Իմ դարի հայը՝ ե՛ս եմ լինելու,
Նախնյաց վրեժը՝ ե՛ս եմ լուծելու,
Ե՛ս եմ իմ ազգի բաց վերքի վրա,
Բալասան դարձած աղոթք անելու։

Իմ վաղվա հային՝ ե՛ս եմ ծնելու,
Հայորդու ոգով նրան սնելու,
Որ կանգնի նախնյաց հողերի վրա,
Ու մի հարվածից աշխարհ դղրդա։

Այս դարի հայը՝ դու՛ ես լինելու,
Դու՛ ես քո հային՝ իր տուն բերելու,
Հայի աչքերը էլ չեն թախծելու,
Աշխարհում պանդուխտ հայ չի լինելու։

Մեր վաղվա հային՝ դու՛ ես ծնելու,
Ձեռքին դրոշ ու զենքը դնելու,
Աղոթք անելու, հող համբուրելու,
Ազգի պարծանքը նա՛ է լինելու։

Այսօր՝ ես ու դու, մե՛նք ենք լինելու,
Մե՛նք ենք մեր տունը կանգուն պահելու,
Օջախներում ծուխ, թոնիր վառելու,
Մեր մի թիզ հողը մե՛նք ենք պահելու։

Մեր դարի հայը՝ մե՛նք ենք լինելու,
Ու դարի հայեր՝ շա՛տ ենք ծնելու,
Հայն է ինքն իր մեջ հային կերտելու,
Ու նրան դարի՝ հա՛յ են կոչելու։

Լիլի Շակրին

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert