նկարը՝ https://ecolur.org

 

Հազարամյակներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը, իմա գյուղացիությունը և հասարակ ժողովուրդը, եղել է ներքին ու արտաքին թագավորների, մեծամեծների գերին, ինչպես ուզեցել, վարվել են նրա հետ։ Լուսավորիչը արքունիքի միջոցով, արյունով ու բռնությամբ նրա ուսերին դրեց օտար կրոնի այնպիսի լուծ, որը, նաև մեր օրերում է նրան շնչահեղձ դարձնում։ Հավանաբար հենց  այդ ժամանակներից սկսած, մեծ վիհ է առաջացել, Հայաստանի վերնախավի, եկեղեցու և բուն՝ հասարակ ժողովրդի, այն է՝ գյուղացիության և աշխատավորության միջև։ Միթե՞ տարօրինակ չէ, որ երկրի վերնախավը, նաև եկեղեցին, խոսել ու գրել են մի այնպիսի լեզվով, որին հասու չի եղել ժողովուրդը, այն չի հասկացել։ Երևի նման իրողությունը եզակի է, կամ քիչ ժողովուրդների մոտ, կարելի է նմանը նկատել։ Որքան հարստացել, այնքան էլ հղփացել են երկրի տիրակալներն, որոնք իրենց սեղանակից, համարյա իրենց կամակատար են դարձրել հոգևորականներին, ապա այնքան խեղճացել ու ընկրկել է ժողովուրդը։ Վկան  մեր օրերի գյուղացին։ Դարերի ընթացքում այդ  վիհը այնքան է մեծացել, որ ժամանակի իշխանները, չեն կարողացել, պարզապես անընդունակ են եղել, վտանգի դեպքում առաջնորդելով ժողովրդին, տեր կանգնել երկրին, պաշտպանել այն։ Եղել են ժամանակներ, երբ գյուղացիությունը ընդվզել է նրանց դեմ, հիշենք Թոնրակիցների շարժումը, սակայն եկեղեցու օգնությամբ, նրանք միացյալ ուժերով ճնշել են յուրաքանչյուր ընդվզում, այնպես, որ գյուղացիությունը մնացել է՝ ճնշված, խեղճ, կրավորական, տարել է յուրաքանչյուր ճնշում, թե՝ յուրայինի և թե օտարի։

Ուշագրավ է Պուշկինի հետևյալ, ես կասեի՝ ցավագին, բնորոշումը. «Դու՝ ստրուկ ես, դու՝ վախկոտ ես, դու՝ հայ ես։»

Այո, հայ հասարակ մարդը եղել է այնքան խեղճ, այնքան նվաստացած, որ ապրելով իր հայրենիքում, եղեռն է թույլ տվել, այո դա այդպես է, հայ ժողովուրդը եղեռն է թույլ տվել։ Վերջին օրերին նմանը կրկնեցին նաև մի քանի անհատներ։ Այսօր մենք մի կետի ենք հասել, որ ազգովի պետք է կանգ առնենք ու մտածենք, մեզ հարց տանք.

-Այդ ինչպե՞ս եղավ, որ մոտ երեք միլիոն ժողովուրդ, ապրելով իր հայրենիքում, եղեռն թույլ տվեց…

Ջոն Կիրակոսյանը լինելով հմուտ պատմաբան, հայրենասեր՝ քաղաքագետ, առաջիններից էր, ով բազմակողմանի ուսումնասիրել, քննարկել է Հայկական Հարցը միջազգային դիվանագիտական կոնֆերանսներում և քննադատելով արևմտահայ կուսակցություններին, նաև վերնախավի պահվածքը, գրում է.

«Այն ընթացքում, երբ Արևմտյան Հայաստանի գավառահայությունը ամբողջովին իր վրա էր կրում Սուլթանի յաթաղանի ճնշումը, Պոլսում հայ վերնախավի մի մասը բարեկամություն էր անում թուրք վերնախավի հետ, իսկ մյուս մասը, արևմտյան երկրների դռներն էր թակում և օգնություն էր աղերսում, որպեսզի նրանք մեղմեն արյունոտ սուլթանին»(Մեջբերվել է հիշողությամբ)։

Ուշագրավ է՝ պարոն Սուրեն Սարգսյանի դիտողությունը այդ կապակցությամբ և այն, որ օրինակ բերելով Իսրայել Օրի-ի արկածախնդրական ճանապարհորդությունը դեպի Եվրոպա, նշում է.

Ժամանակն է, որ հայ ժողովուրդը վստահի միայն իր ուժերին և այնպիսի առաջադրանքներ իր օրակարգի հարցերը դարձնի, որոնք նա լուծել կարող է և ի վիճակի կլինի, դրանց ապագայի, թե՝ քաղաքական ե թե՝ տնտեսական հետևանքները միայնակ  հաղթահարել։ Նա տեղին նշում է. Որ 1994 թվականների հաղթանակը՝ պայմանավորված էր նրանով, որ Սովետական շրջանում, գիտակից, կրթված, հայրենասեր սերունդ էր աճել։

Անկախ Հայաստանի իշխանությունները արին իրենցը, նրանք այնպիսի հարված հասցրին գյուղացիությանը, աշխատավորությանը, որը թվում է անդարձ։ Նաև թվում է, թե՞, նոր իշխանությունների համար էլ գյուղը կարևոր չէ, չի նկատվում, որ նրանք քայլեր են անում, այն վերականգնելու, կործանումից փրկելու։ Ասես ինչ որ աներևույթ ուժեր, սաստում են նրանց, չմոտենալ, թթու խոսք չասել՝  հողը, ջուրը, արոտավայրերը սեփականացնողներին, գյուղացիությանը տնավեր անողներին։ Արարատյան դաշտը ամայի դարձնողներին։ Բայց չէ որ գյուղացիությունն ու աշխատավորությունն է, երկիրը պահում, ազգին պահում, նրան սնում, բազմազավակ է և երկրին զինվոր է տալիս… Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով երկրի համար ամենաառաջնային խնդիրն է՝ հասնել ցորենի, եգիպտացորենի ինքնաբավարարման։ Եթե հայ ժողովուրդը այդ ամենակարևոր հարցը լուծել չկարողանա, ապա երկրի ապագան խիստ վտանգված կլինի, չորս կողմից շրջապատված երկրի համար, այլ ելք չկա։

 

Այսօր էլ, Հայաստանի վերնախավը, մտավորականությունը, տարբեր հոսանքների քաղաքական գործիչները, իրար քննադատելով, մեղադրելով, ցանկանում են մեկը Ռուսի հովանու տակ, այն մյուսը «քաղաքակիրթ աշխարհի» հովանու տակ, երկիր պահել, Արցախ պահել, այն դեպքում, երբ անկախության տարիներին կեղեքվել ու դեռ կեղեքվում են երկիր պահող, երկրի իսկական պաշտպանները՝ գյուղացիությունը, աշխատավորությունը, ովքեր ստիպված դատարկելով գյուղերը և հայրենիքը, «խոպանչիկ» են դարձել, անգամ ևս «տնավեր լաճ», գաղթական…

Այնպես որ.

Հարգելի՝ հմուտ, ամենագետ քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, հարգելի՝ պետական այրեր, դոկտորներ, պրոֆեսորներ, հարգելի՝ պարոններ, դուք, որ մոռացել եք Հայաստանի գյուղացիությանը, աշխատավորությանը, մոռացեք նաև «քաղաքակիրթ աշխարհին», նա անգամ ևս, ինչպես անցյալում, կխաբի ձեզ։ Մոռացեք Վիլսոնի Քարտեզը, այո մոռացեք, նրանք միայն ծիծաղելու և ծաղրելու են ձեզ՝ այդքան միամիտ և դյուրահավատ լինելու համար։ Դուք ձեր թիկունքում ոչինչ չունենալով, անգամ ևս գնում եք արկածախնդրության։

Այո, դուք նաև շատ եք ուշացել, այսօր հայ ժողովրդի իրոք՝ իրագործելի և իրագործված հաղթանակը կլիներ.

-Կես միլիոնից ավել բնակչություն ունեցող Արցախը, հայությանը սնող՝ Հայաստանում և ազատագրված տարածքներում ծաղկող՝ գյուղատնտեսությունը։

-Հինգ միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, որին դուք երբեք չեք հավատացել և չեք ձգտել։

-Ոչ թե՝

-Արևմուտքի, սրա-նրա ողորմությունով ապրող և աղքատության գիրկը մատնված մի բուռ Ժողովուրդ։

Նման կացության համար պետք է հավիտյանս ամոթի և դավաճանի խարանով պիտակավորվի երկիրը թալանած վերնախավը, իհարկե ամոթի զգացում պետք է ունենա նաև մեզանից  յուրաքանչյուրը, այո, նաև ամեն մի գիտակից հայ…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, ապրիլ 2020

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert