hetq.am| 24 սեպտեմբերի 2009

Օգտագործելով ֆուտբոլի դիվանագիտությունը, Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը բացում է մեզ համար կործանարար մի ճանապարհ, որի հետեւանքների համար դեռ շատ թանկ ենք վճարելու ազգովին:

Ինչի մասին մեզանից շատերը նախազգուշացնում էին, արդեն իրականանում է: Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ հոգեբանական ներկա պայմաններում, Հայ-թուրքական հարաբերությունները, սահմանի բացումը ներկա պայմաններում միայն Հայաստանի օլիգարխներին է պետք:

Ըստ հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269 մլն դոլարի թուրքական  ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա է արտահանվել 1,8 մլն դոլարի ապրանք: Նրա խոսքով՝ Հայաստանից Թուրքիա է արտահանվում հիմնականում մշակված և չմշակված մորթի, սև մետաղներ՝ ջարդոնի ձևով և ալյումինե արտադրանք՝ փայլաթղթեղ: Թուրքիայից հիմնականում ներկրվում է բիտումային արտադրանք, հանքային վառելանյութ, տրիկոտաժ: Իսկ ինչով պիտի հայ-թուրքական սահմանի բացումը նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, պարզ չէ, բայց պարզ է մի բան, որ Հայաստանի օլիգարխների կապիտալի աճի համար արդեն Հայաստանը շատ փոքր է, դա նրանց չի բավարարում, նրանց կապիտալը չի աճում, դրա համար էլ նրանք բոլորը համաձայն են սահմանի բացումանը, անգամ եթե դա Հայաստանի ու հայ ազգի ոչնչացման գնով լինի: Այո, կապիտալը Ազգ չի ճանաչում, նրա համար Շահն է սկզբունք, ոչ թե Ազգը:

Նպատակ չունեմ անդրադառնալ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կարգավորող «նախաստորագրված արձանագրություններին»: Դրանց մասին բավական խոսվել է ու դեռ երկար կխոսվի, ավելի ճիշտ չպետք է խոսել այդ մասին, դրա մասին խոսելն ու անընդհատ քննարկելը ձեռ է տալիս միայն Ս. Սարգսյանին ու այդ արձանագրությունների հեղինակներին: Խնդիրը շատ պարզ է, այդ արձանագրություններում քննարկելու բան չկա, դրանք պետք է միանգամայն մերժել եւ ՈՉ ասել: Նամանավանդ, որ արձանագրությունները փոփոխության ենթակա չեն, դրանք կամ ընդունվում են ինչպես, որ կան, կամ պետք է մերժվեն ամբողջությամբ: Զավեշտալին այն է, որ դրանք դրվել են իբրթե ժողովրդի քննարկման: Սովորաբառ Քննարկվում են  այն փաստաթուղթերը, որոնք քննարկումից հետո հնարավոր է փոփոխության ենթարկել, իսկ եթե այդ «արձանագրությունները» փոփոխության ենթակա չեն, էլ ի՞նչ միտք ունի քննարկման առարկա դարձնել:

Հին ժամանակներից սկսած մի հասարակ և շատ պարզունակ մի քաղաքականություն դարձել է բոլոր պետությունների արտաքին քաղաքականության հիմքը: Երբ որ մի պետություն նպատակ է  դնում հարաբերվել ինչ-որ երկրի հետ, կամ փորձում է ծավալապաշտական քաղաքականություն վարել, նախ զարգացնում է իր երկրի տնտեսությունը, լցնում է պետական բուջեն, կարգի է բերում իր զինուժը, ստեղծում է հասարակական կարծիք, եւ իր մտադրությունը դարձնում է ամբողջ հասարակության կարծիք, իսկ հետո տվյալ երկրի հետ սկսում է պատերազմ կամ հարաբերություն: Հայաստանի կառավարությունը 20 տարի է դեռ չի հասկացել այդ հասարակ քաղաքականությունը: Նա չի կարիղացել ներքին տարրական խնդիրները լուծել, վրաստանի հետ սահմանի խնդր ունի, ջավախկահայությունը անմխիթար վիճակում է, եւ դեռ ԼՂ խնդիրը  չկարգավորված, փորձում է եւս մեկ այլ, բայց ավելի հզոր ներուժ պահանջող ճակատ բացել, լավ հասկանալով, որ անկարող ու հիվանդակին երկիրը՝ Հայաստանը ոտքի տակ տրորվելու եւ փոշիանալու է: Հայաստանի կառավարությունը 20 տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել Հայաստան-Սփյուռք պատմաբաների, մասնագետների հանձնաժողով, որը կհստակեցներ ցեղասպանության ճանաչման հետ կապված հայ ժողովրդի ռազմավարությունը: Էլ չենք խոսում Հայաստանի կամ հայ ժողովրդի ազգային ռազմավարության մասին, որը նույնպես գույություն չունի:

Հայ ժողովրդի կողմից միայն ցեղասպանության փաստի պնդումը, դեռ չի նշանակում ցեղասպանության ճանաչման ռազմավարություն: Եւ քանի դեռ այդ ռազմավարությունը չի մշակվել, ոչ ոք իրավունք չունի կատարել այնպիսի գործողություններ, որոնց հետեւանքով հարցականի տակ կդրվի նույնիսկ այդ ընդունված փաստը: Իսկ այդ ամենի համար ո՞վ է մեղավոր: Լ.Տ.Պետրոսյա՞նը, Քոչարյա՞նը, Ս.Սարգսյա՞նը, իհարկե նրանք մեղավոր են, բայց ամենից առաջ մեղավոր են քաղաքական այն կուսակցությունները, կազմակերպությունները եւ քաղաքական գործիչները, որոնք ելնելով իրենց կուսակցական ու անձնական նեղ շահերից ու իշխանությունների վարած քաղաքականությունից քաջ տեղյակ լինելով հանդերձ, անընդհատ փորձել են ժողովրդին քնած վիճակում պահել, թյուրիմացության մատնել ու ճշմարտությունը թաքցնել: Նրանցից շատերը փորձում են նույն քաղաքականությունը դեռ շարունակել:

Սփյուռքի մտավորականությունը, քաղաքական գործիչները, եւ անգամ հասարակական ազնիվ գործիչները չկարողացան կողմնորոշվել, հասկանալ, թե ինչ է սպասում իրենց ու իրենց հայրենիքին, եթե ձեռքները ծալած նստեն ու անընդահտ վազեն այս կամ այն կուսակզության հետեվից: Ամերիկայի հայկական մի քանի կազմակերպություններ` Ամերիկայի հայկական համագումարը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաեւ Առաքելական եկեղեցու երկու ամերիկյան թեմերը նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա ստիպի Թուրքիային Հայաստանի հետ սկսել առանց նախապայմանի հարաբերություն:

Այս իրավիճակն իսկապես ծիծաղ է առաջացնում: Սա ի՞նչ է, հուսահատության դրսեւորում, թե քաղաքական տգիտություն: Օբամային ուղղած նամակը ավելի շուտ այդ կազմակերպությունների քաղաքական տգիտությունն է վկայում, ինչը արդեն զավեշտալի բնույթ է ստացել:  Նրանք թերեւս չեն հասկանում, որ պետք է ոչ թե ԱՄՆ ղեկավարությանը դիմել, ոչ թե Բարաք Օբամային նամակ գրել, այլ գրել Հայաստանի ղեկավարությանը, Հայաստանի նախագահին, որովհետեւ նա է համաձայնվել ոչ հայանպաստ պայմանների հետ: Այդ հարցում ինչքան էլ որ ԱՄՆ նախագահը ցեղասպանության բառը չգործածեր կամ ճնշում կատարեր Սարգսյանի վրա, խնդիրի էությունը չի փոխվում, վերջին խոսքը Ս. Սարզսյանին էր, իսկ նրա վերջին խոսքը «ՈՉ» ասելու փոխարեն, համաձայնվելն է եղել հայ ազգի ամբողջ շահերը իչիք դարձնելու Թուրքիայի քաղաքականության հետ: Այդ ամենից հետո նույնիսկ, Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի ՌԱԿ շրջանային կոմիտեի գործադիր քարտուղար Գեւորգ Մարաշլյանը քննադատել է ՅՀԴ-ի կողմից սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի առաջ կազմակերպված հավաքը, ասելով, թե նրանք պետք է թուրքական ներկայացուցչության կամ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առաջ իրենց բողոք արտահայտեին: ՌԱԿ-ը մտահոգվում է, որ այլ ազգերը կտեսնեն, թե մենք մեր սեփական իշխանության դեմ բողոքում ենք եւ դա չի կարելի, մենք հայ ենք, բա մեզ վայել է այդ տեսակի վերաբերմունք սեփական իշխանության դեմ: ՌԱԿ-ը, բայց բերան չբացեց Քոչարյանին ու Սարգսյանին ասեր. Բա մեզ վայել է՝ մեր հայրենիքի մայրաքաղաքում հայ իշխանության ձեռքով 10 մարդ սպանել: Պարոն Գեւորգ Մարաշլյան,  Երեւանի փողոցներում տեղի ունեցած սպա՞նդն շատ աղմուկ հանեց, թե այս աշխարհի ինչ որ մի անկյունում, մի փոքր քանակով բողոքի ցույց անելը, ո՞րն է ավելի շատ աղմկահարույց: Սա վկայում է այն փաստը, որ սփյուռքում շատ-շատերը այն կարծիքին են, որ հայերը չպետք է իրենց ներքին խոհանոցի կեղտը դուրս հանեն, միջազգային հանրությունը դա կտեսնի, բ՜ա, չի կարելի: Նրանք այն կարծիքին են, որ ներքին կեղտը պետք է ծածկել, որպիսզի ոչ մեկը հանկարծ չտեսնի, բա մենք 5 հազարամյա քաղաքակիրթ, մշակույթի տեր ազգ ենք, ինչպես կարելի է կեղտոտ լինենք: Բոլորի մոտ պետք է ստեղծել այն տպավորությունը, որ մենք ամենամաքուր, ազնիվ արդար, ամենաժողովրդավար, մտավորական ու շինիչ ազգն ենք: Ցավալին էլ հենց դա է, որ քանի դեռ կան մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում «հայկական ներքին խոհանոցը»  բացահայտել ու բարձրաձայնել, ասել, որ մեր խոհանոց ոչ թե կեղտոտ է, այլեւ այնքան ժամանակ է չի մաքրվել, որ արդեն հոտում ու թունավորում է մեզ, մենք չենք կարող այս իրավիճակից դուրս գալ:

Վիճակը գովելի չէ նաեւ սփյուռքի այլ հատվածներում: Եվրոպական  երկրներում Սփյուռքն ավելի շատ քնած է քան արդուն: Քաղաքական հրապարակը մնացել էր ու դեռ բաց է միայն որոշ կուսակցականների համար, որոնք իրենց մեղքի բաժինն ունեն սփյուռքին Հայաստանի ներքին քաղաքականությունից հեռու պահելու համար: Այդ կուսակցություններն իրենք համարձակորեն խառնվում են Հայաստանի ներքին քաղաքականությանը, բայց չեն ցանկանում սփյուռքահայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի քաղաքականությանը: Նրանք Սփյուռք-Հայաստան հարաբերությունները մոնիպոլիզացիայի են ենթարկել: Երբ ցանկանում են գովաբանում են, իսկ երբ չէ՝ իրենց անհնազանդությունն են ցույց տալիս: Սփյուռքը այդ վիճակում չհայտնվելու համար պետք է ժամանակին մտածեր և համապատասխան քայլերի դիմեր, իսկ հիմա արդեն շատ ուշ է, ֆուտբոլի պատասխան խաղն արդեն քիչ ժամանակ հետո սկսվելու է, որի արդյունքի համաձայն էլ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին հայ-թուրքական հարաբերության, մասնավորապես Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիային հորդորեց Սփյուռքի հետ ավելի շատ գործ ունենա, քան Հայաստանի, նրա այդ քայլը Հայաստանի արտաքին քաղաքական ճկունությունն էր ապահովում: Անկախ նրանից, թե Լ.Տ. Պետրոսյանը այլ բնագավառներում ինչ սխալ քաղաքականություն է վարել, բայց այդ մեկը ճիշտ քայլ էր: Թուրքիան լավ էր գիտակցում, որ ինքը Սփյուռքի հետ չի կարող հեշտ լեզու գտնել, դրա համար էլ փորձեց սփյուռքին Հայաստանի իշխանության գերին դարձնել: Ու այդ գործը կատարեց եւ ամենալավը իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը՝ դաշնակցության միջոցով եւ հանգստացրեց Թուրքիային: Նույնն էր նաեւ ԼՂ-ի հարցում: Երբ բանակցային կողմ էր հանդիսանում ԼՂ-ն, Թուրքիան ստիպված էր հայկական երեք կողմիերի հետ հաշվի նստել, Հայաստանի, ԼՂ -ի եւ Սփյուռքի: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում Սփյուռքը գտնվեց Հայաստանի իշխանության ենթակայության տակ: Հայաստանի իշխանությունը ինքն էր Սփյուռքի գործոնն օգտագործում: Նույն վիճակի մեջ հայտնվեց նաեւ ԼՂՀ-ը, երբ արդէն Հայաստանն էր ներկայացնում Ղարաբաղին բանակցության գործընթացում: Իսկ Սերժ Սարգսյանը նույնիսկ այդ կարգավիճակը չպաշտպանեց: Նա Սփյուռքին հայ-թուրքական հարաբերության հարցում ընդհանրապես դուրս մղեց խաղից: Իսկ հիմա, հուսահատված Սփյուռքը ծիծաղելի վիճակում է հայտնվել, եւ օգնության համար դիմում է Բարաք Օբամային: Բայց երբ փորձում ենք իրավիճակը պատկերացնել եւ հասկանալ ամբողջությամբ, ապա թերեւս ամենամեծ մեղավորը Սփյուռքն ինքն է:

Բանն այն է, որ բացարձակապես հեռու մնալով ու չխառնվելով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին եւ նույնիսկ նպաստելով այդ իրադարձություններում իշխանությունների կամայականությունների լեգիտիմացմանը, սեփական գործունեության շրջանակը սահմանափակելով միայն Ցեղասպանության ճանաչման հարցով, սեփական ներուժը բացարձակապես չդնելով ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը եւ լեգիտիմ իշխանության ձեւավորմանը, փաստացի տվեց ոչ լեգիտիմ իշխանությանը այն հնարավորությունը, որը նա սանձարձակ օգտագործեց հենց ի վնաս իրեն՝ Սփյուռքին ու ամբողջ Հայ ժողովրդի: Սփյուռքում քաղաքական ու հասարակական գործիչներից, կուսակցություններից եւ այլոց շատ-շատերը խիստ քննադատում էին սփյուռքի այն մարդկանց ու քաղաքական գործիչներին, ովքեր փորձում էին Հայաստանի ներքին անօրինականություններն ու բռնությունները Սփյուռքում լուսաբանել եւ դրա դեմ քայլեր նախաձեռնել: Նրանք նույնիսկ  շատ ուրախացան, երբ որ միջազգային դիտորդները հայտարարեցին, թե Հայաստանում ԱԺ ընտրությունները և դրան հաջորդող նախագահական ընտրությունները «համապատասխան են միջազգային չափանիշներին»: Նրանք չհասկացան, որ այդ հայտարարությունների հետեւում մի սարսափելի հրեշ է թաքնված: Եւ այդ հրեշը իր պոչը շարժեց 2008 թ. մարտի 1-ին, եւ գլուխ բարձրացրեց 2008 թ. հունիսին, իրեն ցույց տվեց ապրիլի 22-ին՝ «ճանապարհային քարտեզի», իսկ ԼՂՀ հարցի կարգավորման մասով՝ «մադրիդյան սկզբոնքների» տեսքով: Եւ հիմա կանգնած է Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ու բոլորիս բացահայտ «արձանագրությունների» տեսքով ու որոշել է հոկտեմբերի 13-ին ամբողջ հայ ժողովրդին իր հրաշնչով այրել ու մոխիր դարձնել:

Այդ ամենից հետո, կան ծաղրանքի առարկա դարձաց քաղաքական հոսանքներ ու քաղաքական գործիչներ, ովքեր դեռ չեն ցանկանում հավատալ, որ հրեշը կանգնած է իրենց գլխի վերեւը: Նրանք նյունպես շարունակում են ժողովրդին թյուրիմացության մեջ պահել: Եւ ոմանք էլ մտածում են, որ ավելի լավ է հրեշն իրենց այրի ոչնչացնի, քան կենդանի մնան ու իշխանության ղեկը իրենց ձեռքում չլինի: Հիմա հազիվ թե Բարաք Օբաման կարողանա նրանց փրկի: Ոչ էլ Սարկոզին ու Մեդվեդեւը կարող են փրկել: Պարոնայք, նրանք ցանկություն էլ չունեն Ձեզ փրկելու, քանի որ այդ «հրեշի» սանձը հենց իրենք են արձակել: Հրեշը արդեն սանձարձակ է, նրանց ձեռքից դուրս է թռել, նրանք այլեւս չեն կարող դրա առաջն առնել: Մեղավորեն բոլորը, սկսած ընդդիմադիր կուսակցություններից մինչեւ իշխանություն: Իշխանությունն հայակործան քաղաքականություն վարեց, ընդդիմությունը լռեց, չշարժվեց, կտրուկ  եւ գործնական քայլերի չդիմեց:

Փրկվելու միայն մեկ տարբերակ գույություն ունի, այն է՝ հայ ժողովրդի Հայրենասեր, ազատամիտ եւ արդար, ժողովրդի ցավով տառապող, անձնազոհ ու անշահախնդիր զավակների համախմբվելն ու համատեղ ստեղծված իրավիճակի դեմ պայքարելն: Միայն այդ պայքարի շնորհիվ կարելի է այդ հրեշին, որը մի թաթը դրել է Կարսի, իսկ մյուսը Արցախի վրա ու սպառնում է այրել , մոխիր դարձնել արեւմուտքից մինչեւ արեւելք ընկած հայ ժողովրդի բնօրրանը, ոչնչացնել եւ ազատել հայ ժողովրդին:

Երվանդ Խոսրովյան

24 սեպտեմբերի 2009 թ. Գերմանիա

28 սպտ 2009 թվակաինի տպագրվել է «hetq» կայքէջում

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert