Ելույթ առաջին

Սիրելի հայրենակիցներ,

Ես այստեղ հանդես եմ գալիս արտահերթ ելույթով, և ելույթս ուղղված է այսօրվա գարշահոտությանը, որը մենք տեղափոխել էինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից` Երևանի քաղաքապետարան:

Ինչո՞ւ էինք դա արել, որովհետև մենք, որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ պետք է դադարեցնենք այլևս ապրել գարշահոտության մեջ, իսկ գարշահոտությունն ունի շուրջ 25-ամյա բռնակալական վաղեմության ժամկետը, և հետևաբար՝ այդ գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք՝ անկախ նրանից, որ կարող եք դեկտեմբերի 29-ին այստեղ խնջույքներ հրավիրել, անցկացնել և  խմել մեր հաշվին կոնյակներ: Կոնյակի՛ բուրմունքը չպետք է միայն ձեզ ուղեկցի, և թանկարժեք օծանելիքի՛ բուրմունքը չպետք է ուղեկցի այստեղ ներկա կանանց, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ գցել եք մեր պետականությունը, Հայոց պետականությունը:

 

Մենք ունեցել ենք 12 մայրաքաղաք, այժմ գումարվել են ևս երկուսը՝ Ստեփանակերտը և Երևանը: Մեր մայրաքաղաքը մեզ համար անգին է, և որևիցե մեկն այստեղ ներկա տղամարդկանցից և կանանցից չի կարող որևէ ոտնձգություն իրականացնել մեր նկատմամբ, մեր սիրո նկատմամբ դեպի մեր հայրենիքը և մեր մայրաքաղաքը: Ուրեմն, հիշե՛ք՝ այլևս այդ գարշահոտությունն ուղեկցելու է ձեզ այն բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք: Նույնիսկ ձեր թանկարժեք օծանելիքները և թանկարժեք կոնյակները ձեզ չեն փրկելու: Դուք մի պահ զգացիք այդ գարշահոտությունը և իրարանցում սկսվեց, նույնիսկ այնպիսի իրարանցում, որ հարձակվեցիք տիկին Մարինա Խաչատրյանի վրա, բռունցքները ձեր կիրառեցիք նրա նկատմամբ, և այս պարոնը, այստեղ նստած, նույնիսկ նա հարձակում գործեց:

 

Ինչի՞ց էիք վախենում, մի տիկնոջի՞ց, ով վիրաբույժ է ու մարդկանց կյանք է փրկում, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվել: Ի դեպ, ասեմ՝ գարշահոտությունից չեն խեղդվում, բայց թունավորվում են, մենք ձեր կյանքը թունավորելու ենք: Բացի այդ, Ձեզ փոխարինելու ենք` քրեակատարողական այդ հիմնարկի արտաթորանքը որ կար, այդտեղ դո՛ւք եք լինելու, ձեր տեղն այնտեղ է, սպասում են ձեզ, պետք է փոխատեղում տեղի  ունենա: Մեր բոլոր հերոսները պետք է այնտեղից ազատ արձակվեն, և ձե՛զ պետք է տեղախոխենք այնտեղ:

 

Եվ մինչև այնտեղ տեղափոխվելը՝ արդար դատավարություն ենք անցկացնելու ձեր նկատմամբ, ձեր տեսակի՛ նկատմամբ, և պատիժ ենք պահանջելու, արդա՛ր պատիժ, որը բոլորի սրտով լինի:

 

Ես երբ երիտասարդ էի, և պատժի նշանակման պահն էր լինում, ասում էի՝ պատիժը պետք է լինի արդար, նույնիսկ ամենավերջին հանցագործի նկատմամբ: Մենք ձեր նկատմամբ արդար պատիժ ենք կիրառելու ձեր արած բոլոր հանցագործությունների համար, որ այսօր թողել եք մեր երկիրն այսպիսի թշվառ վիճակում, որ մեր ծերերը կազմում են մեր երկրի 350 հազարը, որ մեր երկրից տեղի է ունեցել այս քանակի արտագաղթ, կուտակել եք 7 մլրդ դոլարի պարտք, և դեռ շարունակում եք, ուզում եք հրճվե՞լ, ուզում եք զվարճանա՞լ՝  չե՛նք թույլ տալու, այլևս ձեզ չի ներվելո՛ւ, բոլոր տեղերում դուք լինելու եք մերժելի:

Եվ ողջ հայությունը պետք է կանգնի, որպեսզի մերժի ձեզ, որպեսզի ձեզ ուղարկի բանտախուց՝ ձեր տեղը: Ձեզ սպասում են, այդ նույն Նուբարաշենը ձեզ է սպասում:

 

Եելույթ երկրորդ

Ես վերջերս եղել եմ մեր մի հայաշատ քաղաքում, որտեղ ապրում են ավելի շատ հայեր, քան Երևանում՝ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում:  Եվ գնացել եմ քաղաքապետարան, որն ունի հայ ազգի թվով չորս քաղաքապետեր` հերթականությամբ է այնտեղ:  Դուռը բաց է, որևէ ոստիկան այնտեղ քեզ չի խոչընդոտում, մարդիկ այսպիսի ագրեսիվ վարքագիծ չեն դրսևորում: Յուրաքանչյուր քաղաքացի, երբ խնդիր ունի կապված քաղաքապետարանի հետ, կարող է գալ քաղաքապետարան, և այնտեղ իր առաջ դուռը բաց կլինի, իրեն կընդունեն քաղաքային իշխանությունները, որովհետև տվյալ քաղաքացին է այդ քաղաքապետարանի ֆինանսավորողը, գործատուն:

 

Հիմա դուք մոռացել եք, այստեղ բերում եք, ոստիկանական ուժեր եք կուտակում, նաև քաղաքապետարանի մուտքում են այդ ոստիկանական ուժերը կուտակված, և նաև՝ քաղաքապետրանի շենքում. ո՞վ է տեսել այդպիսի բան: Իսկ մեր սահմանները մեր 18-ամյա զինվորներն են պահում: Բերել եք այս կերած-խմած, լավ հանդերձանքով ոստիկաններին, բերում եք մե՞զ վրա, և պաշտպանում եք ձե՞զ, և մեր 18-ամյա զինվորներին եք ուղարկում առաջնագիծ, և ամեն օր մենք ստանում  ենք  մեր սահմանից դժբախտ դեպքի վերաբերյալ մի լուր: Եվ դո՞ւք եք այսօր այն իրավասություններ ունեցող անձինք՝ դուք ողորմելի՛, ծիծաղելի՛ անձնավորություններ եք, որ պաշտպանվում եք այսօր այդ ոստիկաններով, ոստիկանական ուժով. սա՛ է պատկերը: Ունենք, այո, Գլենդել, Լոս Անջելես, որտեղ ապրում է մեկ միլիոնից ավելի հայ: Եվ այսօր Երևանում մենք չգիտենք՝ ինչքան մարդ է ապրում, դուք այնպես եք արել, որ մեր հայրենակիցները գաղթեն Հայաստանից. ոչ թե՝ արտագաղթեն, այլ՝ գաղթեն:

 

Շուրջ հարյուր տարի առաջ այդ գաղթը կազմակերպեց թուրքը, Օսմանյան կայսրությունը: Հիմա եթե նայենք ձեր վարքագիծը, ոչնչով չի տարբերվում Օսմանյան կայսրության վարքագծից: Նույնն եք արել մեր նկատմամբ, մեր երեխաների, զավակների նկատմամբ, որ ամբողջ աշխարհով մեկ սփռվել են որպես գաղթական: Գնացե՛ք նայեք՝ Մոսկվա, Փարիզ, Բրյուսել,  Լոս Անջելես, Նյու Յորք, Ավստրալիա, գնացե՛ք տեսեք՝ ձեզանի՛ց են փախել, գաղթել են, դո՛ւք եք դեպորտացիայի ենթարկել:

 

Այսօր այստեղ բերել եք, ինչ-որ փաստաթղթեր եք քննարկում՝ ի՞նչ կապ ունեն դրանք մեր ազգային ինքնության հետ կամ մեր ազգային շահի հետ. դրանք կապ ունեն ձե՛ր անձնական շահերի հետ, ձեր անձնական հարցերն եք լուծում: Եվ մե՛նք, քանի որ հասկանում ենք, որ յուրաքանչյուրդ այստեղ մեղսակից եք այս ամենի մեջ, մենք ձեզ չենք հանդուրժում: Եվ ճիշտ ենք անում, որ չենք հանդուրժում, յուրաքանչյուրիս պարտականությունն է, մենք այդպիսի պատգամ ենք ստացել մեր պապերից: Մենք թույլ չենք տալու, որ այս փոքր Հայաստանը, որը կազմում է մեր Հայկական բարձրավանդակի շուրջ 10 տոկոսը, դուք մեզ այստեղից հանեք: Մե՛նք ենք ձեզ դուրս հանելու այստեղից: Մենք կցանկանայինք, որ մեր բոլոր հայրենակիցներն ապրեին մեր հողում, որովհետև դա մեր բաղձալի երազանքն է, որ լիներ ազգահավա՛ք, բայց դուք դրան խոչընդոտում եք, հետևաբար՝ ձե՛զ պետք է մեկուսացնել: Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անենք, որ դուք այստեղ չլինեք:

 

Այստեղ հնչեց, որ մենք բերել ենք ինչ-որ մի այնպիսի նյութ, որը շատ վտանգավոր էր ձեր առողջության համար: Ուրեմն, ասեմ ձեզ՝ մենք ձեր առողջության նկատմամբ ոտնձգություն չենք կատարի, մենք հումանիստ մարդիկ ենք, մենք շատ ենք հարգում մարդու արժանապատվությունը և մարդուն: Եվ ասեմ ձեզ, որ մենք ձեր նկատմամբ որևիցե կտտանք չենք ցանկանում իրականացնել՝ ի տարբերություն ձեզ, երբ դուք 2016 թվականին Սարի թաղում կիրառեցիք մեր նկատմամբ, խաղաղ ցուցարարների նկատմամբ, լրագրողների նկատմամբ այդ թունավոր նյութերը, որից այրվեցին մեր բոլորի հագուստները, մե՛նք այրվեցինք, մենք ստացանք մարմնական վնասվածքներ: Այստեղ թափված այդ հյութը, հյութ էր գարշահոտով, այո, դա արտաթորանքն էր, 25 տարվա արտաթորանքը, որը  քիմիական բաղադրություն չուներ, բնական բաղադրություն ուներ: Ի դեպ, այդ բնական բաղադրությունը, ՀՀՇ կամ Հանրապետական կուսակցություն ասենք, այս 25-ամյա իշխանությունն է, որն իրականում մեր հայկական իշխանությունն է: Հիմա Օսմանյան Թուրքիան չէ, բայց դուք՝ նո՛ւյնն եք անում, մեր հայկական իշխանությունը նույնն է անում:

 

Մենք շուրջ հազար տարի առաջ՝ 1046 թվականին կորցրեցինք մեր հիմնական թագավորությունը՝ Անիի թագավորությունը, դրանից հետո մեր ողնաշարը չի վերականգնվել: Հիմա նո՛ւյնն եք անում՝ Ձեր վարքագիծն այսօր, այսքան ոստիկան այստեղ հրավիրելը, այնտեղ այն բուժաշխատողներին նստացնելը՝ սա նո՛ւյն վարքագիծն է: Դուք չեք էլ զգում՝ ինչպիսի ատելություն է ձեր նկատմամբ այսօր առկա, և այդ ատելությունը չի կարող չունենալ պայթյուն և հետևանքներ, որը ձե՛ր վրա է անդրադառնալու, և ձեր սերունդների ու երեխաների:

 

Այսքանով մենք այսօր ավարտում ենք այս նիստը, մենք լքում ենք այս դահլիճը: Եվ քանի որ ոստիկանությանն ենք մենք դիմել, մենք պահանջելու ենք յուրաքանչյուրի, այդ թվում նաև՝ այս նիստը վարողի վարքագծին համապատասխան գնահատական, իրավական գնահատական, իսկ քաղաքական գնահատականը տալու է մեր ողջ հայ ազգը, կապ չունի՝ որտեղ, որովհետև այսօր`՝ մի Երևան է Լոս Անջելեսում, Մոսկվայում և Փարիզում: Իմացե՛ք՝ դուք ամե՛ն մեկդ, երբ որ կգնաք այնտեղ, կցանկանաք ձեր զվարճանքը կամ վայելքներն անցկացնել՝ ձեզ դիմավորելու են այդպիսի գարշահոտով, այլ ոչ թե թունավոր ինչ-որ քիմիական նյութերով: Գար-շա-հո-տո՛վ՝ դուք դրա՛ն եք արժանի:

http://www.yerkirtsirani.am/am/mo/545/

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert