Հայաստանը հռչակելով որպես հանրապետություն, ժողովուրդը ամրագրել է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներով ապրելու իր կամքը։ Դա ենթադրում էր ունենալ սահմանադրություն, որտեղ արտացոլված կլինեն մարդու իրավունքները և դրանք պաշտպանելու մեխանիզմները։ Այսօր կարելի է արձանագրել, որ ոչ միայն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանված չեն եղել, այլև այդ սկզբունքները պաշտպանելու համար ստեղծված ինստիտուտներն իրենք են համակարգված կերպով ոտնահարել դրանք։

Պետական համակարգի զավթումը և մարդկանց իրավունքների լայնածավալ ու շարունակական խախտումներն անհնար էր իրականացնել առանց Սահմանադրական դատարանի ակտիվ դերակատարության։ Այդ բարձր դատարանը, որ լիազորություն և պարտավորություն ուներ կանխելու նման ոտնձգությունները, ի պատասխան արդարություն փնտրող քաղաքացիների բողոքների, մշտապես աչք է փակել աղաղակող ընտրակեղծիքների և սահմանադրական կարգի տապալման տարբեր դրվագների վրա։ Այսպիսով ՍԴ-ն, որպես ինստիտուտ, սննկացրել է ինքն իրեն։

Իրավունքի գերակայության և ժողովրդավարության հռչակված սկզբունքներին վերադառնալու ճանապարհը հնարավոր չէ անցնել այսպիսի ինստիտուտ կազմավորած մարդկանց հետ։ Նրանք ապացուցել են, որ ոչ միայն ունակ չեն պաշտպանել անկախության հռչակագրով սահմանադրի նախանշած նպատակները, այլև հլու հետևել են դրանց ոտնահարմանը։ Նրանք պետք է հեռանան։

Բազմիցս նշել ենք, որ գործող սահմանադրությունը չի կարող հանրային հարաբերությունները պատշաճ կարգավորել և պարբերաբար առաջացնելու է քաղաքական ճգնաժամեր։ Սահմանադրության կեղծված լինելու հանգամանքը հիմք է հանդիսանալու, որ քաղաքական տարբեր դերակատարներ մի դեպքում ոտքերը սրբեն դրա վրա, իսկ մի ուրիշ դեպքում վկայակոչեն այն որպես «սրբություն սրբոց»։ Սահմանադրական դատարանի անդամներին հեռացնելու ընտրված ճանապարհը, իհարկե, խնդրահարույց է օրենքի տառի տեսանկյունից։ Ստեղծվել է մի վիճակ, երբ իրենց հեռանալու վերաբերյալ որոշումը պետք է քննեն հենց այդ նույն ՍԴ անդամները։ Ավելին, օրենքի տառը անշեղորեն պահպանելով, սահմանադիրը բոլոր դեպքերում պետք է այդ նույն ինստիտուտին դիմի՝ փոփոխությունների թույլտվություն ստանալու։ Պետք է դիմի այն մարդկանց, որոնց լուռ համաձայնությամբ շարունակաբար ոտնահարվել են իր իրավունքները։ Եվ այս խնդրին մենք բախվելու ենք պարբերաբար, երբ խոսք գնա սահմանադրական այլ մարմինների վերաբերյալ, որոնք ևս ձևավորվել են նախկինում և սպասարկել նախորդ ռեժիմին։ Սա է ֆորմալ օրինականությունը պահպանելու հեռանկարը։

Իհարկե կա սահմանափակումների ողջամիտ շրջանակ, որով սահմանադիրը զսպում է ինքն իրեն և իր ձևավորած մարմինները, բայց նա չի կարող օրենքներով գծած այդ վանդակի մեջ սեփական գերին դառնալ։

Հաշվի առնելով վերոնշյալը հայտարարում ենք, որ․

· Ստեղծված իրավիճակում մեծ է հեղափոխական գործընթացների արդյունքում երկրի կառավարումը ստանձնած քաղաքական ուժի մեղքը։ Քաղաքական նոր իրավիճակին համահունչ կանոններ մշակելու և ներդնելու փոխարեն, այն կեղծված սահմանադրությամբ ամրագրած հին խաղի կանոնները ճանաչել է որպես պետական-քաղաքական հարաբերությունները կարգավորելու լեգիտիմ մեխանիզմ։
· Ընթացակարգերի խախտում թույլ տալը որպես սահմանադրի նպատակների իրագործման միակ ճանապարհ հիմնավորելով, կառավարող ուժը ամբողջական քաղաքական պատասխանատվություն է կրում այնպիսի Սահմանադրական դատարան ձևավորելու համար, որի հեղինակության վերաբերյալ հանրության շրջանում այլևս որևէ կասկած չի մնա։
· Այս գործընթացին պետք է անմիջապես հաջորդի և հետևողականորեն իրագործվի նոր սահմանադրության մշակման և ընդունման իրապես մասնակցային գործընթացը։ Առանց դրա, փոփոխություններով ոչ թե նոր որակի ու տրամաբանությամբ հանրային հարաբերություններ կամրագրվեն, այլ նախկին հարաբերությունները հատվածական սրբագրման կենթարկվեն՝ նոր ճգնաժամերի վտանգը առկախելով սահմանադրության գործածության ողջ ընթացքում։
· Հանրաքվեն ուղիղ ժողովրադավարության կարևոր և մեզ համար առանցքային գործիք է։ Սակայն անթույլատրելի կլինի, եթե այդ մեխանիզմը մի դեպքում օգտագործվի սեփական քաղաքական հաշվարկներից ելնելով, իսկ մյուս դեպքում, նույնպիսի հաշվարկներից ելնելով, խոչընդոտվի դրա կիրառումը։
· Հանրաքվեի ճանապարհով տեսականորեն հնարավոր է ունենալ սահմանադրի կամքին համահունչ դատարան, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարող ուժը դադարեցնի դրսևորած անհետևողական, երկակի չափանիշներով, փոփոխվող սկզբունքներով, պահի հարմարությամբ առաջնորդվելու իր գործելաոճը։
· Խստորեն դատապարտում ենք Աժ ամբիոնից հնչեցված վարչապետի այն միտքը, թե հանրաքվեի հարցում կառավարող ուժին սատարող բոլոր ուժերը նվիրյալներ են, իսկ դեմ հանդես եկողները՝ դավաճաններ։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն
08.02.2020

Քաղաքացու որոշում ՍԴԿ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert