Աղասի Արաբյան և Զնաուր Գասիև

2017 թ. հուլիսի 17–ին Ռուսաստանում Հարավային Օսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զնաուր Գասիևի հրավերով դեսպանատուն այցելեց «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյանը։

Իրենց ողջույնի խոսքերում զրուցակիցները նշեցին, որ օս և հայ ժողովուրդների պատմական ճակատագրերի ընդհանրությունն իր արմատներով դեպի խոր անցյալ է գնում, հաշվվում է երկու ժողովուրդները կապող հազարամյակներով, իսկ Հարավային Օսիա Հանրապետության – Ալանիա Պետության տարածքում ապրող հայերը օս ժողովրդի անբաժանելի մասն են։  Դրանից ելնելով` նման հանդիպումները շատ կարևոր են, և անհրաժեշտ է, որ դրանք պարբերական բնույթ կրեն։

Զրույցի ընթացքում կողմերը հիշեցին 90-ական թթ. Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցած մի շարք ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև 2008 թ. ամռան ռազմական հակամարտության մասին։ Զրուցակիցները չէին կարող չհիշատակել նաև «Օսական ջոկատի»` Ալանիայի հերոսական որդիների մասին, որոնք  հայ կամավորների կողքին ուս–ուսի կանգնել են ի պաշտպանություն հայկական հողերի և արյուն թափել հանուն Արցախի ազատության։

Զրուցակիցները նաև խոսեցին Հարավային Օսիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին։ Աղասի Արաբյանն առաջարկեց Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում համատեղ կանգնեցնել ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշարձան։ Իր հերթին դեսպանը նշեց, որ Հարավային Օսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոկ ժամանակի հարց է և օս ժողովուրդը խորին գիտակցում է իրենց հայ եղբայրների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված ոճիրի ողջ ծանրությունը։

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն հայտնեցին տեղի ունեցած արդյունավետ քննարկման կապակցությամբ, նվերներ փոխանակեցին և պայմանավորվեցին համագործակցել հասարակական, մշակութային, հումանիտար ոլորտներում, իրականացնել համատեղ միջոցառումներ` ուղղված հարևան երկրների միջև հարաբերությունների հաստատմանը, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert