Իմ գիշերները խռով են հիմա՝
կարոտ են լալիս որբ տանիքներին,
այն փողոցներին ուր ձայներ չկան
և գորշ ու մռայլ անտեր մայթերին:

Իմ գիշերները մերկ ու սիրասպան,
Ճերմակ երկնքից արև են մուրում,
Կարոտով ներկում ետդարձի ճամփան,
Որբ տանիքներին ժպիտ նկարում:

Իմ գիշերները անքեզ,առանց ինձ՝
սեր են պատկերում մեր տան պատերին,
ոռնում երկնային այդ այրող ցավից
և լուռ տարածվում թաց պատուհանին:

Իմ գիշերները սևահեր ու հեզ,
անմեղ ու մաքուր աղջնակի պես
անփորձ քայլերով գիրկդ են գալիս
և լուռ խոնարհվում երկնքիդ առաջ։

Փարվում են կրծքիդ քարացած ու թաց,
մոռանում խոսք,բառ,հնչյուն ու տառ,
և լուսաբացին որպես մի շան քած
հեռանում խաբված,անաղմուկ,անբառ:

Իմ գիշերները անարև ու մութ,
որպես մի պոռնիկ անտեր,անտունի
փսխում են մաղձը,ոռնում ցավից բութ
ու դառնում լուսնին քույր ու բախտակից:

Անի Հերունի Սաջյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert