Հայաստան-սփյուռք կապերի, առկա խնդիրների մասին Hayacq.com-ը զրուցեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները արդյո՞ք ճիշտ ուղղու վրա են:

-ՀՀ-ի Անկախությունից անցել է ավելի քան քառորդ դար, սակայն Հայաստան-Սփյուռք կապերը իրականության մեջ, ես կասեի դեռ մնում են սաղմնային վիճակում:

Ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը, տեղի են ունեցել արդեն թվով վեց Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներ, հանդիպումներ, միջոցառումներ… այդ ձեռնարկներն ու պարբերական հանդիպումները  իհարկե դրական են, բայց բուն հարցի հետ, որն է արմատական և խորքային մոտեցումը, կապ չունեն: Եթե չլիներ նույնիսկ Սփյուռքի նախարարությունը միևնույնն է տարեկան նույն չափի սփյուռքահայեր կայցելեին հայրենիք, նույն որակի մշակութային, մարզական և այլ նման միջոցառումներ՝ (գուցե առանց մեդալների ու պարգևների) տեղի կունենային: Նույն չափի բարեգործական բնույթի ներդրումներ և աջակցություններ կլինեին, քանի որ սփյուռքը իր բազմաբնույթ փոքր ու մեծ կառույցներով անկախ ամեն ինչից ըստ իր բնույթի ու ձկտումների կձեռնարկեր նման քայլեր:

Իշխանությունների դերը լավագույն պարագայում եղել է նման միջոցառումների համադրում՝ ոչ ավելին:

Հայաստան-Սփյուռք կապերի և համագործակցության վերաբերյալ հարկավոր է ավելի լայնախոհ և համապարփակ մոտեցում և ռազմավարություն, որը իսկական հնարավորություն կստեղծի միավորելու և համադրելու հայրենիքի ու սփյուռքի ողջ ներուժը՝ հանուն  հայրենիքի ամրապնդման և հզորացման, հանուն ողջ հայության բարգավաճման և հարատևության:

Ամեն շահից վեր այստեղ պակասում է գիտական, խորքային մոտեցումը:

Հարկավոր է, մի կողմից նեղ իշխանական, մյուս կողմից նեղ կուսակցական և խմբակային շահերից դուրս, ազգային խոր գիտակցական մոտեցում: Այնպես որ այս հարաբերությունները, հարկավոր է դնել ճիշտ ուղու վրա:  Այստեղ է, որ ես կասեի սայլը տեղից չի շարժվում և անընդհատ դոփում ենք տեղում:

-Ամենակարևոր հարցերը, խնդիրները որո՞նք են:

-Ամենահիմնականը իմ կարծիքով, առաջին հերթին իշխանությունների մոտ իսկական համագործակցության համար հեռանկարային ու հեռուն տանող ռազմավարություն մշակելն է: Սփյուռքը իշխանությունների համար, որքան էլ օր ու գիշեր բառբառեն Սփյուռքի մասին, իրականության մեջ չունի կարևրություն: Նրանց լոկ մտահոգում է Սփյուռքից՝ կներեք արտահայտությանս, այսպես ասած փող պոկելը, ուրիշ ոչինչ: Սփյուռքը օրենսդրորեն չունի ոչ խոսելու իրավունք և ոչ էլ գործելու, նրան վերապահված է լոկ հնազանդվելու, իհարկե սփյուռքի անվան տակ  ոմանք շատ լավ կատարում են հնազանդության այդ պարտքը և հետևում են բոլորիս հայտնի քծնելու քաղաքականությանը:

Գալով ամենակարևորին՝ իմ կարծիքով առաջին հերթին դա Հայաստանի համակողմանի զարգացման հարցն է բոլոր ոլորտներում, նշեմ միայն տնտեսական, քաղաքական և հասարակական խնդիրները, ժողովրդի բարեկեցության խնդիրը, եթե դրանք լուծված չեն, չեն լուծվի նաև Սփյուռքի խնդիրները:

-Ինչքանո՞վ է Հայաստան պետությունը  կատարում Հայաստան-Սփյուռք շահերի երաշխավորի դերը:

-Սփյուռքի շահերի խնդրում կասկածում եմ, որ Հայաստանը, ներկա պայմաններում, հնարավորություն ունենա ներկայանալ երաշխավորի դերում: Իհարկե երաշխավորումը լայն իմաստ ունի և այդ առումով Հայաստան պետությունը ինքնստինքյան այլ պետությունների մոտ կարող է ունենալ դրական ներգործություն: Հայաստանի հետ Սփյուռքի շարունակական շփումները բնականաբար անուրանալի և հզոր ազդակ են նրա ինքնության և հայապահպանման գործում:

-Որքանո՞վ ենք արդյունավետ օգտագործում Սփյուռքի ներուժը Հայաստանում:

-Այդ հսկայական ներուժի միայն մի չնչին մասն է արդյունավետ օգտագործվում: Սփյուռքը ունի հսկայական ներուժ և հնարավորություններ: Հարկավոր է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նախ և առաջ իսկական վստահության մթնոլորտի ստեղծում, օրենսդրորեն երաշխավորված իրավունքների ու պատասխանատվությունների հստակ բնորոշում,  որից հետո միայն հնարավոր կլինի իրագործել և լուծել համապարփակ և համազգային բնութ ունեցող ծրագրեր, հարցեր:

-Խոսենք ձեր գործունեության մասին: Եվրոպայի հայերի համագումարը հիմնականում ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Եվրոպայի հայերի համագումարը  հիմնվել է 2003 թվականի սեպտեմբերի 27-28-ին Բրյուսելում կայացած հիմնադիր ժողովում: Հիմնադիր անդամներն են եղել 16 եվրոպական երկրներից ժամանած ներկայացուցիչներ և կազմակերպություններ: Այդ հիմնադիր համաժողովում ընտրվել եմ որպես կազմակերպության նախագահ և մինչ օրս կրում եմ այդ պատասխանատվությունը:

ԵՀՀ-ն իր ծրագրում ներկայացնում է գործունեության մի քանի հիմնական ուղղություններ:

Պաշտպանել և զարգացնել Եվրոպայում բնակվող հայության՝ հատկապես երիտասարդության ազգային, մշակութային և հասարակական շահերը:

Պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման  համար:

Զարգացնել Հայաստան-Սփյուռք կապերը:

Արծարծել Արցախի ազատագրման և ինքնորոշման հարցը միջազգային ատյաններում ու պայքարել հակահայկական երևույթների դեմ:

Աջակցել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման և մարդու իրավունքների ամրապնդմանը:

-Իսկ մտավորական Կարո Հակոբյանը ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Թեպետ մասնագիտությամբ մաթեմաթիկոս և նոր տեխնոլոգիաների ու համակարգչային գիտությունների փորձագետ եմ, սակայն իմ տարերքը եղել է ու կա գրականությունը: Ցավոք, ստեղծագործությունների համար քիչ ժամանակ է մնում: Որքան կցանկանայի ստանձնած հասարակական-քաղաքական պատասխանատվություններս նվազագույնի հասցնել, որպեսզի ժամանակ ունենայի զբաղվելու գրականությամբ:

Բայց երբեմն հնարավոր է լինում այդ ընդմիջոցին ստեղծագործել:

Գրական առաջին փորձերը կատարել եմ Լիբանանում: Նախկինում խմբագրել եմ Չարենց օրացույցների շարքը, որոնք շարունակվեցին մի քանի տարի ևս Շվեդիայում, աշխատակցել եմ իրանական մամուլին: իմ մեջ միշտ էլ արթուն և էական է եղել մի կողմից Տերյանական երազանքն ու մեղեդին, մյուս կողմից Չարենցյան բոցավառ շունչը…

2000-ին Շվեդիայում լույս տեսավ «Գերված սրտեր» առաջին բանաստեղծական ժողովածուն:

2015 թվականին Շվեդ գրող հանգուցյալ Սթիգ Լյունդսթրյոմի, Արծվի Բախչինյանի հետ համատեղ աշխատությամբ, հայ գրքի տպագրության 500-ամյակի առթիվ, լույս տեսավ «Արարատի շուքի ներքո» (I Ararats skugga) ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիան՝ շվեդերենով:

Անտիպ պատմվածքների, պոեմների և բանաստեղծությունների մի շարք աշխատություններ կհրատարակվեն ոչ հեռու ապագայում, հերթականորեն, երբ անցնեմ թոշակի ու գտնեմ մի քիչ ավել ժամանակ:

-Հայապահպանության հիմքերի ամրապնդման հարցում մեծ է մշակույթի, լեզվի ու կրոնի դերը: Սփյուռքում ինչքանով է պաշտպանված հայկական մշակույթը, ինչպես է լուծվում հայկական կրթօջախներում առկա խնդիրները գլոբալիզացման դարաշրջանում:

-Աշխարհում ականատես ենք լինում արագընթաց, անհեռանկար ու կարծես աննպատակ ու կործանարար փոփոխությունների, որոնցից զերծ չի կարող մնալ նաև հայությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, Սիրիան ձեզ կենդանի վկա: Այս առումով հայկական համայնքները՝ հատկապես միջին արևելքի մեր համայնքները ավելի խոցելի վիճակում են գտնվում: Եվրոպական և ամերիկյան ցամաքամասերի գաղութների խնդիրը մի քիչ այլ է, նրանց մոտ առավել օրհասական և դժվար լուծելի են լեզվի, մշակույթի ու հայապահպանման խնդիրները, ահա այստեղ է, որ Հայաստանի հզոր ներգործության անհրաժեշտությունը զգացվում է: Այս բոլոր հարցերը մասամբ լուծվում են տեղի հայկական եկեղեցական, մշակութային և հասարակական տարբեր մեծ ու փոքր կառույցների ու միությունների տքնաջան աշխատանքների միջոցով:

-Ի՞նչ քայլերն են անհրաժեշտ Հայաստան-Սփյուռք կապերի ավելի ամրապնդման համար:

-Ինչպես նշեցի, հարկավոր է երկուստեք սրտցավ և գիտակից մոտեցում: Ձևական, մակերեսային և տոնական հանդիսությունների  ու այսպես ասած հարյուրամյակների խնջույքային ներկայացումների ժամանակն անցել է: Հարկ է հարցին ցուցաբերել մասնագիտական և ծրագրային մոտեցում՝ հստակ ժամանակացույցով:

-2017թ-ի նոյեմբերին ստորագրվեց ՀՀ-ԵՄ  համաձայնագիրը: Այն գործնական ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, կապերի ամրապնդման համար:

-ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարելի է համարել բավականին խոստմնալի ձեռքբերում, որի իրագործման պարագայում Հայաստանի Հանրապետության համար կբացվեն որոշակի հնարավորություններ: Միջազգային քաղաքական ասպարեզում դիրքերի ամրապնդում, տնտեսական, քաղաքական ոլորտներում զարգացման և մանևրելու շոշափելի այլընտրանքային հնարավորություն, հասարակության համար արժեհամակարգային հստակեցում ու  ժողովրդավարության խթանում և այլն…

Իհարկե այս բոլորը այն պարագայում, եթե կա կամք՝ հետևելու պայմանագրային դրույթներին, և պայմանագիրը չի մնա լոկ թղթի կտոր:

Իհարկե մենք ողջունում ենք այս համաձայնագիրը և որպես Եվրոպայում գործող հասարակական քաղաքական ոչ շահույթ հետապնդող  կազմակերպություն մեր իրավասությունների և պարտավորությունների մեջ ենք գտնում մասնակից դառնալու այս գործակցությանը և ներդնել որոշակի ավանդ:

-Ամանորը Հայաստանում եք նշում, արդյո՞ք սա առաջին անգամ է և հնարավոր է, որ այն պարբերական բնույթ կրի:

-Սա իհարկե առաջին անգամը չէ, սակայն դեռևս ավանդույթ էլ չի դարձել:

Բայց ինչու չակնկալել, որ ամառային արձակուրդների կողքին ձմեռային արձակուրդները, հատկապես նոր տարին ևս  դառնա այցելությունների և  զբոսաշրջության հարմար առիթ:

-Ամանորյա Ձեր մաղթանքը հայ ժողովրդին:

-Հայ ժողովրդին աշխարհի չորս ծագերում մաղթում եմ հարատևություն, հաջողությունների շարան, երջանկություն և ապագայի նկատմամբ հավատք: Հայաստանին ու Արցախին խաղաղություն:

https://hayacq.com/25269–.html

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert