Այն փողոցներում արևո՜տ, գունե՜ղ, որտեղ դեռ մեր անցյալն է ննջում
իր վրա քաշած ծածկոցը այն հի՜ն, որի թելերը մեր սերն են բուրում,
լու՜ռ անձրևում է կապույտ ծերունին։

Եվ գիշերներում մեր հավերժության, որտեղ սեր նկարեցինք ճերմակ սավանին աստղերից թաքուն,
դեռ արտասվում է մեր սիրո քամին, ում մոռացանք մեր երազներում։

Իսկ այն մայթերով, որ պիտի քայլեինք լուռ թափառում է մի խենթ, ճղճիմ ստվեր,
նա իր անձրևով մաքրում է փոշին ոտնահետքերի, որ պետք է թողնեինք մեզանից հետո կույս հողի վրա,
որին դեռ ոչ մի գարուն համբույր չէր տվել։

Եվ պատուհանները ինձ այդքա՜ն ծանոթ, որ պետք է բացեի ամեն առավոտ,
որ արևիցս մի՜ փոքրիկ կարոտ ներս մտներ սենյակ, որտեղ իմ ու քո միաձուլումից մի նոր աշխարհ պիտ ծնվեր մի օր,
այսօր ներկված են մու՜գ ցեխաջրով և իմ թակոցը ոչ–ոք չի լսում,
պատուհանները այդ ինձ այդքան ծանո՜թ՝ ինձ բացող չեղավ։

Եվ խորթ եմ հիմա ես այս հասցեում,
որտեղ իմ ու քո տաք համբույրներին կարոտ մնացած պատերն են ոռնում մեր սիրո ցավը
և գիտես ինչու,
որովհետև էլ ի՜մը չես:

Անի Հերունի Սաջյան



 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert