Գիշեր էր` բազմախորհուրդ ու դյութիչ։ Երկինքը պարզ էր, անբասիր ու հստակ, միայն տեղ֊տեղ մեղմասահ լողում էին ամպի ծվեններ, որոնք հեռվից նշմարվող առագաստանավերի նման թափառում էին երկնքի անծիր օվկիանոսում` կարծես որոնելով հույսի լուսատու փարոսը։ Երկնքում շողշողում էին աստղերը` երազկոտ ու խոհուն , և թվում էր` մի մոգական ձեռք բազմահազար ադամանդներ էր շաղ տվել երկնային անեզր գորգի վրա և դրանցով խնամքով հյուսել հեքիաթային աստղաբույլեր, իսկ այդ եդեմական արքայության վրա իշխում էր լիալուսնի հզոր սկավառակը, որը, կաթնագույն թիկնոցի մեջ փաթաթված, քաղցր ժպիտով նայում էր աշխարհին` իր սերն ու անուրջները սփռելով ամենուր։

Մի ծաղկափթիթ այգում` վարսաթափ ուռիների հովանու ներքո, երփնաթրթիռ ծաղիկների ու անուշաբույր խոտերի մեջ, երևում էին երկու ստվեր` կանգնած դեմ հանդիման։ Ես ու դու էինք, երկուսով, էլ ոչ ոք չկար, և բնությունը, ինչպես քնքուշ մութի թև, հետևում էր մեզ, ունկնդրում մեր ամեն ձայնին ու հնչյունին։
Խոսում էիր հանգիստ, շշուկով ու հուզում ինձ քո խոսքերով։ Պատմում էիր ինձ քո սերը, քո ապրումները իմ նկատմամբ, իսկ ես գլխահակ լսում էի ու ոչինչ չէի ասում, լուռ ունկնդրում էի քեզ, քո արծաթահնչյուն ձայնի հոգեթով մեղեդիները և հալվում նրանց ջերմությունից, ինչպես սառույցը հուր արևի համբույրի բոցից։
..Ահա նայեցի քեզ, և խաչվեցին մեր հայացքները, մեր աչքերը` լուսավորված գիշերվա խորհրդավոր, աղոտ լույսով։ Ընկղմվեցի քո աչքերի օվկիանոսում ու սուզվեցի, չկարողացա հաղթահարել աչքերիդ խև հորձանքը։ Որքա՜ն խորհուրդ կար նրանց մեջ, որքա՜ն հմայք ու թովչանք։ Աչքերիդ ջինջ օվկիանոսում գիշերն էր արտացոլված, երկինքը աստղազարդ, և ես մոլորվեցի քո սևագիշեր աչքերի անդունդում, որպես մի խենթ թափառաշրջիկ, կորցրեցի հավետ վերադարձի իմ ճամփան։ Աչքերիդ խորի՜ն խորություններում արցունքի շիթեր ես նշմարեցի, սակայն թաքնված, ինչպես ամպերում կուտակված անձրևի ջինջ կայլակներ, որոնք չեն թափվում, բայց մռայլում են լուրթ երկինքը֊ ՀՈԳՈՒԴ ԵՐԿԻՆՔԸ…
Դու դեռ խոսում էիր այնքա՜ն անուշ, այնքա՜ն հեզ, քո ամեն հնչյունը թունավոր նետի պես խոցում էր սիրտս, արյունոտում ու կեղեքում, բայց այնքա՜ն բաղձալի էր այդ ցավը, որ սիրտս հոժարակամ բացվում էր քո առաջ` սպասելով նոր հարվածի։ Ես հավատացի քո խոսքերին, քո երդումներին, և քեզ ընծայեցի սիրտս, քո առաջ բացեցի հոգուս գրքի մութ էջերը` այնտեղից քեզ ընծայելով ոսկե տառերով գրված մի նախադասություն, որը կազմված է երեք փոքրիկ բառերից, բայց իր մեջ պարփակում է ողջ տիեզերքը. ” ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ”։ Ես սիրեցի քեզ, սիրեցի կուրորեն ու խենթացած, մոռացած ինքս ինձ, իմ գոյությունը, իմ ողջ էությամբ ես քեզ տրվեցի, քեզ նվիրվեցի։ Ավա՜ղ, այդ ամենը լոկ հեքիաթ էր, որով տարվում է ամեն մի մանկիկ և հավատում նրա իրականությանը։ Այդպիսի մի մանկիկ էլ ես էի քո առաջ։
Անցավ ամեն ինչ, մարեց ու անէացավ։ Միայն հուշեր մնացին,անմոռանալի հուշեր, որոնք անջնջելի կնիքի պես հավիտյան դաջվեցին սրտիս հեռավոր անկյունում։
Այժմ էլ գիշեր է` խորհրդավոր ու լույսով առլեցուն, ճիշտ այնպիսի գիշեր, ինչպես այն օրը, որ խաբեցիր ինձ, սեր խոստացար ու մոռացար, գողացար սիրտս ու լքեցիր ինձ, երբ հյուսեցիր չնաշխարհիկ մի հեքիաթ և դյութեցիր ինձ, հեքիաթ, որ իրականություն չէր կարող դառնալ։ Նայում եմ երկնքին. ի՜նչ աստղազարդ գիշեր է։ Մտաբերում եմ աչքերդ` գիշերվա պես խորհրդավոր, երկնքի պես աստղալից։ Երանի՜ թե կրկնվեր այն հեքիաթը, գեթ մի անգամ էլ պատմվեր, մենք լինեինք միասին` ես ու դու և գիշերային մեր հեքիաթը։ Ավա՜ղ, միայնակ եմ ես իմ խոհերի ու հուշերի, իմ թախիծի ու տրտմության հետ, միայնակ եմ գիշերվա այս խավարում։ Իմ հոգում էլ է գիշերը շրջում, հանց անտուն թափառական։ Մի անթափանց գիշեր պարուրել է ինձ, իր գերին դարձրել և ինձ չի լքում։ Ու գիշերվա մեջ թվում է` մեկն ինձ հեքիաթ է պատմում, թովիչ մի հեքիաթ….

Ռուզաննա Ալագուլյան

(Հատված` իմ դպրոցական շարադրությունից (16 տարեկան)

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert