Թող վերջին անգամ ես կրծքիդ փարվեմ՝
ցավս մեղմանա,
որբ ու մերկ մարմինս քո գրկում այրեմ՝
մի քիչ ջերմանա,
քո վարդաբույրը թոքերս առնեմ ու անմահանամ,
մի վերջին անգամ քեզ հետ ես հարբեմ ու ինձ մոռանամ,
սատանա բախտի կենացը խմեմ
ու մի ողջ գիշեր քո գրկում մնամ,
իսկ առավոտյան կհեռանամ լուռ,անշշուկ,անձայն,
ափիս մեջ դաջած ցավ ու տրտմություն,
ինձ հետ կտանեմ կարոտս միայն,
դու իմ միակ սեր,դու իմ տխրություն:
Կանցնեմ ճամփեքով որբ կիսատության,
քո վարդաբույրը թոքերիս առած,
լուռ կհեռանամ իմ ծեր սիրեկան՝
մի ողջ կյանք գրկիդ մեջ թողած:
Կգնամ հեռու,հոգիս կկարեմ մոխիր ամպերին,
օտարության մեջ բույրդ կփնտրեմ,
բարև կբերի քեզանից քամին՝
ես լուռ կարտասվեմ:
Այս կիսատության որբ ճանապարհին,
այս միլիոնավոր մեծ քաղաքի՝
հազար տեսակ ժպիտների մեջ
քո լռությունը ես կկարոտեմ:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert