Արդվի ցույցՏաթևիկ Սարգսյան

Շուրջ մեկ ամիս է, հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքի գործարկման հարցը: Թեմայի շուրջ քննարկումներն ավելի ակտիվացան, երբ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր կայքում հուլիսի 12-ին հրապարակեց «Միռամ» ՍՊԸ-ի  կողմից ներկայացված 2017-2020թթ.-ներին նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակաման ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտը:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզի կենտրոնական մասում Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք, Հովնանաձորից 2.9կմ դեպի արևելք: Հանքերևակման տեղամասը ընդգրկում է Մղարթի  54հա և Արդվիի 146հա տարածք : Մոտակա բնակավայրերն են` Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օծուն գյուղերը:

Աշխատանքների շրջանն ընդգրկում է Լոռու մարզի կենտրոնական մասը, Վիրահայոց լեռնաշղթայի Լալվար – Լեջան լեռնաբազուկի, Շեկաղբյուր   լեռնագագաթի հարավարևմտյան լանջերը:Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ  200 հա մակերես: Տարածքով անցնում է Դեբեդի ձախ վտակը՝ Կաճաճկուտը, որի երկարությունը 11 կմ է:

Ըստ ընկերության ներկայացրած նախնական գնահատման հայտի «Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանում բուսածածկը ներկայացված է 2 հիմնական տիպերով՝  լայնատերև անտառային բուսականությամբ` հաճարենի, կաղնի, բոխի, և  տափաստանային հացազգային և տարախոտա-հացազգային բուսականությամբ՝ Festuca, Koeleria, Stipa տեսակների բույսերով:Երևակման շրջանի կենդանական աշխարհը հարուստ է տարբեր տեսակներով: Երկկենցաղներից հանդիպում է լեռնային գորտը, սողուններից՝ ժայռային մողեսը: Առավել տարածված թռչուններն են ալպիական ճայուկները և և արտույտները, իսկ կրծողներից հանդիպում են սովորական և ձյան դաշտամուկը» :

Ընկերության ներկայացրած հայտի տվյալների համաձայն՝  Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան, երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքում ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել :

Այդուհանդերձ, ընկերությունն իր հայտում խոստացել է  «ընդերքօգտագործման նպատակով հատկացվելիք հողերում ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում միջոցներ ձեռք առնել դրանց պահպանության համար»:

Արդվի համայնքում բնակվում է 240,  Մղարթում՝ 460 մարդ: Հուլիսի 12-ին հրապարակված հայտում ընկերությունը նշել է. «Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագիրը ներկայացվել է համայնքների բնակիչներին, քննարկվել է հնարավոր աշխատատեղերի ստեղծման հարցը»:

Ավելի ուշ սակայն, գյուղացիները լրագրողների հետ զրույցների ժամանակ դժգոհել են. հանրային քննարկում որպես այդպիսին գյուղում տեղի չի ունեցել,  «Միռամ» ՍՊԸ-ի նախագծին   ծանոթ չեն, իսկ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը գյուղում ներկա է եղել ընդամենը 4-5 մարդ:

Արդվի ու Մղարթ համայնքներում մեծ թվով պատմամշակութային հուշարձաններ կան: ՀՀ կառավարության 2007թ.-ի մարտի 15-ի թիվ 385 որոշմամբ հաստատված ցանկի համաձայն Մղարթում հաշվարկվում է 16, Արդվիում՝ 25 հուշարձան:

Բնապահպանաւոթյան նախարարությանը ներկայացված հայտում  «Միռամից» վստահեցրել են.  «Երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տեղամասը գտնվում է ցուցակում նշված հուշարձաններից զգալի հեռավորության վրա, հետևաբար, դրա շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ պատմամշակութային հուշարձանի իրավիճակի վրա»:

«Արդվին լուրջ պատմամշակութային հուշարձաններ ունի: Գյուղը զբոսաշրջային լավ կենտրոն է, իսկ հանքի շահագործման դեպքում  այս առումով ևս այն  կհայտնվի վտանգման եզրին, որովհետև սրբավայրից կամ հուշարձանից քիչ հեռու գտնվող հանքի շահագործման դեպքում այն այլևս չի կարող գրավիչ լինել զբոսաշրջիկների համար»,- կարծիք է հայտնում Հայկական բնապահպանական ճակատի խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

Ընկերությունը նաև հավաստացիացրել էր, որ կատարվելիք աշխատանքները շրջակա միջավայրի վրա զգալի բացասական ազդեցություն տեղի չի ունենա, «ըստ կանխատեսումների ուսումնասիրության աշխատանքների ժամանակ աղտոտված օդի արտանետումները շատ փոքր են, բացասական ազդեցությունը երևակման տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի վրա գրեթե զրոյական»:

Հայկական բնապահպանական ճակատի խորհրդի անդամ Լևոն Գալստյանը, սակայն, հակադարձում է.

«Եթե հիմա ուսումնասիրություն կատարեն, հետո հաստատվի ծրագիրն ու հանքի շահագործում սկսեն, էդ ժողովուրդը պետք է թողնի ու գնա էդտեղից , որովհետև   հանքի շահագործման տարածքը ընդամենը երկու կմ հեռավորության վրա է, գյուղի խմելու ու ոռոգման ջուրը ձևավորվում է այդ սարերում: Այդ ջրերը բնականաբար, ամբողջովին աղտոտվելու են, տարածքի հողերն ու անտառներն են վնասվելու… Բոլոր տեսակի մետաղական հանքերի գործարկման դեպքում էլ լուրջ ռիսկեր են առաջակում, ինչը գիտականորեն ապացուցված է»:

Լևոն Գալստյան
Լևոն Գալստյան

«Միռամ» ՍՊԸ-ն  հուլիսի 26-ին նախատեսել էր թեմայի հետ կապված  գյուղացիների հետ  հանրային քննարկում իրականացնել Արդվիի համայնքապետարանում:  Քննարկումը, սակայն այդպես էլ տեղի չունեցավ. վաղ առավոտից արդվեցիները, Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ժամանած բնապահպաններն ու աջակիցները փակեցին գյուղ տանղ ճանապարհը, այդպիսով չթողնելով ընկերության ներկայացուցիչներին հասնել հանդիպման վայր:

Օգոստոսի 2-ին Արդվի համայնքում գումարված ավագանու արտահերթ նիստին էլ  համայնքի ավագանին մերժվեց  Արդվիի վարչական տարածքից 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկը:

 

Նույն օրը համայնքի բնակիչները նաև բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը, պահանջելով մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը:Նամակում մասնավորապես ասված է.

«Սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսված էր Շեկաղբյուրիոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային քննարկումը, մինչդեռ մեզ ոչ մեկ չի տեղեկացրել առաջին հանրային լսումների մասին և չի հարցրել մեր կարծիքը, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին»ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Առաջին հանրայինլսումները չեն անցկացվել, այլ տեղի է ունեցել հանդիպում «Միռամ» ընկերության, համայնքապետի և 4 հոգու միջև, որտեղ արձանագրության տակ ստորագրել է 5 հոգի: Լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել, և մենք պնդում ենք, որ այդ հանդիպումը չի կարող համարվել հանրային լսումներ և հանրային լսումների մասին արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ խախտվել է մեր` որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը` երաշխավորված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:

Հուլիսի 26-ին` երկրորդ հանրային լսումների օրը, Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվումգյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը:Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Հանքերևակման տարածքը անտառային հողեր են: Արդվու անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ: Հանքի տարածքում աշխատանքները կազդեն անտառի վրա: Արդյունքում մենք կզրկվենք, մաքուր ջրից և անտառից: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովհան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալաթարյանների տոհմային դամբարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է 1000-ավոր զբոսաշրջիկներով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի համայնքը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հանքարդյունաբերական այս նախագիծը կխոչընդոտի նաև այս կարևոր և կայուն «կանաչ» տնտեսական ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք մերժել «Միռամ» ընկերության հայտը»:

Բազմաթիվ մարդկանց թվում հանքի գործարկման դեմ պայքարին միացել է նաև ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, ով տեղում արդվեցիների բողոքի ակցիային մասնակցելուց հետո գրությամբ դիմել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, առաջարկելով մերժել Միռամ ՍՊԸ-ի ներկայացրած նախնական գնահատման հայտը:

 

Արդվի ցույց,  Գորգիսյան

 

Պատգամավորի հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացրել էին.

«…ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի  40-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետի համաձայն լիազոր մարմինը մերժում է  դիմումը, եթե՝ ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:

26-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվումէ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամաշկութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան 1. գերեզմաններ, 2. բնության, պատմության ու մշակույթի հուշարձաններ , 3 ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղեր, ինչպես նաև եթե նշված տեղանքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ… »:

Ծավալուն պատասխանում, սակայն, նախարարությունն  այդպես էլ հստակ պատասխան չի տվել, «Միռամի» հավակնությունների շրջանակում գտնվող տեղամասը գտնվո՞ւմ է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի  26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, թե՝ ոչ:

Նախարարությունից պատասխանի մեջ նշել են, որ հուլիսի 27-ին նախնական գնահատման հայտի լրամշակված տարբերակի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել են դիտողություններ, որոնք փոխանցվել են «Միռամ»  ՍՊԸ-ին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդվիի ու Մղարթի տարածքում մի շարք հուշարձաններ կան, որոնցից առավել վտանգվածների թվում է Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը, Գ. Գորգիսյանը դիմել է նաև ՀՀ մշակույթի նախարարություն՝ հայտնելով իր մտահոգությունը տարածքում գտնվող հուշարձանների պահպանության վերաբերյալ:

Հարցմանն ի պատասխան օգոստոսի 7-ին  մշակույթի նախարարությունից տեղեկացրել են. «Արդվի համայնքի Սուրբ Հովհաննես վանքի տարածքի  վերաբեյալ  հանքավայրի շահագործման նպատակով նախարարություն ներկայացված հողամասի օտարման փաստաթղթերը և հողատարածում պատմամաշկութային հուշարձանների առկայությունը ներկայումս գտնվում են ուսումնասիրման փուլում, ինչի վերաբերյալ եզրակացություն ստանալուց հետո համապատասխան միջոցներ կձեռնարկվեն հուշարձանի անխաթարությունն ապահովելու ուղղությամբ»:

Օգոստոսի 15-ին  թեմայի շուրջ հրապարակայնորեն իր տեսակետն է  արտահայտել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով իր մտահոգությունը  հայտնելով  Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ,  սթափության կոչով դիմել է   ծրագրի պատասխանատուներին:

«Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր և ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի: Անցնող 20 տարիների ընթացքում մենք մշտապես ուխտագնացություններ ենք կազմակերպել դեպի Արդվի և երիտասարդությանը մատնացույց արել իրական Ոսկու տեղը` ուսուցանել, կրթել ու քաջալերել ենք նրանց շարունակ երկրպագել, մեծարել ու պանծացնել Արդվիի դամբարան-մատուռ սրբավայրում ննջող Ս. Հովհան Օձնեցի Հայրապետի հիշատակը:
Հայաստան աշխարհում ննջող եզակի սրբերից է Օձնեցին, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեր երկրի հյուսիսային դարպասների մշտարթուն հոգևոր պահապանն է: Հազարավոր մարդիկ բժշկվել են սրբի օրհնաբեր մասունքների զորությամբ, փրկվել փորձանքներից, ունեցել են հաջողություններ և ուժ առել սրբի բարեխոսության շնորհիվ և ոչ թե նյութական ինչ-ինչ բարիքների կամ ոսկու:
Այսօր, հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը: Դեմ չենք մեր Հայրենիքի զարգացմանն ու պայծառությանն ուղղված ազգօգուտ ծրագրերի իրականացմանը, սակայն ոչ սրբություններն ու հոգևոր-մշակութային արժեքների կործանման հաշվին:
Սուրբ Հովհան Օձնեցու և մեր մյուս սրբերի բարեխոսության շնորհիվ է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը կանգուն են: Արդվին եղել և մնում է մեր ժողովրդի համար հոգևոր զորության և ուժականության սրբազան անանց ակունք և պետք չէ այն փոխարինել անցավոր ոսկիով»,- նշված է թեմի տարածած հաղորդագրության մեջ:

«Արդվեցիները հաջողության կհասնեն, եթե շարունակեն միահամուռ լինել, որովհետև  նրանց հիմնավոր փաստարկների դեմ հակափաստարկներ չկան»,- կարծիք է հայտնում Լ. Գալստյանը:

Վերջինիս կարծիքով  արդվեցիները մոտեցումը պայքարի լավագույն տարբերակն է.

«Եթե դու ֆիզիկապես կանգնած չես թողնում, դա լրիվ այլ հարթություն է տեղափոխում հարցը: Արդվեցիները իրենց փաստարկները բերում ու ասում  են, որ որևէ քննարկման չեն մասնակցելու ու  ոչինչ թույլ չեն տալու: Աշխարհի փորձը ցույց է  տալիս՝ դա միակ ճանապարհն է, որ կարող է բերել հաջողության»,- ասում է բնապահպանը:

Վերջինս այս հարցում մասնագիտական ուսումնասիրությամբ հակափաստարկների ներկայացման անհրաժեշտություւն չի տեսնում: Ասում է՝

«Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ մասնագիտական եզրակացության վրա թքած ունեն: Դա է իրականություն: Եթե ինչ-որ նախագիծ պետք է հաստատեն, իրենք թքած ունեն  բոլոր մասնագետների մասնագիտական եզրակացության վրա: Ամուլսարը դրա դասական  օրինակն է: 167 մասնագիտական եզրակացություն ու փաստարկ է բերված, այդ թվում միջազգային փորձագետների փաստարկները»:

 

Շուրջ մեկ ամիս տևած լարված պայքարից հետո Արդվիում այժմ սպասողական վիճակ է: Օգոսոտսի 16-ին Արդվի համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ այժմ իրավիճակը հանգիստ է, հանքի հետ կապված  նոր զարգացումներ չկան:ՀՀ կառավարության ուղղված նամակի պատասխանը գյուղում դեռևս չեն ստացել:

Լոռու մարզի Արդվի համայնքը ընտրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի կողմից՝ գյուղական և էկոտուրիզմի զարգացման համար: Գյուղապետի խոսքով այժմ Արդվիում ուսումնասիրություն է կատարվում, հետազոտվում ու գնահատվում են այդ ոլորտին առնչվող   հնարավորությունները:

Արդվին մեծ հետաքրքրություն է  ներկայացնում զբոսաշարջիկների համար: Համայնքապետի խոսքով գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է:

«Արդվիում զբողսաշրջիկներին գրավում է  ինչպես բնույթունը, այնպես էլ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները»,- նշում է  համայնքապետը:

Ու նաև սա է պատճառը, որ երկարամյա փորձով համայնքապետն ու արդվեցիները գյուղի զարգացման գերակա ուղություններից մեկն էլհամարում են տուրիզմը՝ գյուղատնտեսության ու անասնապահության համադրությամբ:

Ինչ վերաբերում է  արդյունաբերությանը, մասնավորապես հանքարդյունաբերությանը, գյուղապետն ասում է.

«Ժողովրդի մոտեցումը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ գնալու ցանկություն չկա»:

ՄԱԿ-ի «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանի խոսքով՝ Արդվին իսկական էկո-գյուղ է, էկոտուրիզմի համար շատ հետաքրքիր գոտի, որն  այդ ոլորտում զարգացման մեծ հնարավորություններ ունի:

Թե որքանով կազդի հնարավոր հանքարդյունաբերության ծրագրի գործարկումը  գյուղում տուրիզմը զարգացնելու հարցում, այսօր դժվար է ասել: Մասնագետները, սակայն, մի հարցում համակարծիք են. արդյունաբերական գոտիները դժվար է հրապուրիչ դարձնել զբոսաշրջիկների համար:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստի համաձայն՝ «Միռամ» ՍՊԸ-ն գրանցվել է 2017թ-ի մայիսի 10-ին: Նորաբաց ընկերությունը հիմնադրել են ՌԴ քաղաքացի Հենրիկ Գևորգյանը, ՀՀ քաղաքացիներ Անահիտ Դանիելյանը և Արայիկ Զադոյանը: Վերջինս հանդիսանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենը,Անահիտ Դանիելյանը ևս ազգակցական կապերով կապված է  Վահրամ Բաղդասարյանի հետ:

 

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը, սակայն, Արդվիում հանքի գործրակման հետ կապված աղմուկից կարճ ժամանակ անց սկսեց հերքել իր կապը նշված ընկերության հետ: Գրեթե նույն ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հիմնագիրների ցանկից հանվեցին ՀՀ  քաղաքացիներ Անահիտ Դանիելյանի և Արայիկ Զադոյանի անունները, հիմնադրի մենաշնորհը թողնելով ՌԴ քաղաքացի Հենրիկ Գևորգյանին:

Հավելյալ լուսանկարներ տես՝  https://www.flickr.com/photos

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert