–Պատմեմ,ի՞նչ պատմեմ,այն,թե ինչպե՞ս ծնվեց ևս մեկ ոչ ցանկալի պտուղ,այն,թե ինչպե՞ս կյանքը ապտակեց ինձ,տիրացավ և լքեց,ինչպես այն լրբին,ում մարմնին տիրեցին,իսկ առավոտյան նետեցին փողոց։
–Ո՞րբ ես դուստրս։
–Այո,ավելի որբ քան որբերը,ես ծնողներիս կողքին որբացա՝երազելով մանկատան անշունչ պատերի մասին,ես երազում էի այդ անտանելի աղմուկի փոխարեն մանկան ծիծաղի ձայնին կարոտ մանկատան սառը սենյակները,ես երազում էի երազել ծնողներ ունենալու մասին։
–Ես չեմ հասկանում քեզ դուստրս,ծնողներդ չե՞ն սիրում քեզ։
–Նրանք անգամ իրենք իրենց չեն սիրում,դեռ արգանդում ես արդեն զգում էի,թե,որքան են նրանք ինձ ատում,ես երազում էի չծնվելու մասին,պայքարում էի կյանքի դեմ,բայց նրանց ատելությունը այնքան մեծ էր իմ հանդեպ,որ նրանք ինձ կյանք տվեցին։
–Ինչու՞ չես մտածում,որ գուցե նրանք քեզ սիրել են,դու ցանկալի ես եղել և նրանք քեզ կյանք են տվել։
–Ինձ այս կյանքը պետք չէր,նրանք ինձ կյանք տվեցին,որ իրենց մեղքերի համար ես պատժվեմ։
–Մի ասա հոգիս,Աստված էլ իր միակ զավակին կյանք տվեց,իմանալով,որ նա տանջվելու է և խաչը հանվելու մարդկանց մեղքերի համար,բայց չնայած այդ ամենին նա սիրում էր իր զավակին։
–Ես չեմ պատկերացնում,թե ինչպե՞ս է հնարավոր հավատալ,որ Աստված կա,որ նա սիրել է իր զավակին,անգամ դժվար է պատկերացնել Արարիչ՝ով ինքն է Հայրը ժողովրդի ,ով չի խնայել անգամ իր միակ Որդուն ՝մեղավորների փրկության համար , միակ Որդուն խաչը հանելով ,բայց այնուամենայնիվ մարդկանց մատնելով հավերժական տառապանքի : Շատ մարդիկ չեն կարող նայել անգամ հինգ րոպե ,թե օձը ինչպես է ճագարին սպանում,պատկերացրեք, թե որքան դաժանություն պետք է ունենալ ,որ նայես,թե ինչպես են քո միակ զավակին տանջամահ անում,կամ,որ սխալների եւ մեղքերի համար դատապարտես մարդուն ոչ թե 30, ոչ 40 , ոչ թե 50 , ոչ թե 100 , 1000 , 5000 տարվա,այլ հավիտենական տառապանքների։
–Այդքա՞ն վատն են ծնողներդ,որ նրանց այսքա՜ն շատ ես ատում։
–Ծնողներին ատելու համար,պետք է նախ և առաջ ծնողներ ունենալ։
Անի Հերունի Սաջյան ,հատված <<Սատանայի կինը>> պատմվածքից։

Անի Հերունի Սաջյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert