ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

–Ապրիլի 24—ի ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համահայկական ներուժի համախմբումը դիտարկեց որպես ինքնիշխան, ուժեղ պետություն ունենալու նախապայմաններից։ Ի՞նչ առանցքի շուրջ պետք է ձեւավորվի hայրենիքի եւ սփյուռքի համագործակցությունը։

–Իրականում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում մենք հետապնդում ենք ազգապահպանության գաղափարը, եւ առանցքը հայապահպանությունն է։ Հայաստանում այն արտահայտվում է մի փոքր այլ կերպ, քան սփյուռքում։ Այսօր համախմբվելով պետականակենտրոն գաղափարի շուրջ՝ հայապահպանության երաշխիքներ ենք ստեղծում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում։ Այս ամենը, բնականաբար, համահայկական օրակարգի առաջնահերթություններից է, եւ ուղղակի կապված է հայրենիք—սփյուռք գործակցությանը։ Վերջերս, երբ տեսակապով հանդիպում ունեցա սփյուռքի համայնքներից մեկի հետ, հարց հնչեց, թե արդյո՞ք այսօր Հայաստան—սփյուռք հարաբերություններն առավելապես հայաստանակենտրոն չեն։

Մինչդեռ այդ հարաբերություններում հայրենիքն ու սփյուռքը իրականում մեկ ամբողջություն են, կենսական միմյանց համար, եւ նժարների վրա դնելը պարզապես ապարդյուն աշխատանք է։ Ահա այս ելակետով՝ ստեղծվել եւ կառավարության ծրագրում ամրագրվել է ուժեղ Հայաստան—ուժեղ սփյուռք բանաձեւը։

Այսպիսով՝ հայրենիք—սփյուռք համագործակցության առանցքը պետք է լինեն ուժեղ, առաջադեմ, մրցունակ, հեռանկարային Հայաստանը, որի հետ կցանկանա ասոցացվել յուրաքանչյուր հայ, եւ, իհարկե, կազմակերպված, պետականակենտրոն ինքնությամբ սփյուռքը՝ իր բազմազանությամբ, մասնագիտական, մարդկային եւ ֆինանսական ներուժով, համաշխարհային տարածվածությամբ եւ ցանցային բնույթով, ինչը 21—րդ դարի մրցակցային առավելություններից մեկն է։

Սա նաեւ մեր համահայկական նպատակն ու տեսլականն է, որ վերածել ենք համատեղ աշխատելու, միավորվելու առանցքի ու գաղափարի։ Այս բաղադրիչը դրված է նաեւ մեր գրասենյակի բոլոր ծրագրերի հիմքում։ Իհարկե, Հայաստան—սփյուռք աշխատանքը ենթադրում է անընդհատ զարգացող, խորացող, ընդլայնվող աշխատանք, այլապես մեր տեսլականներն ու գաղափարները իրականություն չեն դառնա այն չափով, որ չափով ակնկալվում է։

–Բազմաթիվ փորձեր եղել են համագործակցության հայեցակարգի մշակման ուղղությամբ՝ սկսած 90—ականներից։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվել են նաեւ համաժողովներ։ Բայց կարծես արդյունք չի եղել։ Նոր գործիքակազմի անհրաժեշտություն կլինի՞։ Կամ գուցե արդեն որոշակիացվա՞ծ են դրանց սահմանները։

–Երբ խոսում ենք Հայաստան—սփյուռք հստակ հայեցակարգի, այսինքն՝ ռազմավարության, գաղափարախոսության եւ գործողությունների ամբողջության մասին, պետք է նկատի ունենանք, թե որքանով ենք ճանաչում սփյուռքն իր ողջ խորությամբ, բազմազանությամբ եւ խնդիրներով։ Դուք հղում եք անում նախկինում կազմակերպված համաժողովներին, որոնց մենք բազմիցս անդրադարձել ենք։ Այժմ միայն ասենք, որ դրանք ունեցել են չափազանց ցածր արդյունավետություն եւ սփյուռքի հետ հարաբերություններում որեւէ էական արդյունք չեն գրանցել։ Հայրենադարձության գործընթացի կազմակերպում, ներդրումներ, Հայաստան—սփյուռք կապի ամրապնդում. այս ուղղություններից զատ մեր աշխատանքի առաջնահերթություններում են նաեւ սփյուռքի հետ փոխճանաչողությունը, յուրաքանչյուր համայնքի հետ առանձին աշխատանքը, ներուժի վերհանումն ու քարտեզագրումը։ Ասել է թե՝ մենք մշտապես խոսում ենք սփյուռքի կարեւորության, մրցակցային առավելության մասին, սակայն դեռ չգիտենք՝ կոնկրետ ի՞նչ ներուժ է սփյուռքը, որքանո՞վ է այն հասանելի մեզ եւ որքանո՞վ է թիրախային մեր համագործակցության դաշտում։ Այդ նպատակով մեր գրասենյակն այս տարի մեկնարկեց սփյուռքի ներուժի քարտեզագրման աշխատանքները, շարունակվեցին մեր համայնքային այցերը, այս ամենին զուգահեռ մշակվեցին սեպտեմբերին կայանալիք Համահայկական համաշխարհային վեհաժողովի օրակարգն ու բոլորովին նոր ձեւաչափը, որտեղ պետք է քննարկվեին համահայկական նշանակության հարցերը, նաեւ սփյուռքյան մարմնի ստեղծման գաղափարը։ Սակայն սկսվեց կորոնավիրուսի համավարակը, եւ այժմ ստիպված ենք որոշակի փոփոխությունների գնալ։ Բնականաբար, մեր այցերը չեղարկվել են, սակայն մեկնարկել ենք նոր ծրագիր՝ առցանց հանդիպումներ կազմակերպելով տարբեր համայնքների հետ, շարունակելով ծանոթություններն ու խնդիրների վերհանումը։ Վեհաժողովը, հավանաբար, դարձյալ կանցկացնենք առցանց եղանակով։ Այսպիսով՝ գնում ենք սփյուռքն իր ամբողջության մեջ ճանաչելու ճանապարհով, ինչը մեզ թույլ կտա ստեղծել կենսունակ, արդիական, համահայկական հայեցակարգ։

–Իսկ Հայկական աշխարհի գաղափարի՞ն ինչպես եք վերաբերվում։ Այս գաղափարին ժամանակին լրջորեն անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հրապարակելով ընդարձակ հոդված։

–Անկեղծ ասած՝ խորապես ծանոթ չեմ այդ հոդվածին, հետեւաբար դրան չեմ անդրադառնա։ Այսօր մեր բանաձեւը գլոբալ ազգ—փոքր պետություն—ուժեղ պատականություն գաղափարի շուրջ է։ Պատմական իրողությունների բերումով վերածվել ենք համաշխարհային ազգի, եւ գրեթե բոլոր երկրներում առկա են հայկական համայնքներ, հայկական հետք ու ներկայություն։ Սա մեծ հնարավորություն է ընձեռում համահայկական ցանցի ստեղծման համար, որտեղ ոչ միայն կզարգանան Հայաստան—սփյուռք, այլեւ սփյուռք—սփյուռք հարաբերությունները։ Ցանցային մտածողությունը ժամանակի պահանջն է, եւ այսօր սփյուռքի հետ հարաբերություններում մենք բացառում ենք աշխատանքի ուղղահայաց ձեւաչափը։

–Առավել մանրամասնենք ցանցային բաղադրիչի թեման. ի՞նչ դերակատարություն է նրան վերապահված։

–Արդեն նախորդ պատասխանում մի փոքր անդրադարձա։ Այստեղ հատկապես կցանկանայի կարեւորել մասնագիտական ցանցերի ստեղծումը։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ. այս օրերին մեզ մեծապես օգնում է հայ բժիշկների ցանցը՝ Հայկական միջազգային բժշկական կոմիտեն՝ ցուցաբերելով ե՛ւ նյութական, ե՛ւ մասնագիտական աջակցություն։ Համահայկական այլ մասնագիտական ցանցեր եւս առկա են, եւ մեզ համար կարեւոր են նրանց ընդլայնումն ու հզորացումը։

–Ընդհանրապես ազգային ինքնության ո՞ր հարցերն իր ուսերին պետք է վերցնի հայրենիքը եւ որը մնա սփյուռքին։ Բաժանման—բաշխման անհրաժեշտություն լինելո՞ւ է։

–Շատ ընդգրկուն հարց եք տալիս, որը բազմաշերտ պատասխան է ենթադրում։ Անկասկած, Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Արցախը, ազգային ինքնության պահպանման ամենաիրական, ամենաերաշխավորված եւ ամենահուսալի տարածքն են, եւ այդ տարածքի կենսունակության համար պատասխանատվություն են կրում բոլոր հայերը՝ անկախ իրենց բնակության վայրերից։ Այսօր առաջ տանելով պետականակենտրոն ինքնության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման գրավական, նպատակ ունենք աշխարհասփյուռ հայության, երիտասարդության մեջ հայկական ինքնությունը կապել այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են կրթությունը, նորարարությունը, ստեղծարարությունը, մարտունակությունը, մրցունակությունը։ Այստեղ կարեւոր է ազգային բրենդի ստեղծումը, որի կայացման գործում հավասարապես պետք է ներգրավված լինեն ե՛ւ պետությունը, ե՛ւ սփյուռքը։

–Մեր սփյուռքը կարո՞ղ է ինստիտուտիզացվել, այսպես ասեմ։

–Եթե խոսքը սփյուռքի համակարգայնացման մասին է, ապա որոշ մասով սփյուռքը հասել է դրան, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Սփյուռքահայերի մեծ մասը ներգրավված չեն որեւէ կառույցում ու կազմակերպությունում, ակտիվ չեն համայնքային կյանքում, սակայն սա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք նրանց հետ։ Չփորձելով խառնվել համայնքների ներքին գործերին՝ խրախուսում ենք նրանց ինքնակազմակերպման արդյունավետ դրսեւորումները։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

https://armenpress.am/arm/news/1015558/

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert