Wikimedia: Group photo during 2009 NATO Strasbourg–Kehl summit von Official White House Photo by Pete Souza / Photo officielle de la Maison Blanche par Pete Souza. (Public domain)

Հետաքրքիր է, որոշ մարդիկ, խմբավորումներ, կուսակցություններ երազում են Հայաստանը միացնել այն դաշինքին՝ ՆԱՏՕ-ին, որի հիմնադիր-անդամ երկրները մեկ դար առաջ հանուն իրենց շահերի վաճառեցին մի ամբողջ ժողովուրդ, հանդուրժեցին 1,5 միլիոնի սպանդը եւ ամբողջ արեւմտյան Հայաստանը նվիրեցին ցեղասպանին: Այդ երկրներից որոշները՝ այդ թվում նաև այսօրվա ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան, ուղղակի և անուղղակի մասնակից եւ համահեղինակն էր այդ ոչնչացմանը:

1952 թվականին ՆԱՏՕ-ի անդամ դարձրին նաեւ ցեղասպան Թուրքիային (ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակ ունեցող անդամ): Այդ նույն թվականին անդամ դարձավ նաեւ Հունաստանը: Բայց դա չխանգարեց ՆԱՏՕ-ին, որ իր անդամ երկիրը՝ Թուրքիան, հարձակվի իր մյուս անդամ Հունաստանի վրա եւ բռնագրավի հյուսիսային Կիպրոսը: Եթե Ադրբեջանը իր նավթա-գազային ռեսուրսներիի շնորհիվ կարեւոր է Ռուսաստանի համար, այդ նույն տրամաբանությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար էլ կարեւոր էր  եւ շարունակում է դեռ կարեւոր մնալ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համար մեծ դերակատարություն ունեցող Թուրքիան: ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց աչքերն ու ականջներ՝ չտեսնելու եւ չլսելու համար հյուսիսային Կիպրոսի բռնագրավումը ճիշտ այնպես, ինչպես դա արեցին մեկ դար առաջ ՆԱՏՕ-ի հիմնադիր-անդամ երկրները հայերի հանդեպ:

Այդ մսաղաց կառույցը՝ ՆԱՏՕ-ն,  1999 թվականին առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնության հարձակվեց Հարավսլավիայի վրա՝ Կոսովոյի ալբանացիների «իրավունքները» պաշտպանելու պատրվակով եւ ոչնչացրեց Հարավսլավիայի ամբողջ ոչ ռազմական նշանակություն ունեցող, տնտեսական, հասարակական և հանրային ենթակառուցվածքները, Կոսովոն հռչակեց  անկախ պետուություն եւ դա համարեց «օրինական», ժողովրդավարական, ազգային ինքնորոշման իրավունքի դրսեւորում, իսկ 30 տարի շարունակ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրները Ադրբեջանի նավթա-գազային ռեսուրսների շնորհիվ ոչ մի թթու խոսք նրա հասցեին չեն արտահայտում, Արցախի հարցը նրանց համար մնացել է ոչ թե ժողովրդների ինքնորոշման իրավունքի հարց, այլ տարածաշրջանում իրենց շահերին ծառայեցնելու կարեւոր գործիք:

Թողնենք այն հարցը, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների գաղտնի գործակալությունների կողմից ինչպես ստեղծվեցին, ֆինանսավորվեցին եւ զինվեցին ահաբեկչական խմբավորումները եւ դրանց  միջոցով  ինչ հանցագործություններ կատարեցին Աֆղանստանում, միջին եւ մերձավոր Արեւելքում եւ, թե  ինչպես հարձակվեցին Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի եւ Սիրիայի վրա:

Հռոմի Պապից ավելի կաթոլիկ դառնալը ամենազավեշտալին է.  Նախկին ԽՍՀՄ տրամաբանությամբ ստեղծված Եվրամիության դեմ այսօր ընդվզում են դրա անդամ պետությունների (պետություններ էլ չեն մնացել, մնացել է «Բրուսելյան իշխանությունը») ժողովուրդները,  ցանկանում են Եվրոյի վերացում և վերադարձ իրենց դրամական ազգային արժույթին, ազգային պետությունների վերականգնում, ատում են ՆԱՏՕ կոչված աշխարհավեր մսաղացը (այդ կառույցի ու նրա անդամ երկրների կողմից կատարված ավերակները տեսանելի են, մեր աչքի առաջ են՝ սկսած Հարավսլավիայից մինչեւ Աֆղանստան, միջին եւ մերձավոր Արեւելք…): Իսկ հայ քաղաքական  «նոր հանճարները» պաշտում են այդ մսաղաց կառույցը եւ առաջարկում են միանալ դրան:

Անկախ եւ ազգային ինքնիշխան պետության ձգտող քաղաքական գործիչը երբեք նման «հանճարեղ» առաջարկով հանդես չի գա, եթե ուղղակի կամ անուղղակի այդ մսաղացի գործակալը  չլինի: Իսկ եթե գործակալ չէ, բայց իր տգիտությամբ ու հիմարությամբ է նման «հանճարեղ մտքի թռիչք» դրսեւորում, ապա առաջինը հենց այդ մսաղաց կառույցի հիմնադիրները իրենց մտքում կժպտան ու նրան կահամարեն անթերի «հիմար», սակայն կհավատացնեն հիմարին, որ նա իսկական հանճար է և չեն խնայի ոչինչ այդ նույն հիմարին ծառայեցնելու իրենց  իսկ նպատակների իրականացմանը:

Մեկ տիրակալից ազատվելով եւ մյուսի ստրուկը դառնալով՝ ստրուկի կարգավիճակն ու էությունը  չի փոխվում:

 

Երվանդ Խոսրովյան

Գերմանիա, 08.04.2020 թ.

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert