Մոլորյալներ ենք կյանքի այս անանց լաբիրինթոսում,
Մեր սկիզբը ո՞րն էր, որտեղի՞ց եկանք և ո՞ւր ենք գնում։
Ապրելու համար կռիվ ենք տալիս ամեն մի վայրկյան,
Արյուն֊քրտինքով՝ մի կերպ կերտում ենք վաղն ու ապագան։
Դեռ չկա մեկը, ով կյանք կոչվածին կտա մեկնություն,
Ինչո՞ւ է տրվել, արդյոք մենք ունե՞նք առաքելություն,
Թե՞ դեգերում ենք կյանքի քարքարոտ ճանապարհներում՝
Քանի որ չունենք, ու մեզ չի տրվել ուրիշ ընտրություն։
Ինչո՞ւ է կյանքը ինքը որոշում տեր ու ծառաներ,
Չէ՞ որ ծնվելուց՝ բոլորս նույնն ենք, չկա՛ն ընտրյալներ։
Գուցե պարզապես մենք չե՞նք հասկանում կյանքի խորհուրդը,
Կամ էլ ինքներս ենք հաճախ բարդացնում այս մեծ աճուրդը՝
Ուր վաճառքի են հանված սեփական հոգին ու խիղճը,
Եվ որպես կանոն՝ շահում է միայն ագահ, անխիղճը։
Իսկ մնացյալս՝ դեռ թափառում ենք լաբիրինթոսում,
Մենք ընտրյալներ չե՛նք, կամ էլ մեր կյանքը մենք չենք ափսոսում։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert