Կարծում եմ, որ շատերը համաձայն կլինեն ինձ հետ, եթե ասեմ, որ 2018 թվականը  պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի զարթոնքի և վերածննդյան տարի, որին մենք այդքան անձկալիորեն սպասել ենք շուրջ երկու հազար տարի, որը իրականություն դարձրին Հայաստանի երիտասարդությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրանք նաև մեզ՝ սփյուռքահայերիս, ներարկեցին այն հպարտությունը, որի կարիքն, ինչպես բանաստեղծն է գրել․ մենք՝ «օդի, ջրի նման» պետք ունեինք։ Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է իր ելույթներում անգամներ շեշտել, որ դա հնարավոր դարձավ միայն ու միայն Հայ ժողովրդի միասնականության շնորհիվ։ Ինչ խոսք, չպետք է մոռանալ, որ ժամանակի ԱԺ-ում ազդեցիկ ՀՀԿ/յան խմբակցությունը և մյուս կուսակցությունները իրենց հերթին բավականին քաղաքական հասունություն ցուցաբերեցին, ստիպված, թե ոչ, դա այլ հարց է և չգնացին առճակատման, որը կործանարար կլիներ երկրի համար։

Ահա հենց վերոհիշյալ եղելությունների պատճառով էլ երևի առաջին անգամ՝ մեր բազմադարյան պատմության ընթացքում, աշխարհի լրատվական միջոցները և միջազգային քաղաքական անձինք, դրական և գովասանքով խոսեցին հայ ժողովրդի, Հայաստանի մասին։ Որը ոչ միայն մեր թշնամիներին դուր չէր գալիս, այլ նաև հակահեղափոխականներին, նախանձներին, գող, սիրտը դող՝ անձանց, չարակամներին և այսպես շարունակ․․․ Որոնք էլ այստեղ-այնտեղ գլուխ են բարձրացրել։ Նրանցից շատերը տառապում են հային հատուկ իշխանամոլությամբ, մեծամտությամբ և չեն կարողանում մարսել, որ երիտասարդ Նիկոլ Փաշինյանն է նստած իշխանական աթոռին, ոչ իրենք ու ահա սկսել են փորփրել խարխլել այն։ Ասես նրանք անգամ ևս ցանկանում են աշխարհին ապացուցել, փաստել, որ հայը չի կարող, ընդունակ և արժանի չէ՝ անկախություն և ազգային պետականություն ունենալ։ Որովհետև այն ինչ վերջին ժամանակներում Հայաստանում գրվում կամ հաղորդվում է Նիկոլ Փաշինյանի և նրա զինակիցների մասին, արդեն հասարակ մեղադրանքի կամ քննադատության չափն անցնում է․․․

Իսկ այն ինչ վերջին օրերին ԱԺ/ում կատարվեց, մանավանդ նման կերպ դրսևորված մեղադրանքով և հանդիմանանքներով։ Մեզ մոտ, ովքեր ոգեվորված էինք Հայաստանում հեղափոխության հաղթանակի, նոր կառավարության կազմավորման պատճառով և ամբողջ ժամանակ հետևում էինք ընթացիկ իրադարձություններին, ոչ միայն տհաճ երևույթի տպավորություն թողեց, այլ նաև հիասթափեցնող էր։ Այո, այն նաև մտահոգիչ էր և պատճառ դարձավ, որ մեզ մոտ միանգամից մի քանի հարցեր ծագեն ու նաև մտավախություն, որ ԱԺ-ում նման  տարաձայնությունների էլ ավելի խորացումը և կողմերի երբեմն ոչ հավասարակշռված ելույթները, կարող է որ կենսական լինեն, խարխլեն, վտանգի ենթարկեն այն միակուռ միասնությունը, որը գոյություն ուներ հեղափոխությանը մասնակցած և նրան սատարող կուսակցությունների միջև։ Իսկ նման հեռանկարը բոլորովին էլ խոստումնալից չի կարող լինել երկրի անվտանգ ապագայի և տնտեսական զարգացման համար․․․

Իրոք, բանն ինչո՞ւմն է,  ինչպիսի՞ էական, ավելի շուտ կենսական և շոշափելի տարաձայնություններ կան կառավարության և իրականում ոչ ընդդիմության, իմա՝ Լուսավոր Հայաստանի միջև։ Պարզվում է, որ ոչ մի։ Ըստ երևույթին, վերջինս դուրս մնալով նոր կազմավորվող կառավարության կազմից, խռոված ընկերոջ տպավորություն է թողնում և նա այնպես է ցանկանում ընդդիմություն խաղալ և կառավարությանը ասել, այո, նա պետք է, որ իրենց հետ, որպես՝ ընդդիմություն, հաշվի նստի։ Այստեղ պետք է նաև նշել, որ մեզանից շատերը սիրով կցանկանային տիկին Մանե Թանդիլյանին և պարոն Մխիթար Հայրապետյանին տեսնել նորընտիր կառավարության կազմում, նրանք՝ որպես նախարարներ, ծանրակշիռ էին և իրենց պահվածքով արժեքավորում էին իրենց կողմից գլխավորած պետական այդ երկու կառույցները, բացի այդ, տեսականորեն ավելի քան սպասելի էր և բնական, որ Լուսավոր Հայաստանը, որպես հեղափոխության մասնակից և աջակցող կուսակցություն, ներգրավվեր նոր կառավարության կազմում և ԱԺ-ի քննարկմանը ներկայացվող ծրագրի ստեղծման գործընթացքին։  Դա մի կարևոր բացթողում էր, որը կարող է երկու կուսակցությունների միջև եղած բաժանման  և տարաձայնության խնդիրները էլ ավելի խորացնել, ինչպես դա ցույց տվեց ԱԺ-ում կառավարության ներկայացրած հնգամյա ծրագրի քննարկումը։ Բայց լսելով Լուսավոր Հայաստան կուսակցության խոսնակների պատճառաբանությունները, ակամայից մտածում ես, միթե՞ նրանք լուրջ են, միթե՞ լավ, կամ վատ ծրագրից է կախված, կառավարությունը կհաջողվի դրանք իրականացնել, թե, ոչ։ Այսօր յուրաքանչյուրը, ով  հետևում է միջազգային քաղաքականությանը և տարբեր երկրների կառավարությունների ուղին, կարող է դատել, որ տարբեր երկրների կառավարությունների՝ խորհրդարաններին ներկայացրած ծրագրերը, ոչինչ չեն նշանակում, եթե երկրում բարենպաստ պայմաններ և իշխանությունների մոտ դրանք իրականացնելու բավարար և վճռական կամք չկան։

Ուրեմն ինչո՞ւ այդքան փոթորիկ ԱԺ-ում, այդպես ձևացող «ոչ»ընդդիմության կողմից, որը իրապես լուրջ չէր հնչում, այդ պատճառով էլ չարժե դրան անդրադառնալ։ Միգուցե հենց այդ էր պատճառը, որ պարոն վարչապետը չկարողանալով զայրութը զսպել, ձայնը բարձրացրեց։ Գուցե դա մի այլ լսարանում և ոչ հանրության ուղղակի մասնակցությամբ, այլևայլ մեկնաբանությունների և եզրակացությունների պատճառ չէր դառնա, բայց թող թույլ տրվի այստեղ ասել, որ կարելի է այդ միջադեպը և հետևյալ մի քանի  հարցեր, որոնք վերաբերում են կառավարության և Պարոն վարչապետի պահվածքին, քննադատելի համարել, այն միտումով, որ առողջ և տեղին քննադատությունը նաև իր դրական կողմերն ունի։

-Եվ այսպես, Պարոն վարչապետը իր ելույթներում հաճախ մեջբերում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Թող ներվի այստեղ անգամ ևս կրկնել, որ դա սխալ և իրականության հետ կապ չունեցող ձևակերպում է, այն հնչում է հռետորական։ Երբեք և ոչ մի տեղ ժողովուրդը չի կարող իշխանություն բանեցնել, ֆիզիկապես չի կարող։ Իսկ ի՞նչ կարող է պատահել,  եթե կառավարությունը որոշումներ է կայացնում, կամ ԱԺ-ում օրենքներ է ընդունել տալիս, որոնց հետ ժողովուրդը համաձայն չի լինում, պարզ է, որ նման պարագայում նա ոչ մի միջոց չունի դրանք կանխելու, բացի ցույցերը, սակայն, ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, հաճախ անկանխատեսելի հետևանքներով։ Լավագույն դեպքում՝ նա կարող է հաջորդ ընտրություններում իր քվեի միջոցով իշխանափոխություն կատարել։ Եվ վախ կա նաև, որ ոչ հեռու անցյալի նման, այն էլ շատ լուզունգների նման հաճախ կրկնելով, փքվելու, իմաստազրկվելու է։

-Շատ լավ է, որ հաճախ ուղիղ կապով կարելի է հետևել կառավարության նիստերին, սակայն ի զարմանքս մեր բոլորի, նիստերում հաճախ հնչում են օտար բառեր, կամ՝ նույնիսկ գրավոր զեկույցները կատարվում են հասարակ խոսակցական հայերենով։

-Երբեք չէի ցանկանա որպես նախարար ներկա լինել կառավարության այն նիստում, որտեղ Պարոն վարչապետը դիմելով նախարարներին, բարկացած ասում է․ «Ով լավ աշխատել չի կարող, թող վեշերը հավաքի տուն գնա»։ Ինչ խոսք, Թափանցիկությունը լավ է, բայց ոչ այդպես․․․

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, փետրվար 2019

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert