Մինչ դուք ,ձեր գիշերներն եք
թաղում ուրիշ երկնքում
և ապրում արբունք
լուսնի տաք գրկում,
իմ երկնքի տակ
լու՜ռ մահանում է՝
աստղը վերջին։

Մինչ դուք ,ձեր մարմիններն եք
ծախում փոշոտ բուլվարում
և օտար,ախտոտ
շուրթեր համբուրում,
իմ որբ մարմինը
ցրտից սառում է՝
միայնության օրերն է հաշվում։

Մինչ, ձեր կառուցած
սուտ եկեղեցում
ամենօր վառվում են
մեղքով լի մոմեր,
իմ Աստծո տանը
լու՜ռ աղոթում է
իմ հույսը վերջին՝
կառուցելով փրկության դռներ։

Մինչ ամեն վայրկյան,
ձեր աստվածները
խաչին են հանում
անմեղ մարմիններ
և հարյուրավոր
սուտ Բարաբաներ
տոնում են իրենց
հաղթանակը կեղծ,
իմ երկնքի տակ,
աշխարհը մեջքին,
լու՜ռ խաչն է ելնում ՝
Հիսուսը վերջին։

Մինչ,ձեր մեղսավոր
սատանի ծոցում
սրբադիմակ լրբերը
աստղեր են վիժում,
իմ կապույտներում,
կարոտն աչքերին
օվկիանն են նետվում
կույս Մարիամները՝
աղոթքը շուրթերին։

Մինչ դուք ամենօր
արյուն եք լափում
եվ գողանում եք
որբի ձեռքերից
հացը իր վերջին,
իմ փողոցներում
լու՜ռ մահանում է
մայրական սիրտը՝
որդոց բերանին։

Մինչ դուք ամեն անկյունում
սուտ աղոթում եք
ձեր աստվածներին
և ուժգին գոռում,
որ ձայնը հասնի,
իմ տան պատերը
կարոտ են լալիս՝
իմ աղոթքները
երկինքը գիտի։

Մինչ դուք ձեր ձեռքով
փորում եք փոսը
ձեր գերեզմանի,
ես արդեն վաղու՜ց
գտել եմ տունն իմ,
իմ հավերժության։

Անի Հերունի Սաջյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert