Հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։
Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։
Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։

Ծնվել է 1846 թվականին Ջավախքի Կարծախ գյուղում՝ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Բասենից գաղթած Բենկոյենց Գասպարի ընտանիքում։
Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում է հարևան Դադեշ գյուղում։ Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։

Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի նա կարողանա սիստեմատիկ կրթություն ստանա։
Նա հետաքրքրությամբ է լսում Կարծախ այցելած շրջիկ աշուղների երգն ու զրույցը և նրա մեջ հետզհետե ամրապնդվում է աշուղ դառնալու ցանկությունն ու երազանքը, և ինքն էլ սկսում է երգեր հորինել։ Հինգ տարի աշակերտում է Սիայուն։ Շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել, երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։

Աշխատանքի բերումով 1864 թվականին Ջիվանին հորեղբոր հետ գնում է Թիֆլիս, ապա Ալեքսանդրապոլ, որն աշուղների կենտրոնն էր համարվում։ Ծանոթանում է Կարծախ այցելած նորբայազետցի աշուղ Սազայու հետ, որի համատեղ աշխատելու առաջարկը նա ընդունում է: 1871 թվականին նա արդեն սեփական խումբ ուներ և մշտապես ելույթներ էր ունենում Տալոյան եղբայրների սրճարանում:1872 թվականին ամուսնանում է սրճարանատիրոջ՝ Հովհաննես Տալոյանի դստեր՝ Աշխենի հետ։ 1895 թվականին ընտանիքով տեղափոխվում է ու հաստատվում Թիֆլիսում, ուր և ապրում է մինչև կյանքի վերջը՝ 1909 թվականը։

1896–1900 թվականներին տեսողությունը վերականգնելու նպատակով մեկնում է Բուլղարիա՝ Պլովդիվ քաղաք:
Կյանքի վերջին տարիներին նրա խումբը բաղկացած էր չորս հոգուց. ինքը նվագում էր ջութակ, Ջամալին՝ սանթուր, Ալեքսին՝ թառ, էրզրումցի Հարութիկը՝ կլառնետ:
Ներկայումս աշուղի մեկ տասնյակից ավելի թոռներ ու ծոռներ ապրում են Թբիլիսիում, Երևանում և Մոսկվայում:
Մարտի 5-ին Աշուղ Ջիվանու հիշատակի օրն է:

Արթուր Ղուկասյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert