ԱՐԵՒԵԼՔ լրատուական18 Օգոստոս 2016

 

Անդրանիկ Ծառուկյան, Սոնա Ծառուկյան (տիկինը) և Սեյրանուհի Գեղամյան

Սեյրանուհի Գեղամյանը գրում է.

Այս լուսանկարը հավանաբար Անդրանիկ Ծառուկյանի վերջին լուսանկարն է կամ վերջիններից մեկը՝ վստահաբար:

1988 թվականի դեկտեմբերի 4-ն էր… Փարիզյան իր գեղեցիկ բնակարանում, նկատելիորեն ուրախ էր եւ հուզված: Բազմապիսի հարցեր էր տալիս Հայաստանից, ղարաբաղյան շարժումից, միտինգներից, երիտասարդության դիրքորոշումներից: Իրեն հատուկ պատկերավոր լեզվով ու նուրբ հումորով վերհիշում էր հայաստանյան իր այցելությունները, զանազան դեպքեր, դեմքեր: Երբեմն պայծառանում էր, երբեմն՝ մտահոգվում կամ խորասուզվում մտքերի մեջ:

Երկար զրուցեցինք՝ մինչեւ կեսգիշեր: Նաեւ լուսանկարվեցինք:

Մի քանի օր հետո եղավ դեկտեմբերի 7-ը՝ հայաստանյան ահեղ երկրաշարժը: Նորից այցելեցի նրան ու երկար արտասվեցինք լուռ, անմխիթար…

Հետո, արդեն Երեւանում ստացա այս լուսանկարը, որպես հիշատակ փարիզյան այն գեղեցիկ երեկոյի եւ կարճ մի երկտող՝ թե ուզում է Հայաստան գալ՝ ինչպես նշում էր՝ «վերջին անգամ»:

Բայց, հազար ափսոս, որ չիրականացավ այդ «վերջինը»: 1989 հունիսի սկզբին Անդրանիկ Ծառուկյանը հեռացավ երկրային կյանքից:

*  *   *

Այլ տվյալներ՝

 

 

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան (1913, հոկտեմբերի 4, Կյուրին – 1989, մայիսի 23, Փարիզ), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն

1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թթ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ. դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.

Ստեղծագործական կյանք

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

 

Երկերի մատենագիտություն

  • Մոխրաման, Պէյրութ, 1935, 64 էջ:
  • Առագաստներ, Հալէպ, 1939, 80 էջ:
  • Հէ՛յ, ջան Երևան…, Գահիրէ, 1945, 64 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1959, 180 էջ:
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 336 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963, 188 էջ:
  • Երազային Հալէպը, Պէյրութ, 1980, 281 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 240 էջ:
  • Վերջին անմեղը, Պէյրութ, 1980, 312 էջ:
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1982, 334 էջ:
  • Նոր Հայաստան, նոր հայեր, Պէյրութ, 1983, 289 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ: Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ:
  • Մեծերը եւ միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ:
  • Երազային Հալէպը: Նոր բովանդակութիւն, Պէյրութ, 1996, 204 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ:
  • Առկայծող հայեր Եւրոպայի լոյսերուն մէջ, Պէյրութ, 1999, 222 էջ:
  • Սփիւռքի տասնամեակները: 60 ամեայ սփիւռքը: Անհետացած դէմքեր, Հալէպ, 2000, 173 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Երեւան, 2004, 236 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ:
  • Letter to Yerevan, («Թուղթ առ Երեւան», անգլերէն թարգ.), Ուաթըրթաուն ԱՄՆ, 2018, 119 էջ:

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert