1. Երբ այս մասին խոսում եմ հրապարակավ, ոմանք սրտնեղում են, թե վհատեցնում եմ ժողովրդին։ Չէի ասի, թե նրանց սրտնեղումը բոլորովին անտեղի է, բայց և բավական է արդեն մնալ քաղաքական մտքի մանկապարտեզային փուլում և շարունակել կործանարար տեղապտույտը։ Մյուս կողմից` հրապարակումները ժողովուրդը չի կարդում, այլ առավելագույնը՝ մի քանի հարյուր հոգի, իսկ անհրաժեշտ է, որ բավարար թվով մարդիկ տեղյակ լինեն մեր իրական խնդիրներին, որպեսզի ընդհանուր ջանքերով հնարավոր լինի գտնել լուծումը և կասեցնել անկումը։

2. Երբ առաջին համապետական ընտրությունները կեղծվեցին, ես իշխանության մեջ էի ու ներսից տեսա, թե որպիսի համառությամբ են իշխանությունները դիմակայում ժողովրդի կարծիքին։ Հեռանալով իշխանական համակարգից` ջանացի գտնել այդ երևույթի պատճառը։ Ինձ զբաղեցնող մեկ այլ հարց էլ կար՝ իշխանական համակարգը ներսից տեսնելով՝ հասկացել էի, որ ճիշտ չեն ընդդիմադիրների այն պնդումները, թե իբր մեր կյանքի բոլոր դժվարություններն իշխանությունների մեղքով են առաջացել։ Ես հասկացել էի, որ իրականությունն ինքն ինքնուրույն է, անգամ հենց ինքն է որոշում իշխանությունների որպիսին լինելը։ Հասկացել էի, որ ինձ անծանոթ ինչ-ինչ երևույթներ կան, որոնք կառավարում են մեր իրականությունը։

3. Կրթությամբ լինելով ֆիզիկոս` սովոր եմ բարդ խնդիրներ լուծելուն։ Իսկ դա անել կարողանալու համար կա պարտադիր պայման՝ հետևանքը չընդունել պատճառի տեղ, գտնել իրական պատճառները։ Այլապես կլինի փակուղային վիճակ։ Եվ ահա իրական պատճառները որոնելու հույսով ետ գնացի մեր պատմության վրայով։ Պարզվեց, որ առաջին հանրապետության շրջանում եղել են ինձ նման մտահոգ որոնողներ, ու նրանք, զննելով իրականությունը, մեր ներկա քաղաքական գործիչների նման չեն տրվել մտավոր մակերեսայնությանը, այլ նայել են երևույթների խորքը։ Մարդկային հարաբերությունները քննելով՝ նրանք եզրահանգել են, որ բարբարոս օտարի գերիշխանության տակ գտնվելու դարերի ընթացքում մեր ժողովրդի մեջ հոգևոր խեղումներ են առաջացել, և հայ ժողովուրդը բարոյական, մտավոր և տնտեսական դարավոր ճնշման հետևանքով դարձել է կրավորական, կորցրել է հավատը սեփական ուժերի նկատմամբ, հաշտվել այն մտքի հետ, որ ինքը ոչ միայն ազգ չէ, այլև որ անհատներից յուրաքանչյուրը իրավունք չունի մինչև անգամ մարդու անուն կրելու, իրավունք չունի այն հասարակ ընդհանուր մարդկային իրավունքները վայելելու, որ վայելում է ամեն մի մարդկային էակ։ Հայն անկման այնպիսի աստիճանի է հասել, որ չի հանդգնում պահանջել կյանքի ապահովության և ազատության անբռնաբարելի իրավունքները։ Իսկ հիմա խոսքը տանք Թումանյանին։ «… Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ ․․․ Դառնանում ու դաժանանում է մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են․․․»։ Թումանյանն այս խոսքերը գրել է 1910 թվականին։ Եթե նա իմանար, որ հայերին նաև անկախ պետություն ունենալու հնարավորություն կտրվի, ապա հաստատապես կավելացներ, որ նրանց պետությունն էլ է ներսից ճիճվի կերած պտուղի նման լինելու։ Ու չէր սխալվի։ Ահավասիկ ասվածի ապացույցներ։ Երևանի օկրուգային դատախազի 1919 թվականի գրությունից. «Օր-օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելով՝ ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի, և անհրաժեշտ են հերոսական ճիգեր, որպեսզի նվազեցվի հանցավորությունը և կանգնեցվի ավերածությունը: Կառավարությունը, որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց»: Ներքին գործերի նախարարի օգնականը Նախարարների խորհրդին ուղղված իր զեկուցագրում (1919) գրել է. «Մարդկանց ահագին բազմություն սպառազինված լավագույն զենքով ցրված է հանրապետության բոլոր անկյուններում: Չունենալով ոչ մի հաստատուն պարապմունք և, որ կարևոր է, բացարձակ հափշտակության և կողոպուտի միջոցով հարստանալը գերադասելով քրտնքոտ վաստակից, նրանք իրենց նվիրել են ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէ: Բարոյական ըմբռնումը ոչնչացել է արդեն: Շիրակի նահանգապետն իր անզորությունն է հայտնում իր նահանգում ավելի քան 6000 զինված անձանց դեմ: Էջմիածնի գավառում օրը ցերեկով նուխեցիները քանի անգամ հարձակվել են գնացքի վրա: Վերջին հարձակման ժամանակ սպանվեցին 41 մարդ, վիրավորվեցին 82-ը: Ի՞նչ է Զանգիբասարը: Ավարարիչ ուժերի մի կատաղի մրցում: … Երկրի կյանքը վրդովող երկրորդ հանգամանքը գաղտնի ավազակախմբերի գոյությունն է: Սրանք կազմված են գլխավորապես բնիկ տարրերից, որոնք դարանամուտ են լինում գլխավորապես ճանապարհների վրա և զուտ կողոպուտի նպատակով սպանում են ճամփորդներին և թալանում: Հայաստանի բոլոր մասերում այդ երևույթը նկատվում է: … Երևանից Աշտարակ տանող խճուղու մոտի Միկինի ձորը մի սպանդանոց է անցորդների համար: Այնտեղ երկու տարվա ընթացքում մոտ 100 մարդ է սպանվել: …Երկիրը լիքն է բանդող քայքայող տարրերով»: Կարսի նահանգապետը Կառավարության նախագահին ուղղված զեկուցագրում նշել է. «Մարդիկ վարակված են թալանելու, ապահովվելու և ապա հեռանալու տենչով… Մարդկանց մեջ բթացել է երկյուղը դեպի քրեական պատիժը… Ոճիրը պարփակում է իր մեջ քաղաքական, տնտեսական և իրավական բացատրություններ և այդ բարդ ու խճճված պայմաններում է մեր օրերի քրեական տրամադրությունների գաղտնիքը: Բացի այդ, գաղտնիք չէ այն, որ պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք»: Հայաստանի տարածքի Վարչակազմի ու միլիցիայի տեսուչ Բագրամյանցի 1919 թվականին գրած զեկուցագրում նշված է.«Միլիցիայի պետին հայտնի չէր, թե ինչ է կատարվում տեղամասերում, կոմիսարները ոչինչ չգիտեին իրենց օգնականների գործողությունների մասին, որի ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ ինչ-որ գողության համար Ալեքսանդրապոլում ձերբակալվել էին 15 կանայք, տղամարդիկ և օրիորդներ: Նրանք պահվել էին մոտ տասնհինգ օր, նրանց նկատմամբ կիրառվել են իսկական տանջանքներ, առանց տարբերելու սեռն ու հասակը: Բռնաբարվել են կանայք, և այս բոլորի մասին Միլիցիայի պետին ոչինչ հայտնի չէր… »: 1919 թվականի մարտին զինվորական նախարարը հետևյալն է գրել ներքին գործերի նախարարին. «Պետք է անմիջապես հեռացնել Նոր Բայազետի ողջ վարչակազմին, որի համատարած հանցավորությունը երևում է Արտակարգ Հանձնաժողովի կողմից կատարված քննությունից»։

4. Այս ուղղությամբ ամենալուրջ հետազոտությունը կատարել է, թերևս, Հայկ Ասատրյանը։ Նա գտնում էր, որ պատմության բերումով հայությունը, իր ընդհանրության մեջ, մոռացության է տվել այն հոգեգծերը, որ տրված են եղել իրեն սկզբնական՝ դասական վիճակում։ Եվ մեր դժբախտությունների հոգեբանական պատճառները փնտրելով այն տարբերության մեջ, որ ունի նոր ժամանակների հայը դասական, ամբողջական հայից, Հայկ Ասատրյանը խնդիր էր դնում գտնել դասական հայի հոգեգծերը և դաստիարակչորեն դրանք դարձնել հարազատ՝ ապրող հայ սերնդի համար։

5. Նշանակալի է նաև Նժդեհի դերը նշված շեղումները նկատելու ուղղությամբ։ Ահա նրա մի դիտարկումը. «Գիտական հոգեբանությունը վաղուց է ապացուցել, որ աղետներ տեսած եւ մեծ արհավիրքների, ցնցումների ենթարկված ժողովուրդները, հատկապես փոքր ժողովուրդները, սկսում են տառապել հոգեկան ետընթացով, որն արտահայտվում է պարտվողականության տարբեր դրսեւորումների ձեւով: Աղետի ենթարկվածը, հոգեպես խիստ ուժասպառվելով, ամեն ինչ կորած է համարում. լքում է իր պատմական առաքելությունը, կրավորաբար եւ հնազանդորեն համակերպվում իր վզին փաթաթված քաղաքական ճակատագրին: Նախ եւ առաջ նրան պատում է թերարժեքության տանջալից զգացումը, որի պատճառով դառնում է քաղաքական հոռետես, մշակույթի տեսակետից՝ անստեղծագործ: Հոգեպես նա դառնում է անիշխան, ժխտելով ամեն մի արժեք, հեղինակություն, իշխանություն, դառնում է զզվելի անձնապաշտ, փոքրոգի ու խորթ հասարակությանը եւ սկսում հետապնդել սոսկ մեկ առօրեական նպատակ – իր սեփական հացն ու հանգիստը: Որպես «ուրացող» (պարտվողական), նա լքում է իր դիրքերը ողջ ճակատով: Իր գոյության պայքարը նա արտաքին ճակատից տեղափոխում է իր ներաշխարհը, որի հետեւանքով ավելի է «կոտրվում», ուժասպառվում: Այսպիսով նա մոռացության է մատնում իրեն սպառնացող արտաքին վտանգը՝ թշնամուն: Միով բանիվ, նա անընդունակ է դառնում նոր պայքարի, ճիգի, զոհողության, դուրս ընկնում պատմության հունից եւ սկսում է քարշ տալ իր անստեղծ ու անիմաստ գոյությունը՝ հարուցելով իր հանդեպ ազգերի զզվանքն ու խղճահարությունը»: Առաջին հանրապետության շրջանի և սփյուռքում իրականացրած իր գործունեության արդյունքում Նժդեհը եկավ այն եզրահանգման, որ հայ ժողովուրդը բառի բուն իմաստով ուծացել է օտար լծերի տիրապետության տակ ու վերածվել հայկական զանգվածների։ Ակնհայտ է, որ նման ձեռքբերովի հատկանիշներով լեցուն ժողովրդի հասարակական կյանքը կլիներ աննախանձելի։ Խոսքը տանք Րաֆֆուն. «Ով ուզում է հայ գրականությանը ծառայել, պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին: Ամենացավալին այն է, որ գիտությունն ու կրթությունն էլ չեն օգնում հային»: Նժդեհն այս հարցում արեց հերթական քայլը, հայտարարելով. «Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժման մասին»: Այսինքն` նա համաձայնեց Թումանյանի տեսակետի հետ և ընդունեց, որ առկա է ժողովրդի հոգեբանության որոշակի խեղման հարց։ Ապա Նժդեհն ինքն էլ ձևակերպեց հիմնական խնդիրը, որը լուծելու պարագայում միայն հնարավոր կլիներ ունենալ քաոսից զերծ ներքին կյանք․ «Բուն հայկական խնդիրը – դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է»: Եվ հիմք ընդունելով իր և Հայկ Ասատրյանի ուսումնասիրությունները՝ նա սկսեց զբաղվել ազգային վերափոխման տանող քայլերի փնտրտուքով։ Բայց ահա մի որոշ ժամանակ անց, երբ արդեն փորձել էր իրականացնել ազգային ինքնակազմակերպման տանող որոշ քայլեր, Նժդեհը հարկադրված եղավ խոստովանել, որ «Օտար լծերի ազդեցութիւնը մեր կարծածէն աւելի մեծ աւերածութիւններ է առաջացրել հայ հոգու մէջ»: Ի մեծ դժբախտություն մեր ժողովրդի, Նժդեհը և Հայկ Ասատրյանը 1944-ին ձերբակալվեցին խորհրդային հատուկ ծառայությունների կողմից, և ազգային մտածողության վերափոխման գործը կանգ առավ։

6. Ու քանի որ բուն հայկական խնդիրը չլուծվեց, սպասելի էր, որ մեր երկրորդ հանրապետությունը ևս ներսից ճիճվի կերած պտղի պիտի նմանվեր։ Այդ շրջանում ազգային խնդիրներից խոսելը արգելված էր, և մենք մեր չլուծված պրոբլեմը ծանր բեռի պես քարշ տվեցինք մեզ հետ 70 տարի։ Երրորդ հանրապետության քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը դրսևորեցին կատարյալ անտեղյակություն, ասես ո՛չ Թումանյան էր եղել, ո՛չ Նժդեհ ու Ասատրյան, ո՛չ Րաֆֆի ու ո՛չ էլ նրանց ահազանգը։ Հատկապես՝ Թումանյանի աղաղակ-ահազանգը՝ «Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։ Մինչդեռ եթե մեր արդի քաղաքական գործիչները դրսևորեին հասունություն, ապա նրանք ժողովրդին հեռու կպահեին վայրի կապիտալիզմից ու քաղաքական պայքար ենթադրող համապետական ընտրություններից, որոնք երկուսն էլ իրենց մեջ երկիր կազմաքանդելու քողարկված վտանգ են պարունակում։

7. Այս խնդիրը ես բարձրաձայնում եմ արդեն գրեթե քսան տարի։ Իսկ այն իմ ուշադրությունն առանձնահատուկ գրավել էր, քանի որ «Հուլիոս Կեսարի» մասին վեպիս վրա աշխատելու տարիներին պատահել էի հին Հռոմում գործող այսպիսի մի սկզբունքի՝ եթե որևէ մարդ որևէ ժամանակով ստրուկ էր եղել, ապա նրան ոչ մի դեպքում մարդկանց հետ շփվող պետական պաշտոն չէին տալիս, որքան էլ  հետագայում մեծագործություններ աներ նա։ Պատճառաբանում էին այսպես՝ այդ մարդը հոգեկան շեղումներ է ունեցել, և չի կարելի նրան վստահել մարդկանց ճակատագրերը տնօրինելու իրավունք։ Մենք` որպես ժողովուրդ, բավական երկար ժամանակ գտնվել ենք այդպիսի վիճակում, ու մեր թե՛ պաշտոնյաները, թե՛ հասարակ քաղաքացիներն այս կամ այն չափով կրում են այդ շեղումները։ Եվ սպասելի էր, որ մեր իրականությունը կլիներ հե՛նց այնպիսին, ինչպիսին որ կա։ 8. Ուզու՞մ ենք ունենալ այլ իրականություն։ Այդ դեպքում պիտի դադարենք տրվել կուրությանն ու կարողանանք տեսնել անցյալից եկող իրական պատճառները։ Մենք լուրջ հոգեբանների, մարդաբանների կարիք ունենք, ովքեր ունակ կլինեն չափել վերջին առնվազն տասը դարերի բացասական ազդեցությունը մեր ժողովրդի հոգեբանության վրա և կառաջարկեն դրանք շտկելու ուղին, որի արդյունքում ազգը կվերագտնի իրեն և կունենա այն վարքը, կամքն ու փառքը, որն ունեցել է շատ ժամանակներ առաջ։ Արծրուն

ՊԵՊԱՆՅԱՆ

http://araratnews.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert