«…Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,

Անցածի փշերը դառնորեն խոցեն-

Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,

Որ վերջի՜ն  մեր սերն է աշխարհում գուցե…»:

(Եղիշե Չարենց)

 

Վ. Տերյանը ծնվել է  1885 թ.-ի հունարի 28-ին (փետրվարի 7-ին) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունը գյուղի դպրոցում ստանալուց հետո,  նա մեկնում է  Թիֆլիս՝ եղբայրների մոտ, որտեղ գիմնազիան ավարտելուց հետո, 1899 թ.-ին , մեկնում է Մոսկվա և ընդունվում   Լազարյան ճեմարան, այն  ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պատմաբանասիրական  բաժինը: Նույն թվականից մամուլում  հրատարակվում են նրա բանաստեղծությունները, իսկ 1908թ.-ին , Թիֆլիսում, լույս է տեսնում  «Մթնշաղի անուրջները» ժողովածուն, որով նա մի անգամից դառնում է հայ գրականության նշանավոր դեմքերից մեկը: 1912թ.-ին, Մոսկվայում հրատարակվում  է   նրա «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն, որում ընդգրկված էր նաև  «Մթնշաղի անուրջները»՝ վերամշակված: 1913թ.-ն Տերյանը ընդունվում է Պետրոգրադի (  1914թ.-ից Ս.Պետերբուրգ) համալսարանի արևելագիտության բաժին:1915 -16 թթ. -ին գործուն մասնակցություն  է ցուցաբերում հայ պոեզիայի տարածման գործին, աշխատակցում է նշանավոր ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի հետ, որը հրատարակել էր «Հայաստանի պոեզիան» գիրքը, և որում ընդգրկված էին նաև Տերյանի բանաստեղծություններից:  Այդ շրջանում Տերյանը , չնայած  թոքերի հիվանդությամբ  տառապելուն, եռանդուն  մասնակցություն էր ցուցաբերում նաև քաղաքական կյանքին: Նրան տանջում էր իր երկրի,  հատկապես Արևմտյան Հայաստանի անհայտ և ողբերգական ճակատագիրը.

 

 

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի.

Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ

Պատել, պայծառ Նաիրի…

 

Վտարանդի, երկրում աղոտ,

Լուսեղ, քեզ եմ երազում,

Եվ հնչում է, որպես աղոթք

Արքայական քո լեզուն:

 

Հնչում է միշտ խոր ու պայծառ,

Եվ խոցում է, և այրում.

Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,

Թե՞  վերքերն իմ հրահրուն:

 

Ահով ահա կանչում եմ քեզ

Ցոլա, ցնորք Նաիրի’.

Մի՞թե վերջին  պոետն  եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի:

 

1920թ.-ին Վահան տերյանը  քաղաքական գործունեության  առաքելությամբ   մեկնում  է Միջին Ասիա, սակայն, ճանապարհին  հիվանդությունը սաստկանում է  և  տեղափոխվում է  Օրենբուրգ .

 

«…Իմ գերեզմանը թող լինի հեռվում,

Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն,

Թող շուրջս փռվի անանց լռություն,

Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան…»

 

Պոետական ոգու  նախազգացո՞ւմ… Ադպես էլ եղավ: Երկու ամիս Օրենբուրգում մնալուց հետո, Տերյանը վախճանվում է և այդտեղ էլ հանձնվում է հողին:  Սակայն, ցավոք, նրա շիրիմը այդպես էլ մնում է անհետ կորած: Օրենբուրգում նրա անվամբ կա փողոց,  թանգարան և հուշարձան: Նրբության  ու քնքշության, սիրո, մեղմ ու թախծոտ աշնան, պայծառ գարնան, ազատատենչ երազներով առլեցուն Տերյանը մեզ պարգևեց 400 մարգարիտ բանաստեղծություններ, որոնք եթե չլինեին, ապա ինչ-որ չափով պակաս կլիներ մեզանից յուրաքանչյուրի սերը, թախիծը՝ անուշ աշնան և խինդը՝ պայծառ գարնան:

 

Ջոկոնդա Միրզախանյան, 25 փետրվար 2012 թ.

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert