Այսօր իմ պաշտելի թատրոնի միջազգային օրն է: Խոնարհումս մեր բեմի մեծագույն վարպետներին և, իհարկե, նրանց գործը շարունակողներին: Թատրոնը ուրիշ, շատ ուրիշ աշխարհ է ինձ համար` անկրկնելի, եզակի: Այն հոգեվիճակում, որին ինձ հասցնում է ստացված ներկայացումը, չեմ հայտնվում ուրիշ ոչ մի տեղ: Ես սիրում եմ քեզ, թատրոն: Եվ այս գործը գրել եմ տարիներ առաջ, հենց թատրոնի պատերի ներսում: Զգացել ու ապրել եմ յուրաքանչյուր տողը…

Այ էսքան մշակութապաշտ բարի լույս քեզ, աշխարհ…

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԹԱՏՐՈՆ

Տխրաթաթավ մի լռություն…ու մթություն…
Ճշմարտության վարագույրը բարձրանում է դանդաղ վերև,
Եվ դառնում ես վկան հանկարծ խոր պատմության ինչ-որ կյանքի:
Խոյանում են աչքիդ առաջ կերպարները մեկ-մեկ, հանդարտ՝
Թագավորներ, սիրեկաններ և հերոսներ՝ քաջ ու անպարտ:
Ուրիշ աշխարհ, ու ձայների թավշահնչուն, սթափ արձագանք,
Լաց ու ծիծաղ, ճիչ ու քրքիջ, հոգիների խուլ հառաչանք,
Ուր մտքերն են վեր խոյանում, իսկ կարոտը՝ պատրանք ծնում,
Առկայծում է հանկարծ ցմահ մեղսակցության մի լուռ խոստում:
Աչքեր՝ ցողված արտասուքով, խրոխտ հայացք՝ վեհ, անդեդև,
Հոգու ճախր բաց երկնքում, սակայն բեմին՝ լուռ ու անթև:
Եվ հառնում են աչքիդ առաջ հոգեհմա բյուր կերպարներ,
Գրքից ծնված, նաև անգիր, չար ու բարի խենթ հերոսներ՝
Ողբերգակներ, ծաղրածուներ…
Քանի կյանքի ճակատագիր, ծաղր հեգնող, ոգեկանչ լույս,
Ծնվում են քո աչքի առաջ, պատմում կյանքից սիրակորույս,
Ու տանում է աշխարհն այդ քեզ հեռուները խոր անհայտի,
Կտրում կյանքից քո իրական, դարձնում վկան մեկ այլ կյանքի,
Ուր լինում է ցավ ու անկում, նաև վերելք կյանքի փառքով,
Ուր բոլորը նվիրյալ են , և ապրում են այդ խև կյանքով,
Հաճախ այնքան մտնում հոգով սարքած գունեղ կերպարի մեջ,
Որ շատ տարբեր երկու դերը ներհյուսվում են մեկ ես-ի մեջ:
Երկչոտ փորձեր, հանդերձարան, ուր տիրում է հանկարծահաս
Բույրը կյանքի, բույրը մահվան ու ցրտության, կամ ջերմության:
Ձեռքսեղմումներ հույժ դողացունց, ջերմ հայացքներ ու ծաղկեփունջ…
Հանդիսատես շատ հարազատ, առանց որի և չկա ՆԱ,
Բազմագաղտնիք պատեր անխոս,
Ձեր փոխարեն նույնիսկ ժայռը հույժ կարծրածերպ
Այսքան սուգն ու վիշտը սրտում ամուր այսպես չէր դիմանա…
Դերասանի աստղաշատ տուն, խենթ պահերի քաղցր օրրան,
Արվեստամոլ նվիրյալի հոգեկանչի մեծ լսարան:
Շատ գրավիչ, թավիշ ձայներ, որոնց խաղը խիստ մոգական
Հնչում է քո ականջներում այնպես հուզիչ ու դյութական:
Տպավորիչ ու սահուն խոսք, լավագույն կամ չստացված դեր,
Հոծ բազմության անավարտ հոսք, նույն բազմության անվերջ ծափեր:
Բազում դերեր, բազում կյանքեր, շնչող բեմի լավ խաղընկեր…
Այս ամենը մի աշխարհում, ուր վառվում են մտքի մոմեր,
Որ հալվում են, անհետանում՝ բայց լույս տալով շրջապատին:
Հոգևոր տուն աստղածաղիկ,սերտ կապերով կապված իրար
Մեծ ընտանիք մի բացառիկ…
Բեմ, դեկորներ ու երգեհոն,
Արվեստի տուն՝ հրա՜շք թատրոն…

Нарине Авагян

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert