Սույն թվականի հուլիսի 5-ին «Նոր Խոսք» կայքէջում հրապարակվել էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆերսոր Վլադիմիր Պետրոսյանի մեկնաբանությունները «Նոր Յառաչ» լրագրի թղթակից Րաֆֆի Դուդագլեանի երկու հոդվածների վերաբերյալ:

Վլադիմիր Պետրոսյանը, լինելով պատմաբան, իր մեկնաբանություններում խոսել է փաստերի լեզվով՝ ինչպես լուրջ պատմաբանին է հարիր: Ցավոք մեր գործընկեր հարգելի լրագրող Րաֆֆի Դուդագլեանը ո՛չ «Նոր Յառաջ»-ում հրատարակված իր երկու գրություններում, ո՛չ էլ ի պատասխան Վլադիմիր Պետրոսյանի իր ՖԲ-յան էջում հղման մեջ է փաստերով խոսում ու փորձում այդ փաստերը առարկել կամ իր տեսակետը հիմնավորել, այլ պարզապես լրագրողին ոչ հարիր պահվածքով՝ հեգնանքով է մոտեցում ցուցաբերում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի նկատմամբ՝ անվանելով նրան «ոմն պատմական գիտութիւններու դոկտոր…». ի դեպ՝ Պրոֆեսորին հեգնող լրագրողը իր «ոմն պատմական գիտություններու դոկտոր» արտահայտությամբ, ամբողջ «պատմական գիտությունն» է հեգնում:

Նախ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարելի է, չճանաչելով մի գիտնականի, նրան  «ոմն» անվանել: «Պրոֆեսորական» տիտղոսն արդեն իսկ ամեն ինչ նրա մասին ասում է, անգամ եթե անծանոթ լինել այդ անձնավորության մտքին կամ իրեն անձամբ:

Մեզանից շատերը շատ գիտնականների չենք տեսել, անձամբ չենք ճանաչել, սակայն նրանց ճանաչում ենք իրենց արտահայտած մտքերի և գիտական աշխատանքների միջոցով:

Հարգելի Րաֆֆի Դուդագլեանը, բոլորովին անծանոթ լինելով Վ. Պետրոսյանի ամբողջական մտքին, նրան մերժում է ոչ թե փաստերով, այլ՝ «ոմն»-ի հեգնանքով. ասել է, թե. «էտ ինչ գիտնական է որ ինձ նման լրագրողին, անգամ պատմությունից հեռու մարդուն, բան սովորեցնի»:

Հարգելի Ր. Դուդագլեանը, շարունակելով իր խոսքը, առանց որևէ հիմնավորման մերժում է Վ. Պետրոսյանի նման ընդդիմախոսին և ասում է. «Մենք արժեհամակարգերով եւ էութեամբ տարբեր ենք իրարմէ»: Հարգելի լրագրողը մոռանում է, որ ինքը բազմակուսակցական, ազատական համակարգի համախոհն է և այդ համակարգում պետք է որ լինեն տարբեր արժեհամակարգի կրողներ և տեսակետների տեր մարդիկ, կուսակցություններ և կազմակերպություններ: Հարց է առաջանում, եթե պարոն Րաֆֆի  Դուդագլեանը իշխանության ղեկն իր ձեռքն առներ, ինչպե՞ս էր վերբերվելու իր ընդդիմախոսների հետ: Արդյոք բոլորին մերժելո՞ւ էր, արգելելու և բանտե՞ր լցնել կամ գնդակահարելո՞ւ էր:

Ավելի սարսափելին այն է, որ Հարգելի Լրագրողը մերժելով ու բանտեր նստեցնելով էլ չի բավարարվում, ցանկանում է ընդդիմախոսին «քէօքէն» արմատախիլ» անել:

Հաջորդ հարցն է առաջանում. Եթե արդարև խիստ քննադատության է ենթարկվում «37 թիվը», որ այդ թվին ընդդիմախոսները, բուրժուական գաղափարակիրները, իդեալիստները հալածվել են, բա ինչպես հասկանալ պարոն Րաֆֆի Դուդագլեանի  և 37 թվականի անհանդուրժողականության տարբերությունը. Նույն մտածելակերպը չէ՞ «քէօքէն արմատախիլ» անելը:

Բնավ նպատակ չունեմ Պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի առաջ քաշած պատմական դրույթները հաստատել կամ այդ փաստերի մասին խոսել, դա լրիվ այլ խնդիր է: Սակայն ցանկանում եմ միայն հուշել, որ չի կարելի մարդկանց հետ խոսել այն լեզվով ու ոճով, որով չես ցանկանա, որ քեզ հետ խոսեն: Չի՛ կարելի ստալինաբար «Ստալին» քննադատել:

Այն ինչ հայոց պատմությանն է վերաբերում, նամանավանդ այն իրադարձություններին, որոնք վերջին 150 տարիների ընթացքում են տեղի ունեցել, կարիք ունի պատմագիտական լուրջ վերանայման, բազմակողմանի ուսումնասիրման և  հստակեցման: Մի խոսքով այն, ինչ այսօր որպես «հայոց պատմություն» է հրամցվում, զուտ կուսակցական քարոզչություն է և ոչ մի առնչություն չունի գիտական փաստերի վրա կառուցված ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ հետ: Դա իհարկե ոչ թե մեր՝ լրագրողներիս գործն է, այլ պատմության գիտությունների դոկտոր պրոֆեսորների համատեղ քննարկման և ձևակերպման անաչառ աշխատանքին է, որը հույս ունենք, որ տեղի կունենա և մենք բոլորս կառնչվենք իրական և իսկական պատմության հետ, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական դիտանկյունից հարմարեցված խմբագրության:

Երվանդ Խոսրովյան

Գերմանիա, 07 հուլիս 2019 թ.


———————————————————————————–

Պարոն Րաֆֆի Դուդագլեանըի գրառումը ամբողջությամբ տե՛ս ստորև.

«Պատմաբան եւ լրագրող ընկերներս ինծի տեղեկացուցին, որ Վլադիմիր Պետրոսեան անունով մի ոմն պատմական գիտութիւններու դոկտոր, քննադատաբար անդրադարձած է «Նոր Յառաջ»ի մէջ լոյս տեսած գրութիւններուս։ Սկիզբը ոգեւորուեցայ եւ որոշեցի ամենայն ուշադրութեամբ կարդալ փրոֆէսորի քննադատութիւնները։ Ի վերջոյ, բանիմաց մարդոց քննադատութիւններէն միշտ կարելի է ինչ որ լաւ բան սորվիլ։ Բայց երբ փրոֆեսորին դիմատետրի էջէն առնուած ներքեւի գրառումը ստացայ, արդեն հասկցայ, որ ո՛չ ես, ոչ ալ ինքը իրար բացատրելիք բան կրնանք ունենալ… Մենք արժեհամակարգերով եւ էութեամբ տարբեր ենք իրարմէ։ Երբ պատմական գիտութիւններու դոկտորը Նոյեմբեր 29-ը կը փառափանէ, ես այլեւս ըսելիք չեմ ունենար իրեն։ Ոչ ալ լսելիք՝ իրմէ։ Բոլշեւիզմը դեռ կ՚ապրի այս երկրին մէջ, եւ եթէ «քէօքէն» արմատախիլ չ՚ըլլայ, մենք մեր երազած անկախ պետականութիւնը չենք կրնար ունենալ։ Կ՚ունենանք կարմիր կամ այլ բանակ Հայաստան հրաւիրողներ, անկախութեան դէմ դաւողներ…»


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert