ՍԱՄՎԵԼ

Մեծն Րաֆֆու ,,Սամվել,, վեպը վերջին հարյուրամյակում մեծ հետք է թողել հայության աշխարհայացքի ձևավորման վրա: Այն պարտադիր ուսուցման առարկա էր խորհրդահայ դպրոցում: Սակայն այս դեպքում էլ որպես կանոն, ընթերցողն ամբողջ խորությամբ չի ընկալել Րաֆֆու ասելիքն ու վեպի խորհուրդը:

Վեպի վերաբերյալ ձևավորված հասարակական կարծիքը հետևյալն է. Սամվել Մամիկոնյանը հայրենասեր հայ երիտասարդ իշխան է, ով հանուն հայրենիքի սպանեց իր հորն ու մորը, որի համար էլ՝ Րաֆֆին փառաբանում է նրան:
Շտապեցնեմ հիասթափեցնել, ամենևին էլ այդպես չէ:

Նախ, Սամվելի հայրենասիրության մասին որևէ գործուն ապացույց ո՛չ պատմությունը, ո՛չ Րաֆֆին, չեն բերում: Վեպում նկարագրված են ճակատամարտեր, հայ-պարսկական պատերազմի բազում դրվագներ, որոնց Սամվել Մամիկոնյանն ուղղակի չի մասնակցում:

Սամվելը սոսկ մոլեռանդ քրիստոնյա է, ով հանուն կրոնի, պատրաստ է ամեն մի ստահակության, անգամ՝ սեփական ծնողին սպանելու: (Հարգելի հայ քրիստոնյաներ. Ձեզնից որևէ մեկն արդյո՞ք պատրաստ է սպանել քրիստոնեությունն ուրացած աթեիստ ծնողներին…:

Ահա՛ թե ինչ է իրականում ցանկացել ցույց տալ Րաֆֆին: Կրոնամոլությունը որքա՜ն կարող է բթացնել մարդուն, նրանից կերտել կատարյալ մի անասուն, ով կարող է ցանկացած նախճիր գործել հանուն եկեղեցու…

Ի դեպ. Րաֆֆին շատ նրբորեն է դա մատուցում, ամենևին պատմական էքսկուրս չանելով, թե իրականում ո՞վ է Սամվել Մամիկոնյանը: Ձեռնարկելով Սամվելի կերպարի կերտումը՝ բնականաբար, Րաֆիին շատ լավ ուսումնասիրել է հայոց պատմությունն ու նրա էջերում Սամվելի կատարած ստահակ դերակատարությունը: Ուղղակի՝ Րաֆֆին չի թուլացրել վեպը՝ մանրամասնելով Սամվելի հետագա գործունեությունը: Դա կկատարեմ ինքս:

387 թվականին Հայաստանի բաժանումից հետո Սամվելն անցնում է հռոմեացիների տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստան և ծառայության անցնում կայսրի մոտ: Նա բազմիցս աչքի է ընկնում հայ նախարարների նկատմամբ մատնություններով, ինչպես նաև՝ հռոմեական զորքերով շարունակ ասպատակներ է սփռում Արևելյան Հայաստանում, ավարի ենթարկելով հայոց շեներն ու քաղաքները:

Հավատարիմ ծառայության համար կայսրը ծնողասպան Սամվելին նշանակում է Սպերի ոսկու հանքերի կառավարիչ: Եվ հանկարծ մոռանալով իր տիրոջ Մի՛ գողացիր պատվիրանը՝ Սամվելն սկսում է գողանալ… ոսկի գողանալ հանքից: Երբ գործը բացահայտվում է՝ կայսրը նրան կանչում է մայրաքաղաք՝ դատավարության:

Եվ հանուն կրոնի, պարսիկների հետ համագործակցության համար սեփական ծնողներին սպանած ստահակը փախչելով պարսից արքայի մոտ՝ ուրանում է ամեն բան ու հավատարմորեն ծառայության անցնում նրա մոտ…
Ահա՛ ձեզ Սամվել Մամիկոնյանի իրական կերպարը, որ իր վեպում չի ներկայացրել Րաֆֆին, նրա բացահայտումը թողնելով ընթերցողին:

Իսկ որ Րաֆֆին ոչ միայն սուր քննադատության էր ենթարկում կրոնն ու եկեղեցին, նաև իրեն քրիստոնյա չէր համարում՝ դա ակներև է իր բազում ստեղծագործություններից: Հետևաբար՝ նա չէր կարող գովերգել Սամվելի պես ստահակին: Ուղղակի՝ տողատակով ցանկացել է ասել այն, ինչը ոչ բոլորն են ցավոք, հասկացել…

Ահավասիկ, Րաֆֆու վերաբերմունքը եկեղեցու և քրիստոնեության նկատմամբ.
-Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու Ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փախարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք ձեր անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի…
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը՝ ճգնելու…
Ով հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…

Նաև՝
-Եթե մի օր Հայոց Աստվածը խնդրե Հայաստանի կործանման ու նրա զավակների արյան վրեժը մեր ազգի թշնամիներից, առաջին պատասխանատուն կլինեն մեր եկեղեցականները: Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական խոնարհության, քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել:

Vahe Lorents  ՖԲ-յան էջից

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert