ԱՌԱՋԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հին Արևելքի գրադարաններ (Շումեր, Ասորեստան-Բաբելոն, Խեթական պետություն, Եգիպտոս) Գրադարանը  և  «նախագիտական գիտությունը»

Գրադարանների գոյության վերաբերյալ առաջին տեղեկությունները վերաբերում են Միջագետքի ժողովուրդների մշակույթի ծաղկման ժամանակաշրջանին` մասնավորապես Շումերական պետությանը: Մեզ  հասած հնագույն տեքստերը թվագրվում են  մ.թ.ա. 3000-2900 թվականներին և իրենցից ներկայացնում են մնեմոնիկ և պատկերային գրեր, այլ կերպ ասած՝ ժայռապատկերներ:

Քաղաքակրթության օրրան  հանդիսացող հնագույն քաղաք-պետություների և այդ պետություններում ձևավորված առաջին գրադարանների ծագման  մասին տեղեկությունները  և դրանց մասին պատկերացումները մեզ են հասել տարբեր գիտական արշավախմբերի հնագիտական  պեղումների շնորհիվ:

Մ.թ.ա.  3-րդ հազարամյակի սկզբին  Տիգրիս և Եփրատ գետերի ափերին, հին քաղաքակրթության կենտրոններից  էր Միջագետքը: Մեզանից տասնյակ հազարավոր տարիներ առաջ  աշխարհագրական և կլիմայական  լավագույն պայմաններն այս տարածքում  նպաստավոր պայմաններ են ստեղծել մարդու կյանքի և զարգացման համար: Մի քանի տասնյակ փոքր քաղաք-պետություններ  են կառուցվում բլուրների վրա և շրջապատվում պատերով: Հին Լագոսը, Ուրը, Նիպուրը և ուրիշներ դառնում են շումերական քաղաքակրթության հիմնական կենտրոնները: Բայց նրանցից ամենաերիտասարդը և առավել հայտնին ՝ Բաբելոնը, այնքան արագ  է զարգանում, որ մ.թ.ա. առաջին  հազարամյակում հույները սկսել են  Միջագետքը կոչել նրա անունով Բաբիլոնիա:

Մ.թ.ա. 3-րդ  հազարամյակի կեսին  շումերները հայտնագործում են սեպագիր գրության եղանակը, որը, համապատասխանաբար ձևափոխելով, հետագայում օգտագործվել է Աքքադում, Ասորեստանում, Փյունիկիայում, Ուրարտուում և այլ պետություններում: Առաջին սեպագիր դասագրքերը  կազմվել են մ.թ.ա. 18-րդ դարում, որոնք  ավելի քան հազար տարի պատճենահանվել են գրեթե անփոփոխ, և գտնվել են Ասորական Նինվե մայրաքաղաքի  պեղումների ժամանակ՝ Աշուրբանիպալի գրադարանում:

Սակայն, միայն 600 տարի անց`  մոտ մ.թ.ա.  2400-ական թվականներին,  գիրը առանձին պատկերներ հիշեցնող ձևերից ձեռք է բերում դասակարգված և համակարգված տեսք և ստեղծվում են գրի ձևերն ու կրիչները: Մ.թ.ա. 2500-ական թվականներին Շումերը վերածվում է հզոր կենտրոնացված բռնապետական միապետության: Այս պահից ի վեր մեզ են հասել գրականության բազմաթիվ հուշարձաններ: Ամենահարուստ արխիվները հայտնաբերված են Լագաշի, Լարսի, Ուռի, Ումմայի, Շուրուպպակի, Նիպպուրի ավերակներում:

Առաջանում է հաղորդակցման մեկ այլ ձև՝ կանոնակարգված գրավոր խոսքը,  որը հնարավոր է  դարձնում բանավոր խոսքի  փոխանցումը տարածության և ժամանակի մեջ՝  նյութական կրիչի վրա  ֆիքսված պատկերի միջոցով:

Մեզ հասած հնագույն գրավոր տեքստերը՝ կավե սալիկների վրա արված սեպագիր արձանագրությունները, շումերերեն լեզվով են , թվագրվում են մ.թ.ա. 2900-2500 թթ. և հայտնաբերվել են Միջագետքի տարածքում: Նրանց շարքում է այսպես կոչված «Արքայական ցուցակը»՝ Շումերի կառավարիչների ցուցակը, որում հիշատակված է Գիլգամեշի անունը, ում անվան շուրջ հետագայում  էպոսներ և մի շարք  հերոսական երգեր են հյուսվել, որոնք պահպանվել են մինչ մեր օրերը: Մի հետաքրքիր փաստ նշենք, որ գիտական շրջանակներում ցնցող տպավորություն է թողնում այն հանգամանքը, որ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային ջրհեղեղի պատմությունը գրեթե համընկնում էր  Աստվածաշնչում ներկայացվող տարբերակին: Լագաշում հայտնաբերվել են ավելի քան   20.000  կավե սալիկների, Նիպպուրում, որը երկրի կրոնական կենտրոնն էր հնագետները հայտնաբերել են մի քանի հազարի հասնող կավե սալիկներ: Այս  սեպագիր արձանագրությունների մեծ մասը  պահպանվել են հատուկ նախատեսված 62 տարբեր շինություններում: Գտնված սալիկների բովանդակության վերծանումը հնարավորություն է տալիս ենթադրել, որ  դեռևս այն ժամանակ  գոյություն է ունեցել գրականության  դասակարգման  հստակ տարրեր:

«Գիլգամեշ» էպոսից հատված ներկայացնող սալիկ

Շումերական քաղաքներում կային դպիրների դպրոցներ՝  դրանց մեծ մասը հիմնականում տաճարներում, որոնք կոչվում էին «սալիկների տուն»: Աշակերտ  ​​տղաները կամ «սալիկների տան որդիները» տիրապետում էին շումերական և աքքադական լեզուներին, գրելու բարդ համակարգին, տեքստերի պատճենահանման արվեստին, սովորում էին աստվածաբանություն, մաթեմատիկա, աշխարհագրություն և բժշկություն: Ուրուկի և Շուրուպպակի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են սալիկներ ուսանելու համար նախատեսված բառերով,  որոնք էլ համարվում են առաջին դասագրքերը, դպրոցական տեքստերը և դպրոցական կյանքի մասին ուսուցողական նյութերը՝ «Դպրոցականի օր», «Դպիրը և նրա անկարգ որդին»:

Այս ժամանակի առավել խոշոր և նշանակալից գրադարանները՝ այսպես ասած պալատական գրադարանները՝ պետության կառավարիչների գրադարաններն են:

Հնագույն շրջանի մեզ հասած հարուստ հավաքածու ունեցող  հնագույն գրադարաններից է Խեթական պետության թագավոր Խաթուսիլիս Երրորդի պալատական գրադարանը (մ.թ.ա.1283-1260 թթ.): Գրադարանը տեղակայված է եղել Խեթական պետության մայրաքաղաք Խաթուսասում՝ արքայական պալատում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 11.000 կավե սալիկներ, որոնցում պետական և պաշտոնական  փաստաթղթեր՝ արքայական հրամաններ և կոչեր, նաև տարեգրություններ, տնտեսական, առևտրային, կրոնական և գյուղատնտեսական կյանքը կարգավորող ըստ բովանդակության դասակարգված սալիկներ: Ի տարբերություն շումերական սալիկների, խեթական «գրքերում» նշվում է հեղինակի անունը նրա հասցեն և տիտղոսը, նաև գրագրի անունը: Անգամ հիմքեր կան ենթադրելու, որ գոյություն են ունեցել հեղինակների անվամբ կազմված գրացուցակներ: Խեթական պետությունը  պահպանել է իր գոյությունը  Մ.թ.ա. II հազարամյակում ՝ 7 դարերի ընթացքում:

Հին Արևելքի  մեկ այլ  առավել խոշոր  գրադարան է  Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում գտնվող ասորական թագավոր Աշուրբանիպալի հիմնած  արքայական գրադարանը, որը մեզ հասած բաբելոնյան  գրականության հարուստ հավաքածուներից է: Գրադարանի ֆոնդը բաղկացած է եղել 7-10.000 կավե սալիկներից: Աշուրբանիպալի գրադարանը համընդհանուր բնույթ է ունեցել փաստաթղթերի բովանդակության առումով, այնտեղ հավաքվել են  արքայական հրամանները, հղումները, այլ երկրների անվանումների ու կառավարիչների ցուցակները, հնագույն քարտեզագրումներ, բնակավայրերի,  գետերի և և լեռների ցուցակագրված անվանումները, մաթեմատիկայի, աստղագիտության, բժշկության վերաբերյալ նյութեր, բառարաններ և ուղղագրական, լեզվաբանական նյութեր: Կրոնական-ծիսակարգային  տեքստերով սալիկները պահպանվել են առանձնացված շինություններում: Հենց այս գրադարանում է պահպանվել հայտնի շումերական առաջնորդ Գիլգամեշի մասին առասպելի առավել լիարժեք տեքստի բնօրինակը , որն աքքադերեն լեզվով է: Առասպելը  միաժամանակ  համարում են նաև արևելասեմիթական և բաբելոնա-ասուրական: Կան տեղեկություններ գրադարանների ֆոնդերի և կառուցվածքի  բացահայտման մասին: Հատուկ սալիկների վրա նշվել են ստեղծագործության անվանումը, սենյակը և դարակի համարը, որում այն գտնվել է: Յուրաքանչյուր գրքի վրա զետեղված է եղել է կնիքանման գրություն՝ «Աշուրբանիպալի արքունիք,արքաների արքա, Աշուր երկրի արքա, ում աստվածները տվել են սուր աչք և միտք…. և այլն», գիրքը վնասել կամ գրադարանից  դուրս տանել չի թույլատրվել, օգտվելու իրավունք ունեցել են բացառիկ նեղ շրջանի մարդիկ: Եգիպտոսում գրադարաններն անվանում էին «Գրքի տներ» կամ «Գրքի աստծվածային տուն» և «Կյանքի տուն»: «Կյանքի տուն» հասկացությունը  իր նշանակությամբ ենթադրում  էր գիտական հաստատություն, որտեղ ամենայն հավանականությամբ զբաղվում էին բժշկությամբ, ապա  այստեղ ստացած գիտելիքները գրի էին առնում  ամբողջական շարադրությամբ և պահպանում այդ ամենը:  Գրադարանի կառավարչի դերը պետական կարևորագույն պաշտոն էր և վստահվում էր միայն արքունական բարձրաստիճան դիրք ունեցող անձանց,  փոխանցվում էր ժառանգաբար: Այն կարող էր զբաղեցնել միայն պալատական ծագում ունեցող «բարձրագույն գիտելիքի» տիրապետող անձը: Գրադարանում պահվող փաստաթղթերից օգտվել կարող էին միայն  կառավարիչներն ու քրմերը:  Մ.թ.ա. 14-րդ դարից սկսած պետությունն ու եկեղեցին միավորվում են և ծագում է թեոկրատիկ՝ աստվածաբանական կառավարման եղանակը, որտեղ քաղաքական կառավարման  կարևորագույն դերը ստանձնում  է գլխավոր քուրմը: Այս շրջանում զարգացում են ապրում տաճարների գրադարանները: Տաճարային գրադարաններից առավել հայտնի է եղել Ռամեսսեում տաճարի գրադարանը՝ հիմնված մ.թ.ա. 1300 թ. Ռամսես երկրորդ փարավոնի կողմից, որի մուտքի մոտ «Դեղատուն հոգու համար» փորագրությունն էր արված:  Եգիպտոսում նամակագրության համար  սկսում են գործածել պապիրուսը, որը պահպանվում է խողովականման պատյաններում՝ փաթեթանման վիճակում: Սակայն պապիրուսի վրա արված փաստաթղթեր շատ  չեն պահպանվել, քանի որ պապիրուսը այնքան  էլ դիմացկուն չէր կավի համեմատ, և  հետևաբար հարմար չէր երկարատև օգտագործման: Շատ քիչ պահպանված տեղեկություններ  կան եգիպտական գրադարանների վերաբերյալ, այդ բացառիկներից է  Էդֆու քաղաքի գրադարանը, որի ճակատային մասում պահպանվել է գրացուցակի փորագրությունը:

 

Ռամեսսեում տաճար

Ընդհանուր առմամբ հին Արևելքում գրադարանը և նրա  ստեղծման և զարգացման առաջին փուլը կարելի է դիտարկել որպես հաստատություն, որն իրականացրել է գրադարանի երկու հիմնարար և առաջնային գործառույթներից միայն մեկը: Գրադարանի հիմնարար գործառույթներն երկուսն են՝ ֆոնդագոյացում և սպասարկում: Ստացվում է, որ աշխարհի առաջին  գրադարաններում առավել առաջնային և  հիմնական է եղել  ֆոնդագոյացման՝ փաստաթղթերի հավաքման և պահպանման ֆունկցիան: Գրադարանում ակնհայտ են դասակարգման և գրացուցակավորման համակարգված որոշակի տարրերը: Սակայն, միաժամանակ պիտի նկատել, որ այս շրջանի գրադարանները դեռևս   սպասարկում չէին իրականացնում, և ավելի շատ արխիվային բնույթ էին կրում՝ այսինքն հավաքում և պահպանում էին փաստաթղթերը, որոնք հաճախ մեկ օրինակով էին պահվում: Հետագայում  գրադարաններում  դեռևս նոր պիտի ստեղծվեին գրագրության և փաստաթղթերի կրկնօրինակման կենտրոններ:

Պետք է նշել, որ այս շրջանի գրադարանը չէր կարող  ծառայել  գիտությանը և նրա զարգացմանը,  քանի որ գիտությունը որպես այդպիսին դեռ ձևավորված և համակարգված չէր, այլ  ծառայում էր «նախագիտությանը»  որի հիմքի վրա էլ հետագայում սկսեց ձևավորվել գիտությունը:

Այսպիսով, խոսելով հնագույն  գրադարանների մասին, կարելի է նշել, որ առաջին գրադարանները  իրենց բովանդակային առումով հիմնականում պարունակել  են  կրոնական-ծիսակարգային, պետական և տնտեսական տարատեսակ փաստաթղթերի հավաքածուներ, որոնք տեղեկություններ են պարունակել տվյալ ժամանակաշրջանի  կյանքի տարատեսակ ոլորտների վերաբերյալ՝  քրմապետական, պալատական կառավարիչների, ծառայողների , նրանց  դերերի և  պարտականություների, տարածքների և գույքի, ունեցվածքի հաշվառման,  մարդահամարի վերաբերյալ:

Այսինքն, ըստ էության ,  գրադարանները ներառել են այնպիսի փաստաթղթերի հավաքածուներ, որոնք միաժամանակ կարելի է համարել թե՛ գրադարաններ, և թե՛ արխիվներ:

Այսպիսի հաստատության առաջացումն ու գոյությունը պայմանավորված  էր մարդու մտահորիզոնի զարգացման հետ, նաև նրանով, որ  շումերական մշակույթը հասել էր զարգացման այնպիսի մի աստիճանի, որտեղ մարդը սկսում է ինքնաճանաչման  անհրաժեշտություն զգալ, փորձել վերլուծել ինքն իրեն և իր կապը երկրի և իրեն շրջապատող աշխարհի հետ: Մարդու ձգտումները անհրաժեշտություն են առաջացնում  գրի ստեղծման և գրավոր տեսքով ասելիքի փոխանցման  համար պատկերագրության և հիերոգլիֆների միջոցով: Մարդը սկսում է հոգ տանել այդ գրավոր տեղեկությունը ստեղծելու և այն պարունակող կրիչի  պահպանման համար:

Անհրաժեշտություն  է առաջանում  կատարված իրադարաձությունների մասին վկայող և տեղեկացնող գրավոր հուշարձանների ստեղծման համար: Դա դեռևս չի կարելի անվանել «հիշողություն ժամանակի մասին»,  կամ «ժամանակային հիշողություն» և առավել ևս ոչ էլ վերաբերմունք  աշխարհի նկատմամբ պատմական դիտանկյունից: Այդ ամեն դեռևս պիտի առաջ գա հունա-հռոմեական դարաշրջանում՝ մ.թ.ա. 5-րդ դարում՝ երբ անտիկ աշխարհում ի հայտ է գալիս պատմությունը որպես առանձին գիտություն:

Օգտագործված գրականության ցանկ

1. Володин Б. Ф. Всемирная история библиотек. / Б. Ф. Володин. — СПб.: Профессия, 2002. — 352 с, 32 с. цв. вкл, ил. — (Серия: Библиотека).

2. Талалакина О.И. История библиотечного дела за рубежом . — Москва: Книга, 1982. — 272 с. ил.

3. Крамер С.Н. История начинается в Шумере / Под ред. и с предисл. В.В. Струве; Пер. Ф.Л. Мендельсона. М.: Наука, 1965.

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մատենագետ, տեղեկատվական աղբյուրների մասնագետ

 

 

 

 

 

 

 

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net