Ասում են բնությունը ինքն է ամենալավ նկարիչը: Բնության կերտած կտավում ամեն ինչ գտնվում է կատարյալ ներդաշնակության մեջ: Այո, բնությունն ինքն է ամենալավ նկարիչը, և ես օր օրի համոզվում եմ դրա մեջ, քանի որ բնության ամենաչքնաղ ու կատարյալ ստեղծագործությունը իմ աչքի առաջ է: Այդ ստեղծագործությունը մեր շատ սիրելի Հայաստանն է, որի նմանը չկա աշխարհի և ոչ մի կետում: Եվ    ի զուր չէ, որ Հայաստանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: Եվ մեր չքնաղ երկիրը բազմում անգամներ եղել է ու շարունակում է մնալ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, սակայն վերջին ժամանակներում Հայաստանն ունի մի շարք խնդիրներ որոնք ունեն հրատապ կարգավորման անհրաժեշտություն:

Հայաստանի խնդիրների շարքում առանձնահատուկ տեղ ունեն գյուղական համայնքների խնդիրները, որոնք մեծամասամբ անուշադրության են մատնված: Քաղաքում ապրող մարդիկ, զբոսաշրջիկները մտածում և ասում են, որ  գյուղում ապրելը հեշտ է՝ կյանքը բավականին թեթև: Ըստ երևույթին այսպես մտածող ու ասող մարդիկ երբեք հայկական գյուղին ամբողջությամբ չեն ծանոթացել, գյուղացու չարչարանք չեն տեսել:

Դժվար է գյուղացու կյանքը՝ բազմազան են նրա խնդիրները:

Բոլոր ժամանակներում էլ  այ այդպես է եղել,ի սկ հիմա գյուղացու խնդիրները գնալով էլ ավելի են մեծանում  ու խորանում՝ դժվարեցնելով գյուղում իր հանապազորյա հացը դառը քրտինով, ծանր աշխատանքներով, արդար վաստակով ապրող գյուղացու կյանքը:

Չեմ հասկանում ինչու՞ և ինչպե՞ս են մեր պետական մարմինները կատարում սահմանազատում՝, մեծ ու փոքր, գյուղ ու քաղաքի միջև: Կամ ինչպե՞ս են կարողանում խտրականություն դնել,- սա մեծ գյուղ է՝ սա փոքր: Մեծ գյուղում կարելի է այսինչ բանը վերակառուցել, այսինչ բանը  կառուցել, այնինչ փոքր գյուղերի մասին չեն էլ խոսում: Ու երբ հերթը հասնում է դրանց բոլորը լռում են:

Մեր Հայաստանում այսօր շատ գյուղեր կան որոնց տեղը մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաններն անգամ չգիտեն, իսկ անունը լսելիս ուղղակի զարմանում են: Այո, սա մեր ցավալի իրականությունը: Մի թե՞ պետական պաշտոնյան՝ ում ընտրել է հենց նույն գյուղացին, պետք է մոռացության մատնի գյուղացուն ու նրա խնդիրները: Տրամաբանորեն ոչ, բայց իրականու՞մ… Իսկ իրականում ընտրվելուց հետո պաշտոնյանները մոռանում են թե՛ գյուղի և թե՛ գյուղացու մասին:

Հայկական գյուղերը կարող են շատ գրավիչ լինել օտարների համար՝ անտաշ քարից հին տուն, թոնիր, տապակած սիբեխ ու ավելուկ, սարի լանջով գլգլացող առվակ, կովի թարմ կաթ։ Բայց ներսում ապրող մարդու համար գյուղական կյանքը մի տեսակ խնդիր է դարձել: Եթե այսօր մենք մթով հայտնվենք հայկական որևէ գյուղում ապա առաջին հերթին կնկատենք, որ տների լույսերն անջատված են ու որ դուռն էլ, որ թակեցս բացող չկա, քանի որ ներսում ապրող չկա:Ցավոք այսօրվա հայկական գյուղերի մեծ մասը դատարկ է: Եկեք համաձայնվենք, որ սա կատարյալ աղետ է մեր երկրի համար:Սակայն Հայաստանում կան գյուղեր, որտեղ ապրող մարդիկ համակերպվում են իրենց հանդիպող ամեն տեսակի դժվարության հետ և հրաժարվում են անգամ մտածել արտագաղթի մասին:

Այդպիսի գյուղերից է նաև իմ հայրենի Աճարկուտ գյուղը, որը սահմանի եզրին գտվելով սահմանամերձի կարգավիճակ անգամ  չունի:

Աճակուտ գյուղը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում, Քարահան (Սև Ջուր ) գետի ափին շրջապատված է անտառներով ու բարձրաբերձ լեռներով, հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով: Ինձ երբեմն թվում է, որ դրախտը հենց այս բնության հրաշք ստեղծագործությունն է, որ կա: Գեղեցիկ է Աճարկուտս տարվա բոլոր եղանակներին, լինի արև թե անձրև այն յուրահատուկ հմայք ունի: Ձմռանը այն սպիտակ ձյունե թագուհի է, իսկ սառցակալած ծառրը հեքիաթային դղյակ են հիշեցնում: Գարնանը կանաչ հագած անուշաբույր մի փունջ է, որի ամեն մի անկյունում բուրում են մանուշակների ու վարդերի հաճելի բույրով: Ամռանը ելակի ու բալի մի ամբողջ համաստեղություն է, իսկ աշնանը այն հիշեցնում է խայտաբղետ գույներով մի հիասքանչ կտավ: Առանձնահատուկ վայր է իմ Աճարկուտը իսկական կտավ, որին նայողը կարող է մոռանալ ժամանակի մասին ու կտրվել աշխարհից այնպես ինչպես շատ հաճախ է պատահել Աճարկուտ այցելած զբոսաշրջիկների հետ: Իսկ պատմամշակութային հուշարձանները հանդիսանում են ճարտարապետական գլուխ գործոցներ, որոնք իրենց ոճական կառուցվածքով, ճարտարապետական լուծումներով  հիացնում են ամենա հմուտ վարպետին անգամ:

Սակայն վերը նշված հատկանիշների հետ միաժամանակ գյուղը ունի տարատեսակ մանր ու մեծ խնդիրներ որոնք գոնե լուծում գտնեն օր օրի գնալով խորանում են, իսկ ուշադրություն դարձնող այդպես էլ չկա ու չկա: Ես արդեն չեմ էլ հիշում թե գյուղում երբ է վերջին անգամ, որևէ բան փոխվել,-ասում էր մեզ հետ զրուցող կինը, ում երկու որդինները գտնվում են օտարության մեջ, իսկ ինքը ապրում է միայնակ:

Աճարկուտը փոքր գյուղ է ունի ընդամենը 40 տուն 169 բնակչությամբ, որոնց մեծ մասը գրանցված են փաստաթղթերով, բայց սոցիալական սուղ պայմանների պատճառով չեն բնակվում գյուղում, իսկ գյուղի բնակչության 25% հազիվ է աշխատում: Ներսում  ապրող գյուղացին հազիվ հազ է կարողանում ծայրը-ծայրին հասցնելով մի կերպ ապրել:  Գյուղի խնդիրների շարքում առաջին հերթին ցանկանում ենք առանձնացնել աշխատատեղերի բացակայությունը, որը կարելի է ասել  հիմնախնդիր է դարձել:

Լուրջ հիմախնդիր, որի պատճառով գյուղը դատարկվում է, իսկ դատարկ սահմանամերձ գյուղի կարգավիճակից առաջին հերթին կարող են օգտվել մեր դարավոր թշնամիները:

Հարգելի հայրենակիցներ ուշադրություն դարձրեք մեր  սահմանի վրա գտնվող գյուղերին:

 

Ելենա Հայրապետյան

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert