Վերցրեք երկինքս,
արևն ու դողս,
առավոտներս`
անտուն,անվերմակ:
Կրծեք արմատը
հաստաբուն ծառիս
և պտուղները արև չտեսած`
պոկեք արգանդից,
նվիրեք քամուն:
Ձերը դարձրեք`
օր ու ժամանակ,
Ձեզանով արեք
չապրած օրերս:
Հարբեք բաժակից`
որբացած բախտիս,
Ծափերով լցրեք
պատերս դատարկ:
Վերցրեք գիշերս`
աներազ ու կույր,
Մեկիդ եղա կին,
իսկ մյուսիդ էլ քույր:
Ամենը վերցրեք,
և երկինք և դող,
մարմնիս չդիպչե’ք,
թողեք ինձ հոգիս
և մի բուռ էլ հող:
Անի Հերունի Սաջյան