(Մտորումներ երկրից հանիրավի հեռացված Վանոյի և երկրում արդեն իրավացիորեն բանտարկված ռոբի մասին)
Ինձ համար Վանոն հայտնի արձակագիր է, շատ ընթերցողներից ու հատկապես նրա ավագ գրչակից Հրանտ Մաթևոսյանից գնահատված գրող:
Ինձ համար քոչարյան ռոբը բացահայտ հանցագործ է, Հայաստանը մեկ տասնամյակ շարունակ անխնա թալանած, բազմաթիվ սպանությունների խարանը վրեն՝ ոճրագործ:
1999-ի խորհրդարանական ընտրության օրերը Վանոյի և իր թիմի համար մեկ առանձին ընտրատարածքում ծավալված իսկական քաղաքական պատերազմ էր, բայց Վանոն այդտեղ հաղթեց և ընտրվեց ԱԺ պատգամավոր: Ընտրվեց մեծ դժվարությամբ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները, որ ընդունակ էր հարուցել կեղծիքների սովոր իշխանությունը:
Բայց Ազգային ժողովի պատգամավոր Վանոն արդեն ռոբի կողմից շինծու մեղադրանքն էր կրում իր վրա և համարվում էր ամբաստանյալ:

Հիշենք Վանոյի դատական առաջին նիստը, որտեղ բերել էին (այս բառի ամենաստույգ իմաստով) փողատենչ մի քանի տասնյակ կանանց, որոնք, այդ հրաման կատարողները, հայհոյանքներ ու անեծքներ էին տեղում, այսպես ասած, ամբաստանյալի հասցեին: Եվ դա անում էին անարգել. դատավորին կարգադրված էր չմիջամտել, չսաստել նրանց:
Զուգահեռներ տանե՞մ այն ժամանակ հանիրավի մեղադրվող Վանոյի դեմ վայրահաչող իշխանությունների կողմից զոռով դատարանի դահլիճ բերված ծախված կանանց և այսօրվա իսկական հանցագործ ռոբի օգտին պիցցայակերների, դատարանում ու նրա պատերից դուրս միտինգ անողների, իսկական ամբաստանյալին հերոս անվանողների միջև: Չափազանց միանման տեսարաններ են:

Արդեն մեղադրականի բեռը դժվարությամբ ուսերին առնող սեռժն ու ռոբը ժամանակին շա՜տ են վախեցել գրող հրապարակախոս և հայրենասեր պետական գործիչ Վանոյից. վերջինս նրանց շատ էր խանգարում իր ներկայությամբ: Այդ վախից չէ՞ր, որ Քոչարյանը Վանոյի շինծու դատաքննությունը վարող դատավորին սպառնում էր, որ որդին ավտովթարից կզոհվի, եթե Վանոյին չկալանավորի: Եվ այս անգրել ու սադիստական հրաման արձակող ռոբը տարիներ անց՝ 2019թ. հունիսի 14-ին, արդեն որպես ամբաստանյալ (Փառքդ մեծ, Տեր Աստված) լկտիաբար ստում է. «…ես երբեք արդարադատությանը չեմ միջամտել»:

Սրան հակադարձեմ՝ մի քանի փաստ վերհիշելով: Նախ «Առավոտ» թերթի վկայությունը. «…օրերս Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արդարադատությունն իրականացնող մի քանի մարմինների ղեկավարների։ Նրանց խիստ հրահանգվել է, որ դատարանում փետրվարի 14-ին լուծվի Վանո Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու և կալանքն ընտրելու հարցը, անկախ նրանից՝ դա օրենքո՞վ է, թե՞ ոչ»։
Հետո վեհիշեմ Վասակ Դարբինյանի գրքից Լիզա Ճաղարյանի մեջբերումը, որ հրապարակել է armtimes. com կայքը. «Պատմում է Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Վանյա Սուքիասյանը. «Դատավորը մի օր ասաց՝ Վանյա ջան, վիճակս լավ չի, երկու քարի արանքում եմ…»:

Այդ երկու քարի արանքում լինելու պատճառը, ինչպես վերևում ասացի, հետևյալն է եղել. քոչարյանը սպառնացել է դատավորին, որ որդին ավտովթարից կզոհվի, եթե Վանոյին չկալանավորի:
Չարության ի՜նչ դոզա էր ռոբի մեջ, որ երբ Վանոն դուրս եկավ ներքին գործերի նախարարի պաշտոնից, սեռժին հանձնարարեց. «Գնա և ջարդիր այդ կառույցը»: Սա վկայում է Վանոն «Մարդու ժամանակը» իր հարցազրույցում: Ասել է՝ վերացնել է պետք Վանոյի թողած ամեն մի հետք: Բայց հայաստանցիները լավ են հիշում, թե Վանոյի նախարար եղած տարիներին հանցագործ խմբավորումներն ինչ մկան ծակերում էին հայտնվել, և քաղաքացիները երեկոյան ժամերին ազատ զբոսնում էին Երևանի փողոցներում:

Տարիներ հետո Վանոն իր հեղինակած «Գյադաների ժամանակը» գրքում, ռոբական շրջանի մասին ափսոսանքով պիտի գրեր. «Սրանք այստեղ ի՞նչ են ուզում հայ ժողովրդից։ Ուզում են, որ Ղարաբաղի նման այստեղի՞ց էլ բնակչությունը վերանա։ Սրանք՝ պարտդպրոցներն ու ինտերնացիոնալ ահաբեկչական դպրոցներ ավարտածները մորի՞ց են ծնվել, թե՞ ոնց…»:
…Հիմա այսօր, որ հանցագործ ռոբը բանտում է, և նրա փաստաբան կոչվածները եզային համառությամբ ամեն ինչ անում են, որ բուն դատավարությունը չսկսվի, վերհիշեմ Վանոյի՝ տարիներ առաջվա մտորումը, որ պատասխան էր «Կուզենան, որ քոչարյանը դատվի» հարցին.
«Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ դեմ կլինեն առհասարակ որեւէ դատի, բայց հիմնական վեճի առարկան կլինի հետեւյալը՝ հանձնել միջազգային տրիբունալի՞ն, թե՞ դատել Հայաստանում, թեկուզ եւ անօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու կամ 50 հազար հայ աղջիկ֊ երեխաների մարմնավաճառության դրդելու մեղադրանքով։ Դա՝ իբրեւ սկիզբ։ Հետո այնքան վկայություններ առաջ կգան եւ այնքան ցուցմունքներ կտրվեն, որ Քոչարյանը կփոշմանի, որ նախապես մեղայականով չի ներկայացել միջազգային դատարան»։
—————-
Եվ վերջում ավելացնեմ. ժամանակը չի՞ արդյոք, որ այսօրվա իշխանությունը, կոնկրետ օրենսդիր մարմինը, փոփոխությունների ենթարկի այն օրենքը, որ, առանձնապես քոչարյանի դատավարության պարագայում, դատարանն ազատ լինի բուն դատավարությանն անցնելու գործում, ո՛չ թե ստիպված լինի, արդեն մեկ տարուց ավել, անհիմն ու շինծու միջնորդություններ քննել:
Գյադաների ժամանակն արդեն մեկ ու կես տարի է, ինչ անցել է, և եկել է ժողովրդավար իշխանության ժամանակը, որին պահանջ է տրվում՝ գործել վճռական, վերջնականապես մաքրել Ավգյան ախոռները:
Եվ, երևի թե, Վանոյի վերադարձին էլ սպասենք՝ տեսնելու նրա նոր գրվածքները, որոնք հաստատապես հայ արձակի կատարյալ նմուշներ են: Սա ես ասում եմ որպես Վանո-գրողի երդվյալ ընթերցող:

Հավատով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert