Իմ գիշերները խռով են հիմա՝
կարոտ են լալիս որբ տանիքներին,
այն փողոցներին ուր ձայներ չկան
և գորշ ու մռայլ անտեր մայթերին:
Իմ գիշերները Աստծուց նեղացած,
անեծք են թափում քաղաքի վրա,
որբացած բախտի տաք համբույրներից մի քիչ գինովցած
նետվում են գիրկը խենթացած ծովի:
Իմ գիշերները անքեզ,առանց ինձ
սեր են պատկերում մեր տան պատերին,
ոռնում երկնային այդ այրող ցավից
և լուռ տարածվում թաց պատուհանին:
Իմ գիշերները սևահեր ու հեզ,
անմեղ ու մաքուր աղջնակի պես
անփորձ քայլերով գիրկդ են գալիս
և լուռ խոնարհվում երկնքիդ առաջ,
փարվում են կրծքիդ քարացած ու թաց,
մոռանում «Հայր մեր»,աղոթք առ Աստված
և լուսաբացին որպես մի շան քած
հեռանում անբառ,անաղմուկ,խաբված,
դատարկված սիրուց,կյանքից կշտացած
և որպես պոռնիկ անտեր,անտունի
ձուլվում արգանդին անիծված ու պիղծ,
փսխում են մաղձը սատանա բախտի
ու դառնում լուսնին քույր ու բախտակից:

Անի Հերունի Սաջյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert