լինելուց, Ամիրդովլաթ Ամասիացին նաև հին ձեռագրերի սիրահար էր: Նա իր դեգերումների ժամանակ շատ ձեռագրեր է փրկել կործանումից, հավաքել, վերարտադրել:

Մեծ բժշկապետը մահացավ 1496 թ. դեկտեմբերի 8-ին, Թուրքիայի Բուրսա քաղաքում:

http://ankakh.com/article/73545/​amirdvovlath-amasiatsi

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert