Գիտե՞ս որբությունն իր իմաստն ունի,
երբ նկարում ես մի ճերմա՜կ աշխարհ վրձինով անգույն,
որտեղ ճերմակն էլ իր գույներն ունի,
արդյոք տեսել ես ճերմակ աշխարհի գույները պայծառ
տեսե՞լ ես որքան, որքան սիրուն է արևը թախծում:
Լսել ես արդյոք գիշերվա խո՜ր լռության մեջ,
թե ինչ անուշ են մի մեծ ցավ լալիս աստղերը անքուն
և մոմե կուրծքը հպում շուրթերին խորը օվկիանի։
Իսկ դու երբևէ տեսե՞լ ես լուսնին,
եղե՞լ ես նրա գաղտնի օվկիանում,
Զգացե՞լ ես, թե որքա՜ն մեղմիկ,
որքա՜ն անուշ է երկինքը բուրում։
Տեսել ես արդյոք անձրևաթաթախ աչքը եդեմի,
Տեսե՞լ ես թե քամին որքան ,
որքան քաղցր է տխրություն երգում
ու փարվում ծառի վիրավոր կրծքին։
Իսկ դու լսե՞լ ես խու՜լ լռության մեջ զարկը աշխարհի,
տեսե՞լ ես արդյոք ինչպես են մեռնում սերը շուրթերին,
նայե՞լ ես ճամփին որբ ու կույր բախտի,
ըմպել ես արդյոք սեփական արյամբ պատրաստված գինին։
Առե՞լ ես համը շուրթերից փողոցների մերկ ու դատարկ,
շնչե՞լ ես բույրը անշունչ մայթերի,
քեզ զգացե՞լ ես հազարների մեջ որբ ու միայնակ,
«արքաների» մեջ կիսատված, թերի։
Ճախրե՞լ ես անթև վայրէջքի պահին
Հոգիդ խաչե՞լ ես օտար ափերին,
Դարձե՞լ ես գերի անիծված բախտին
Թքե՞լ ես էս անտեր կյանքի մրոտ ճակատին։
Անցե՞լ ես փոշոտ ու մութ բուլվարով
Նայե՞լ ես ուղիղ որբի աչքերին
Տեսե՞լ ես գույնը կարոտի, ցավի
Քայլե՞լ ես բոբիկ ու ծակ կոշիկով։
Գիտե՞ս որբությունն իր իմաստն ունի,
երբ նկարում ես մի ճերմա՜կ աշխարհ վրձինով անգույն։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert