Շարունակություն
Բ մաս

Արդեն շատ տարիներ յուրաքանչյուր տարվա ձմեռային ամիսները գրեթե ամբողջովին հատկացնում էի տվյալ տարվա ընթացքում իրականացրածս ճամփորդությունների ընթացքում հավաքած նյութերի մշակմանը: 1991-ին մի քանի, յուրաքանչյուրը՝ 2-3 շաբաթ տևողությամբ ճամփորդություն էի իրականացրել դեպի Վրաստանի՝ Բոլնիսի, Մառնեուլի և Թեթրի-Ծղարոցի շրջաններ: Հարյուրներով երևակելիք, ապա՝ արխիվավորելիք ժապավեններ էին կուտակվել, մաքրագծելիք և տուշելիք մեծաքանակ չափագրություններ (դե այն օրերին ներկայիս համակարգիչներն իրենց «արխիկադ» և մյուս ծրագրերով գոյություն չունեին), գումարած արխիվային և գրադարանային ուսումնասիրությունները: Այդ աշխատանքները հենց ձմեռային շրջանի պարտականություններս էին:

Սակայն, վերոնշյալ դեպքից երեք, թե՝ չորս շաբաթ անց, արդեն՝ 1992-ի հունվարին, հիմա արդեն չեմ հիշում, թե ումից, լուր ստացա, որ Թումանյան փողոցի վրա գտնվող «Հայկական Հանրագիտարանի խմբագրության» աշխատակիցները հենց իրենք այրում են տասնամյակների ընթացքում խմբագրության պահոցներում ամբարված պարբերականները: Այս լուրը ժամ առաջ ուզեցի ճշտել և անմիջապես ճամփա ընկա դեպի Հանրագիտարանի խմբագրատուն: Այդ օրը մենակ չէի, ինձ ընկերակից էր Ազգային Դիվանի ընթերցասրահի աշխատակիցներից մեկը՝ Անահիտ Սարգսյանը:

Այն պահին, երբ ոտքերներիս ձյունը թափ տալով պիտի մտնեինք շենք, մեզանից առաջ փայտե մեծ դուռը ներսից բացեցին երկու հոգի՝ մի կին և մի պատանի: Երկուսի ձեռքներին էլ երկուական կապոց թերթեր: Երեվացող թերթերին կարդացի անունը՝ «Մարմարա»: Ճիշտը, որ ասեմ աչքերս հետները գնաց, բայց կարծես համարձակությունս չհերիքեց, որ հարցնեմ, ո՞վ եք, ի՞նչ իրավունքով, ո՞ւր եք տանում այս թերթերը: Շեմքին կանգնած մի քանի ակնթարթ կարծես հայացքով ճանապարհեցի ծանր բեռի տակ դժվարությամբ քայլող անձերին, ապա մտանք շենք: Մի-երկու հարցումներով ճարեցինք այն անձերին, ովքեր տեղյակ էին այդ ամենից: Երևի բարկությունս չկարողացա զսպել, որի ազդեցությամբ պատասխանատու երկու կանայք իբր արդարացում ասացին, թե մինչև հիմա միայն ռուսերեն թերթերն են այրել, «Պրավդա»-ներ և այլն ու միայն այսօր առաջին անգամ հերթը հասել է հայերեն պարբերականներին: Ասացի, որ հայերեն թերթերին որևէ մեկն այլևս չհամարձակվի դիպչել, դրանք բոլորն առաջիկա օրերին ես պիտի տեղափոխեմ ապահով վայր, որից հետո պահանջեցի խմբագրության շեմքին հանդիպածս կնոջ հասցեն: Առանց դժկամելու կանայք փոխանցեցին «Մարմարա»-ները տուն տանող աշխատակցուհու հասցեն: Իսկույն դուրս եկանք շենքից և նշյալ հասցեն գտանք այն պահին, որ կինն ու պատանին երևի հազիվ մեկ րոպե առաջ էին տեղ հասել և դեռ հևում էին իրենց տան միջանցքում կանգնած: Առանց երկար բացատրության բռնագրավեցի «վառելիքը» և Անահիտի հետ մի կերպ հասցրինք Ժամացույցի գործարանի մոտ գտնվող տունս:

Հաջորդող օրերն ամբողջությամբ հատկացրի «Հայկական Սովետական Հանրագիտարան»-ի խմբագրատան հայ պարբերական մամուլի հավաքածուների «թալանին»: Տրանսպորտի միակ միջոցը խորհրդային տարիներից ավանդված երեխեքիս սահնակն էր: Սովորաբար օրը մեկ «ռեյս» էի անում, բայց երկու անգամ հաջողեցի մեկ օրում երկու «ռեյս» անել: Չեմ հիշում, թե որերրորդ օրն էր պահակը մեջ ընկավ, թե այս ո՞ր իրավունքով: Իրավունքն անմիջապես ստացա, երբ պահակի գրպանում հայտնվեց թերևս իր ամսականից ավելի գումարը:

Երեք սենյականոց ժամանակավոր բնակարանիս մեկ սենյակը բոլորովին դատարկ էր: Հենց դա էլ դարձավ հայ պարբերական մամուլի փրկածս միավորների պահեստարանը: Սկսեցի ըստ անունների և ըստ տարիների դասավորել թերթերը, հատուկ ցանկերում յուրաքանչյուր տարվա պակասող համարները դուրս գրել: Հետաքրքիր էր, որ շատերի վրա գաղտնիության մասին ազդարարող կնիք կար: Ինչպես օրինակ «Մարմարա», «Ասպարեզ», Հայրենիք, «Ազատ օր», «Ազդակ» և այլ դաշնակցական մամուլի, որից ենթադրելի էր, որ խորհրդային տարիներին դրանք ամեն մարդ ընթերցել չէր կարող:

Սկսեցի ընկերական շրջապատումս պատմել նոր հիվանդությանս մասին և նրանք, ովքեր տանը թեկուզ փոքր քանակով թերթեր ունեին՝ ինձ բաշխեցին: Զգում էի, որ կամաց-կամաց հիվանդանում էի մամուլ հավաքելու մոլուցքով և հասկանալով հանդերձ, որ դա մի կյանքի գործ է և որը ձեռքի հետ անել չի ստացվի, այնուամենայնիվ, անտարբեր մնալ էլ չէի կարողանում:

1992 թ. տարեվերջին վախճանվեց ակադեմիկոս Սուրեն Երեմյանը: Դեռ 1982-ին մի անգամ գիտնականի հրավերով եղել էի նրա տանը և ներկայացրել՝ Արցախին վերաբերող սահիկներս: Երեմյանի աշխատասենյակից զատ անչափ տպավորվել էի հենց միջանցքում դարսված մամուլի ահռելի քանակությունից: Երբ երախտաշատ գիտնականի մահվան լուրն առա մտաբերեցի 10 տարի առաջ տեսածս և որոշեցի մի այցով պարզեմ, թե ինչ է լինելու իրենց տանը կուտակված մամուլի ճակատագիրը: Երեմյանի այրին և կրիշնայական դարձած որդին ջերմորեն ողջունեցին խնդիրքս: Մեկ շաբաթվա աշխատանքից հետո տունն ազատեցի ավելորդությունից, որի համար վերջին օրը հրաժեշտի պահին Երեմյանի որդին ինձ շնորհակալություն հայտնեց, ասելով, թե պիտի աղբահավաք բեռնատար վարձեր, որից իրեն ազատեցի:

Այդ շրջանում էր, երբ «հիվանդությանս» մասին պատմեցի վաղեմի ընկերոջս Հովհաննես Զաքարյանին և քանի որ իր հայրը՝ երկար տարիներ եղել էր «Հայրենիքի ձայն» թերթի խմբագիրը, հարցրի, թե արդյո՞ք այդ թերթի ավելորդ միավորներ կարո՞ղ է ունենան: Ասաց, ավելի լավ է այդ հարցը հենց հորս տաս: Միասին գնացինք Զաքարյանենց տուն: Լևոն Զաքարյանի պատասխանը հետևյալն էր. –Սփյուրքահահության հետ կապի կոմիտեի շենքը, որտեղ նաև մեր խմբագրության սենյակն էր, հրդեհվել է, գնացեք տեսեք, եթե հրդեհը մեր սենյակին չի հասել, ինչ որ պիտանի համարեք հավաքեք-տարեք: Հովհաննեսի հետ գնացինք նշյալ շենքը, որտեղ բարեբախտաբար կրակը չէր հասել «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրասենյակին: Վերցրի ինչ և ինչքան կարող էի, առաջին հերթին հենց նշյալ թերթի շատ տարիների պատրաստի լրակազմերը, ապա նաև լիբանանահայ որոշ թերթերի (ինչպես օրինակ՝ «Կանչ»-ի և այլ պարբերականների պատրաստի լրակազմերը: Բոլորը, բոլորը, անկուշտի պես ոչինչ չթողեցի և իշաբեռս մի կերպ հասցրի տուն:

Վերջ Բ մասի, շարունակելի

Սամվել Կարապետյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert