Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէ, էս մեկը չեմ կարող չանդրադառնալ, գազի գնի թեմային: Որովհետև լիքը մարդ ձեռքերը շփելով, ուրախ-ուրախ ասում է, հը՞, տեսա՞ք, Նիկոլը բան չի կարում անի, ռուսները գազի գինը բարձրացնում են, իսկ նա այնքան վատ ղեկավար է, որ չի կարում դրա դեմն առնել: Բա սա ղեկավա՞ր է: Սա հլը իրա հալը կտեսնի: Հեսա համատարած թանկացումներ կլինեն, նոր կհասկանա, որ պետություն ղեկավարելը տուն-տունիկ խաղալ չէ, խեղճացած գնացել է Մոսկվա, խեղճացած եկել… մի խինդ, մի ուրախություն: Աղոթում են, որ հանկարծ Պուտինը կուլ չգնա ու գազի գները նույնը չթողնի:
Ու սրանցից ոչ-ոք չի ասում, հարց չի տալիս. իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում գազի գինը բարձրացնել, և ինչո՞ւ է դրա դեմն առնելը բավական բարդ խնդիր:
Որոհետև եթե այս հարցերին պատասխանեն, պետք է ստիպված լինեն ամենավերջին խոսքերով հիշեն ու քննադատեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, հանրապետականներին ու բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ Հայաստանի գազաէներգետիկ համակարգը կերել են, փոշիացրել են, գրպանել են, իրար միջև բաժանել են, հետո էլ սկսել են այդ հսկայական համակարգը մաս-մաս նվիրել Ռուսաստանին՝ այդպես փակելով իրենց կերածի հաշիվները:
Այդպես 2013թ. նոյեմբերին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը հանձնեցին Ռուսաստանին, այսինքն՝ «Գազպրոմ-Արմենիային»: Այդ 20 տոկոսը մեր վերջին փշրանքներն էին գազաէներգետիկ համակարգում: Տվել են 300 մլն դոլարի պարտքի դիմաց: Գիտե՞ք, թե այդ 300 միլիոն պարտքը ինչպե՞ս է ձևավորվել: Ճիշտ է. կերել են: Այսինքն, գազը Ռուսաստանից ներմուծել են, մեր վրա վաճառել, մենք՝ քաղաքացիներս, հասարակ վճարողներս, պարտաճանաչ վճարել ենք այդ գազի դիմաց, բայց մեկ է, 300 մլն դոլարի պարտք է առաջացել: 2000 թվականին էլ է այդպես եղել, 2003-ին էլ, 2004-ին էլ, մինչև 2013-ի վերջը: Անընդհատ, կերել են, դիմացը հերթական օբյեկտն են տվել ռուսներին, կերել են, հանձնել են: Մեր հեկ-երը, ատոմակայանը, բաշխիչ ցանցերը, Սևան-Հրազդան հեկ-երը, Իրանից եկող գազատարը: Ինչ հնարավոր էր վաճառել, նվիրել, հանձնել են:
Ու հիմա, կանգնել, մի այնպիսի մուննաթով, չարախնդությամբ, հիստերիկ, թե բա՝ Նիկոլը տապալել է բանակցությունները, վարի է տալիս երկիրը, էնքան հեղինակություն չունի, որ Պուտինի հետ գազի գնի հարցում համաձայնության գա: Ու չեն ասում, որ այս ծանր իրավիճակը ստեղծվել է իրենց պատճառով: Տարիներ շարունակ Հայաստանը մաս-մաս վաճառելու պատճառով: Այո, հենց Հայաստանը, որովհետև գազաէներգետիկ համակարգը դա Հայաստանի բաղկացուցիչ մասն էր, նրա մի կտորը, նրա անվտանգության, անկախության, ինքնուրույնության կարևոր երաշխիքը:
Սրանց ցինիզմը էլի. 2013-ին որ Հայռուսգազարդի վերջին 20 տոկոսը 300 մլն-ի դիմաց հանձնել են ռուսներին, մի հատ էլ հայտարարում էին, թե սա փայլուն գործարք է, քանի որ մինչև 2019թ. հունվարի 1-ը գազի գինը չի թանկանալու: Սա իրենց կարճամիտ ուղեղով, փայլուն է:
Իսկ թե դրանից հետո ինչ պիտի լիներ, դրա մասին չեն ասել: Դե, 2019 թիվը կգա, կտենանք, ինչ ենք անելու: Մի բան կհանձենք էլի: Ոնց որ միշտ: Բայց էլ հանձնելու բան չի մնացել: Մի հատ ուշադիր ձեր կողքերը նայեք. կա՞ մի բան, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Երևի մենակ արտաքին պարտքը: Ռազմավարական նշանակության որևէ օբյեկտ չի մնացել, բոլորը մսխել են, տվել օտարներին: Սա ի՞նչ է, եթե ոչ ծանրագույն հանցագործություն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ: Ու սրանք դեռ համարձակվում են հոխորտա՞լ:
Ամենավատը այն է, որ նույն 2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիր են ստորագրել, որը իրականում մի հատ ահավոր հարված է Հայաստանին ու Արցախին:
Վերցրել են, ու մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը «Գազպրոմին» բացառիկ մենաշնորհային իրավունքներ տվել: Բացառիկն այն բառը չէ: Այսինքն, մինչև 2043 թվականը մենակ «Գազպրոմից» կարող ենք գազ ներմուծել, կամ պիտի իր թույլատվությունն ունենանք, գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունք ենք տվել, այսինքն, եթե նույնիսկ Իրանից ցանկանանք գազ ներմուծել, կամ պիտի առանձին խողովակաշար կառուցենք, կամ պիտի «Գազպրոմի» թույլատվությունը ստանանք: Կամ, «Գազպրոմը» իրավունք է ստացել «ՀայՌուսգազարդի» գույքն և իրավունքները օտարել՝ «առանց Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության», այսինքն, Գազպրոմը» կարող է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները և իր այլ սեփականությունը հանձնել, օրինակ՝ Թուրքիային:
Կամ «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդ»-ի վերաբերյալ բոլոր տվյալները, տեղեկությունները կարող է տրամադրել ցանկացած երրորդ կողմի:
ՀՀ կառավարությունը համաձայնագրի 6-րդ հոդվածով վայր է դրել «Գազպրոմ»-ին պատկանող գույքի ազգայնացման կամ ռեկվիզիցայի որևէ իրավունք, այսինքն՝ երաշխավորել է, որ ՀՀ ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն ոտնահարի «Գազպրոմ» ընկերություն և դրա իրավահաջորդների իրավունքները և շահերը:
Այսինքն, բռնել, նման կապիտուլյացիոն համաձայնագիր են կնքել, իսկ այս համաձայնագիրը, մեծ հաշվով, պետական դավաճանության և սահմանադրական նորմերի խախտման տարրեր է իր մեջ պարունակում, ու եկել էսօր ելույթներ են ունենում, թե մեր ժամանակ սենց բաներ չկային, բա մենք հզոր էինք, բա մենք չէինք թողնում, որ գազի գները բարձրանային:
Հա, չէիք թողնում, մեր երկրի ունեցվածքի հաշվին: Ու հիմա մեզ ահա այսպիսի ծանր ժառանգություն են թողել: Ամեն մեկիս վրա մի քանի հազար դոլար արտաքին պարտք ու բացարձակ էներգետիկ կախվածություն Ռուսաստանից ու «Գազպրոմից»:
Սա մարտի 1-ի ոճրագործության պես մի հանցանք է: Մի հատ պետք է լրջորեն զբաղվել այս հարցով, պարզել, թե ուր են տարիներ շարունակ գազի վաճառքից գոյացած գումարները գնացել, ինչո՞ւ ենք պարտքեր կուտակել և դրանց դիմաց մեր օբյեկտները հանձնել օտար երկրներին: Ինչպե՞ս կարող էր ընդամենը 3 տարում գազի դիմաց 300 մլն դոլարի պարտք կուտակել: Ո՞ւր է այդ 300 մլն դոլարը: Մասամբ գիտենք, թե այդ գումարները որտեղ են. հիմա դրանցով հարվածում են մեր պետությանը, լրատվամիջոցներ են ձեռք բերում, որոնք մարդասպանների գովքն են անում, փաստաբաններ են վարձում, որպեսզի իրենց ոճրագործությունները արդարացնեն, իրենց լոբինգի, ֆեյքերի, իբր գրքեր գրելու, ֆեյք ակտիվիստների, վերլուծաբանների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում, գրավներ է, որ վճարում են: Փողի պրոբլեմ չունեն: Միայն թե ծախսելու տեղ լինի: Մինչդեռ դրանք տարիներ շարունակ մեզանից գողացած փողերն են, դրանք այն գումարներն են, որոնք պետք է ապահովեին մեր անկախությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ վառելիքաներգետիկ ոլորտի:
Հիմա Պուտինին ի՞նչ ասես. ասես, մի թանկացրու գազի գինը, պիտի ասի՝ քյարս ո՞րն է: Չափազանց բարդ են լինելու գազի գնի շուրջ բանակցությունները, քանի որ ահա այսպիսի անմխիթար վիճակ ենք ժառանգել: Ու ովքեր որ Հայաստանին նման իրավիճակում են դրել, հենց նրանք էլ ամենաբարձրն են այսօր բղավում:

—————

նկարը՝ http://medialab.am

 

Այս թեմայով տես նաև՝ http://medialab.am/news/id/9843

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert