Դուք տարաք ինձնից ամեն,ամեն բան,
ինձ մնաց միայն մարմինս անտեր,
ես անցա կյանքի քարքարոտ ճամփան
և սեր մուրացի հազար ու մեկ գիշեր։

Քամուն խառնեցիք թևերս փետուր,
ինձ մնաց միայն ապակե հոգիս,
ես դարձա և’ օդ,ես դարձա և’ ջուր,
դարձա և հացը ձեր սեղանների։

Ինձանից տարաք ամեն,ամեն բան’
չնվիրեցիք ինձ ձեր ժամանակից ,
ինձ մնաց ճերմակ շապիկս միայն,
եղա ձեզ և’ քույր,և’ մայր,կին ու բախտակից։

Դուք քառասուն օր աղոթք արեցիք’
անցաք ճամփեքով այդ《սուտ》հավատքի,
միակին, որդուն խաչը հանեցիք’
ես լուռ հարբեցի գավաթից Նեռի։

Դուք հոշոտեցիք մարմինս մոմե,
ես իմ անթև ճախրանքը վայելեցի,
դուք աղոթեցիք’ նայեցիք վերև,
իսկ ես վերևից ձեզ լուռ ժպտացի։

Դուք տարաք ինձնից ամեն,ամեն բան,
ինձ մնաց միայն մարմինս անտեր,
ես անցա կյանքի քարքարոտ ճամփան,
և թռչեցի վեր,վեր ու էլի վե՜ր։

Անի Հերունի Սաջյան


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert