Այսօր թերթում էի հին ալբոմս, թերթելու ընթացքում հասկացա,որ այ մարդ առանց էս ֆոտոշոփերի ու ֆիլտրների էլ ժամանակ կար գեղեցիկ էի, չնայած հիմա էլ եմ գեղեցիկ, մորս ականջից հեռու, հիմա,որ լսեր մի լավ կնախատեր, չի սիրում, երբ ինքնագովազդով եմ զբաղվում, ասում է լավը երբեք չի գովազդվում, առանց գովազդի էլ պարզ երևում է: Հա ինչ էի ասում, էլի շեղվեցի, ինչքան հիշողություններ արթնացրեց հին ու անգույն էդ լուսանկարները, որտեղ ոչ գույն կար, ոչ էլ հատուկ դիրքեր գեղեցիկ դուրս գալու համար, բոլորս բոլոր էինք, բայց իրարից տարբեր, թե չէ հիմա բոլորը կարծես նույն մորից ու հորից լինեն, գեներով էլ սիլիկոնների ցեղից: Էդ նկարներում ավելի շատ հոգի ու ջերմություն կա քան մարդկանց մեջ, իրական ու էս դարի մարդկանց մեջ, ինչ լավ է ես էն մի դարից եմ, էնտեղ դեռ մարդկություն կար, մարդիկ մաշկից, ոսկորից ու արյունից էին,հիմա չգիտես ինչ է արյան տեղ հոսում, ոսկոր կա ,թե չէ, մաշկն էլ արհեստական գունավորում է ստացած, նայում էի նկարներին ու հասկանում ինչով ենք մենք հիմա տարբերվում ծաղրածուներից, նայում էի նկարներին հետո պատուհանից դուրս ու հասկանում, որ էդ նկարներն ավելի շատ էին մարմինս տաքացնում քան արևը, որ էլի ֆիլտրված է: Նկարների մեջ տեսա մեր հարևանին, հիշեցի էդ օրը,այնքան լավ կին էր, ափսոս շատ ուշ հասկացա: Խեղճ կնոջը բոլորը ատում էին շենքում, ասում էին վատ, չար կին է, լիրբ է, ոչ ոք չունի, բոլորին անիծելով ման է գալիս, ինչ հետաքրքիր ենք չէ մենք մարդիկս, ոչ ոք չունի ուրեմն վատն է, ուրեմն լիրբ է, էսքան չարություն մեզ որտեղից, մենք ենք չար, մենք, որ մարդկանց մեջ առաջինը վատն ենք տեսնում, բարի մարդը միայն լավն է տեսնում, ախր մենք չար չենք ծնվում: Հիշում եմ մի օր բակում հանդիպեցի էդ կնոջը, անունը Մանիկ էր, բարևեցի ու արագ անցա, վախեցա, որ ինձ էլ չանիծի, մեկ էլ հետևիցս կանչեց` բալես, ինձ թվաց սխալ եմ լսել, շրջվեցի, նայեց ինձ ու էլի ասաց.
-Բալես, մի բան խնդրեմ, -տնաշենն այնքան էլ սիրուն կին էր, այնքան սիրուն ժպիտ ուներ,պապս, եթե ողջ լիներ հաստատ անտարբեր չէր անցնի կողքով, ես էլ փորձեցի ներսիս տագնապը ուղարկել գրողի ծոցը ու կեղծ ժպիտ նկարեցի դեմքիս ու ժպտալով պատասխանեցի.
-Հա, իհարկե,ինչ է պետք, -անաստվածն էլի ժպտաց, մի պահ մտածեցի հաստատ կախարդ է, գիպնոզ է անում, հետո էլի տագնապ, էլի գրողի ծոց ու էլի կեղծ ժպիտ, այդ օրը ես ինքս ինձ բացահայտեցի, լավ էլ դերասանուհի եմ
-Բալես, վարագույրներս հանել եմ,լվացել, կանգնեցի սեղանին, որ կախեմ, գլուխս պտտվեց, ծերությունն իր մասին հիշեցրեց, հիմա էդ վարագույրներս տենց մնացել են, ամեն անցող դարձող պատուհանիցս ներս է նայում, օգնիր կախենք, եթե դժվար չի, – էդ խեղճը առաջին հարկում էր ապրում, շենքում պապիս պես մի քանիսը կային, ու օգտվում էին իրանց ողջ լինելու փաստից, մոռանալու տալիս մնացած ամեն մեռած բան ու գնում կանգնում էին պատուհանի տակ ու հիշում էին ջահելությունները, հիմա էլ վարագույրները, բիձեքը անվճար գերմանական ֆիլմ էին ուզում նայել, խղճացի Մանիկին, համաձայնեցի օգնել, համ էլ առիթ էր բնակարանը կտեսնեի, երևի ամեն տեղ մոմեր են, գանգեր,թալիսմաններ: Գնացինք, շեմից ներս մտա, թե չէ քար կտրեցի, երդվում եմ մինչև այսօր դեռ այդքան կոկիկ, այդքան նրբագեղ, այդքան մաքուր բնակարան չեմ տեսել, թանգարան էր, ոչ թե տուն, պատերն ավելի մաքուր էին քան շենքում շատերի հոգիները: Օգնեցի, կախեցինք վարագույրները, ես մինչև վերջինը կկախեի, տիկին Մանիկը արդեն մի սիրուն սեղան էր պատրաստել,ամոթ էր չնստել ու չթեյել, համ էլ արդեն ինձ շատ հետաքրքիր էր ինքը, ուզում էի ամեն բան իմանալ իր մասին,պարզվեց համեղ ձեռքեր ուներ, այնքան համեղ բլիթներ էին, մատներս էլ հետն էի ուտում,բա թեյը, ես հասկացա, որ տիկին Մանիկը կամ հրաշք է կամ իսկապես կախարդ, երկու դեպքում էլ ես ուզում էի բացահայտել այդ կնոջը: Սկսեցինք խոսել, երկար, բարակ, պատմեց, որ դաշնակահարուհի է եղել, երկար տարիներ դասավանդել է, խնդրեցի,որ որևէ բան նվագի, նվագեց, չէ,հաստատ կախարդ է, այ մարդ ամեն բան է լավ ստացվում իր մոտ: Նվագեց,հետո մի քանի րոպե լռեց, նկատեցի, որ աչքերը արցունքոտվեցին, լռեցի, չէի ուզում հիմար հարցեր տալ ու ավելի ցավեցնել,նայեց ինձ, ժպտաց ու խոսեց.
-Շենքում բոլորը կարծում են, որ չար եմ, որ հասարակ լիրբ եմ, անտեր ու անպետք մեկը, -նրա խոսքերից կարմրեցի ու ներսս մի բան սկսեց խեղդել, հասկացա, որ ուզում եմ մեկ վայրկյան շուտ փախնել այդտեղից, նայեց ինձ, էլի ժպտաց ու շարունակեց, -դու էլ ես էդպես կարծում, գիտեմ,բայց ասա, բալես,ասա միթե մարդ մեղավոր է, որ անտեր է մնացել, որ էս անիծված աշխարհում մենակ է մնացել ու պաշտպանող չունի, ախր ես ամեն բան ունեի, ախր ես բոլորին ունեի,ես երեք տղա ունեի, ամուսին ունեի, ընտանիք, տուն,տեղ, մեծ այգի ունեի, շուն էլ ունեի, անունը Ջեք էր, փոքր էր, բայց վայ նրան, որ թաքուն այգիս կմտներ, էնպես էր հաչում, վախից փախնում էին:
Մանիկը խոսում էր, իսկ ես զգում էի, որ ավելի ու ավելի եմ խեղդվում, բոլոր բառերը մոռացել էի, բերանս ջուր առել, նստել էի, չգիտեի ինչ խոսել,ինչ արդարանայի, ախր հասկանում էի, որ էս նոր սկսված պատերազմում հաղթողն ինքն է, իսկ մենք բոլորս ու էս աշխարհը պարտված ենք, ինձ հազիվ ստիպեցի, որ գոնե մեկ երկու բառ ասեմ, որ խոսեմ վերջապես.
-Տիկին Մանիկ,ախր ես, -դեռ խոսքս չավարտած նայեց ու լուռ ժպտաց, հասկացա, որ արդարացումս անիմաստ է ու, որ դա ամենահիմար բանն էր, որը էս րոպեին կարող էի ասել.
-Տիկին Մանիկ, իսկ որդիներդ, ամուսինդ որտեղ են:
-Ամուսինս հիվանդ էր, քաղցկեղ ուներ, ողջ կյանքում մեկ հատ անգամ ծխախոտ շուրթերին չառավ,տղաներին էլ արգելում էր ծխել,բայց թոքերի քաղցկեղից մահացավ, բժիշկն եկավ բա այ մարդ երևի էնքան ես ծխել, տվել թոքերիդ հերն անիծել ես, ամուսինս լուռ ժպտաց,պատասխանեց հա, դե տես ինձ ու խղճա քեզ, մի ծխիր, ձեռքը տարավ բժշկի ծոցագրպանն ու էնտեղից հանեց ծխախոտի տուփը, լավ հիշում եմ, բժիշկը խառնվեց իրար,կարկամեց, մոռացավ, թե խի էր եկել, որքան ուժ ուներ հավաքեց ու բառիս բուն իմաստով վազեց դուրս:
-Իսկ տղաներդ, տիկին Մանիկ, երկրում չեն հա, երևի, -հարցս տվեցի ու էլի հասկացա, որ հիմարություն արեցի, ես պետք է արագ մի բան մոգոնեի ու էդ բժշկի պես փախնեի էդ տանից, քանի չէի խեղդվել, էդ կնոջ աչքերում ցավ կար, մի մեծ ցավ:
-Տղերքս չկան, մահացան,երեքն էլ մահացան, բալես, էդ ցավի մեջ բացի ցավից հպարտություն կա, հաղթանակ կա, երկու տղերքս պատերազմից չեկան տուն:
-Տիկին Մանիկ, պատերազմի դաշտում ընկան հա°, սպանվե°լ են թշնամու գնդակից:
-Երբեք այլևս չասես այդ բառը, ոչ մի զինվոր չի ընկնում, չի սպանվում պատերազմի ժամանակ, իմ տղերքը, մեր տղերքը միշտ կանգուն են, միշտ անհաղթ են, նրանք երբեք չեն ընկնում, նրանք իրենց կյանքն են տալիս, որ դու հիմա այստեղ հանգիստ թեյդ վայելես, – ես Մանիկի աչքերում ցավից բացի ատելություն տեսա, ատելություն մարդկանց ու էս անարդար աշխարհի հանդեպ.
-Երկու տղաներս էլ պատերազմից չեկան տուն, իսկ փոքրս, իմ փոքր բալեն, էն միակս թշնամու ձեռքով գնաց:
-Էլի պատերազմ, էլի էդ ազրիները, հա°

-Բալես էդ դեռ հարց է մեր թշնամին ազրիներն են, թե նրանք ովքեր մեր մեջ են,մեր կողքին,մեր տուն են մտնում,նրանք, ում հաց ես տալիս, մեր թշնամիները մեր կողքին ապրող շներն են, որ ամեն պատի տակ շնանում են, վայ, վայ լեզուս չորանար հա, դրանց շուն անվանելը մեղք է, Ջեքիս կներես ինձ, շուն էր,բայց մինչև վերջ հավատարիմ եղավ, իսկ դրանք անուն չունեն, դրանք կրոն ու ազգություն չունեն, դրանք վիրուսներ են, ամենատարածուն, ամենավտանգավոր վիրուսներն են.
-Տիկին Մանիկ, -ուզում էի մի բան ասել, հանգստացնել էդ խեղճ կնոջը, մեղավոր էի զգում ինձ, թե խի եկա, խի համաձայնեցի թեյել, խի երկար մնացի.
-Բալիս ,《ընկերը》 սպանեց, գյուղում համագյուղացի աղջկա պատիվն էր փորձել պաշտպանել երեխես, սպանեց, էն ձեռքը,որ իմ տանը հաց է կիսել ինձ հետ նույն սեղանին, էն ձեռքը, որ հազար անգամ օգնություն է կանչել ու միակը ով ձեռք է մեկնել եղել է տղաս, այ էդ ձեռքն էլ հենց սպանեց երեխուս, ինքն իրեն զրկեց էն վերջին ափից, էն վերջին հույսից, որ ամեն դժվար պահի գալիս հասնում էր օգնության:
-Բայց այդ աղջիկն արժեր, որ …, -դեռ խոսքս չավարտած բարկացած նայեց ինձ ու .
-Բոլորն արժեն, բոլորը, բոլորն էլ մարդ են, եթե օգնության կարիք ունեն բա պետք է օգնել, դու հենց դրանով ես տարբերվում, դրանով ես հենց մարդ, բալես աշխարհում լիրբ կանայք չկան, կան Չ’տղամարդիկ, եթե աշխարհում տղաՄԱՐԴիկ շատ լինեին, կանայք չէին լինի լիրբ, բոզ ու պոռնիկ, եթե կինն էդպիսին է, ուրեմն կամ հայրն է խոտ եղել, կամ եղբայրը կամ էլ էն 《տղամարդը》ում հանդիպել է բախտի ճանապարհին, կնոջ կողքին, եթե կա տղաՄԱՐԴ, այդ կինը չի կարող լիրբ լինել, շատերին թվում է, որ եթե մի մսագունդ ավել են ծնվում վերջ իրենք տղամարդ են, բայց էդպես չէ, էդ անտեր մսագունդը ես էլ կարող եմ կարել վրաս,բայց հո դրանով տղամարդ չդառա, էդ, որ մի օրենքով է գրված, որ էն կինը ով մի քանի հոգու հետ անկողին է կիսում լիրբ է, իսկ էն 《տղամարդը》 ով ոչ մի բաց ոտք բաց չի թողնում կնամոլ է, կնամոլ տղամարդ, կնոջ դեպքում անգամ կին չեն ասում, ասում են լիրբ է, իսկ 《տղամարդուն》 կնամոլ տղամարդ է, ուր է էդտեղ տղամարդ,մարդ, կապ չունի կին, թե տղամարդ պետք է հարգի ինքն իրեն ու էդքան էժան չվաճառվի, ամեն բաց ոտքի դիմաց մարմին տալը, շատ վատ ու չստացված առևտուր է: Իմ տղան պաշտպանեց մեկին, ով նման մի անիքնասերի թակարդն էր ընկել, իր կյանքի գնով պաշտպանեց էդ աղջկա անունը, իմ երեք տղաներնն էլ հայրենիք են պաշտպանել, չէ որ ամեն մի կին մի հայրենիք է, թույլ ու անպաշտպան, որքան մենք աղբ թափենք, որքան օդը կեղտոտենք ու որքան հալածենք մեր հայրենիքը, այդքան կտգեղանա, այդքան կթուլանա մեր հայրենիքը:
-Տիկին Մանիկ կարող եմ Ձեզ գրկել,-
գիտեմ ամենահիմար հարցն էր էդ ամենից հետո, բայց ես իսկապես ուզում էի գրկել նրան, ես այդ կնոջ աչքերում ցավ տեսա, ատելություն, կորուստ, դառնություն, բայց նրա աչքերում պարտություն չկար, նա պարտված չէր, նա հաղթել էր բոլորիս ու աշխարհին, նա անգամ Աստծուն էր հաղթել, ցույց տալով, որ մեկ է ծնկի չի գալու երբեք, միշտ մնալու է կանգուն, իր տղերքի պես երկու ոտքերի վրա, գլուխը բարձր ու հաղթանակած: Ես գրկեցի այդ կնոջը ու մի տեսակ խաղաղություն եկավ վրաս, մի քանի օր անց ծննդյան տոնն էր, պիոններ գնեցի, գնացի շնորհավորելու, ֆոտոապարատն էլ վերցրել էի, հատուկ,որ այդ կնոջ հետ նկար ունենայի, որովհետև նա հազվագյուտ էր, նրա նմանը չկար ու նրան պետք էր անմահացնել, նկարվեցինք, մեկ ամիս անց Մանիկն էլ չկար,մահացավ, քնեց, չարթնացավ, գտավ էն մեկին ում հետ կիսեց ցավը, ով հավատաց, որ Մանիկը կին է, լիրբ ու չար չէր, Մանիկը հասարակ կին էր ու իր հասարակ լինելով հանդերձ յուրահատուկ կին էր,գնաց Մանիկը, շենքում մի տեսակ մռայլություն տիրեց, չկար էլ Մանիկը շենքի բոշա կանանց ու իրանց տղամարդ երևակայող 《տղամարդկանց》 միակ թեման:

Անի Հերունի Սաջյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert