1991 թվականից ի վեր՝ Հայաստանի անկախացումից հետո, սկսվեց երկրի հարստությունը մաս-մաս անելը և սեփականաշնորհելը: Պետական գույքը, երկրի ընդերքն ու ժողովրդին պատկանող բնական հարստությունները, գյուղատնտեսությունը, ռազմնավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները՝ էներգետիկ համակարգը, երկաթգիծը եւայլնը, հետզհետե սեփականաշնորհվեցին՝ ասել է թե, ժողովրդին պատկանող հարստությանը տիրացան մի քանի տասնյակ ընտանիքներ: Այս գործընթացը առավել մեծ թափ ստացավ Քոչարյանի իշխանության գալուց հետո եւ ավարտվեց Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալով: Իսկ թե ի՞նչ գործարքներով կարողացան ծնունդ առնող օլիգարխները տիրանալ այդ ահռելի հարստություններին, որտեղի՞ց իրենց սկզբնական կապիտալը, այլ հարց է, որը կարիք ունի առանձնակի ուսումնասիրության:

Նախկին օլիգարխները՝ ներկա «սեփականատերերը», կարծում են, որ «թավշյա հեղափոխությունը» միայն նրա համար էր թավշյա, որ հեռացվող իշխանությունները բռնի կերպով չհեռացվեին, այլկերպ ասած՝ արյուն չթափվեր: Բայց չեն հասկանում, որ հեղափոխությունը մնում է հեղափոխություն՝ անկախ նրա թավշյա կամ ոչ թավշյա լինելու հանգամանքից: Հեղափոխության հիմնական տարբերությունն ու տրամաբանությունը իշխանափոխությունից այն է, որ իշխանափոխության դեպքում համակարգը մնում է նույնը, փոխվում է միայն իշխանությունը: Ինչպես օրինակ ՀՀՇ իշխանությունը անցավ Քոչարյանին, ապա Ս. Սարգսյանին, դրանք մեկը մյուսին հաջորդող տարբեր իշխանություններ էին, բայց համակարգը մնաց նույնը. շարունակվում էր կառավարման նույն տրամաբանությունը՝ նախկին օլիգարխների տեղը գրավում էին նորերը, կամ հները համաձայնվելով նորերի հետ՝ միասին իշխում էին  և շարունակում էին թալանը:

Հեղափոխությունը հիմնականում տեղի է ունենում մինչ այդ աշխատող համակարգը մերժելու եւ դա մի այլ համակարգով փոխարինելու տրամաբանությամբ՝ անկախ նրանից, թե այդ համակարգի փոփոխությունը ինչքան ռադիկալ ու խորքային, կամ դանդաղ ու մակերերեսային կլինի: Դա կապված է տվյալ երկրի տնտեսական, անվտանգության եւ շատ այլ հարցերի հետ: Կարեւորը այն է, որ տնտեսապես թույլ և, նամանավանդ, արտաքին սպառնալիքների տակ գտնվող երկրներում հեղափոխության իրականացման եւ անցումային ժամանակաշրջանում երկրի  տնտեսությունը չփլուզվի և չխաթարվի անվտանգությունը, մի խոսքով՝ ունքը սարքելու փոխարեն աչքը չհանվի:

Նախկին օլիգարխները խոսում են հեղափոխությունից ու հեղափոխական գործողություններից, բայց չեն ուզում  ընդունել, որ հեղափոխության թիրախը հենց իրենք են եղել և իրենք են, որ պատճառ են դարձել հեղափոխական իրավիճակի ստեղծման եւ որ ժողովուրդը սիտիպված դիմել է հեղափոխական քայլի՝ նրանց իշխանությունից հեռացնելու եւ թալանածը պետությանը վերադարձնելու համար: Օլիգարխը, քաջ հասկանալով հեղափոխության տրամաբանությունը, փորձում է մանիպուլյացիաների միջոցով այն հարմարացնել իր շահերին՝ ընդդիմանալով բոլոր այն գործողություններին, որոնք ուղղված են  իրենց ապօրինի հարստացման եղանակների արգելափակմանն ու ապօրինի ձեռք բերածի առգրավմանը:

Այն երկրում, որտեղ Գագիկ Ծառուկյանի նմաններն ահռելի հարստություն են կուտակել, դժվար չէ պատկերացնել, թե այնտեղ ինչ համակարգ և հարաբերություններ են տիրել: Եթե Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1997 թվականին Հայաստան  բերվեց և անձամբ հայտարարեց, որ «Հայաստանում տուն չունի», բայց շատ կարճ ժամանակ հետո ինքն ու իր ընտանիքի անդամները դարձան միլիոնատերեր, հեղափոխությունից հետո իհայտ եկան բազում չարաշահումների ճանապարհով ապօրինի հարստացման նոր դեպքեր, ապա դժվար չէ հասկանալ, թե նախկին օլիգարխիան հանուն սեփական շահի ինչ վնաս է հասցրել պետությանը՝ թքած ունենալով պետականության անվտանգության վրա:  Կարելի է անվերջ թվարկել ապօրինի հարստացողների շարանը, բայց դա մի այլ նյութի քննարկման թեմա է:

Հեղափոխության տրամաբանությունը հենց այդ ապօրինի հարստացած ու հարստացողներին սանձելն ու երկրի թալանը կանխելն է, այլապես հնարավոր չի լինի պեություն կառուցել, երկիր զարգացնել, ժողովրդի կենսամակարդակը բարելավել ու երկրի անվտանգությունը ապահովել: Հեղափոխությունը իրականացնում է ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, որը տասնյակ տարիներ ի վեր մի քանի տասնյակ ընտանիքների կողմից կողոպտվել, ընչազրկվել, արժանապատվությունը բռնաբարվել է:

Լիբերալ տնտեսագետների տեսության համաձայն օլիգարխը նա է, ով միաժամանակ նաեւ զբաղվում է քաղաքականությամբ: Բոլորովին էլ անհրաժեշտ չէ, որ օլիգարխիան քաղաքականությամբ զբաղվելով իշխանության լծակները իշահ իր նպատակների օգտագործի, այլ նրա մենաշնորհը դարձած տնտեսական ոլորտն է, որ թույլ է տալիս իշխանությանը թելադրել վարել իրենց շահերից բխող տնտեսական քաղաքականությունը, իսկ տնտեսական քաղաքականությունն է, որ որոշում է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

Հնարավոր չէ ազատվել մեծ դրամատիրոջ քաղաքական թելադրանքներից, քանի դեռ ֆինանսա-տնտեսական լծակը նրա ձեռքում է: Պետք է տնտեսական այլ քաղաքականությամբ այդ լծակը նրա ձեռքից վերցնել՝ ձեւավորելով կոպերատիվ տնտեսություններ,  ազգայնացնելով հանրությանը պատկանող հարստությունները, երկրի ենթակառուցվածքները, պետությանը վերադարձնելով էներգետիկ համակարգը: Հարկավոր է ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտները պետականացնել, ստեղծել պետություն-մասնավոր համատեղ ընկերություններ, պետությանը մասնակից դարձնել օտարերկրյա խոշոր ներդրումներին՝ 51-49 հարաբերակցությամբ, զարգացնել արդյունաբերությունը, աջակցել միջին եւ թեթեւ արդյունաբերությանը:

Թավշյա հեղափոխությունը չի կարող երկարատեւ գոյատեւել: Նա ունի  իր տրամաբանական սկիզբն ու ավարտը: Հայաստանի պարագայում թավշյա հեղափոխության ժամանակաշրջանը պետք է ավարտված համարել եւ անցնել  խորքային կտրուկ գործողությունների: Այլապես խոշոր դրամատիրական մեքենան  տրորելով կանցնի թավշի վրայով՝ մաքրելով իր ցեխոտ անիվները դրա վրա:

Անցել է լիբերալիզմի և նեոլիբերալիզմի շրջանը, որը բացի համատարած աղքատությունից, գործազրկությունից, հարատև ֆինանսատնտեսական ճգնաժամից ու պատերազմներից ոչ մի այլ լավ բանի չի հանգեցրել: Որպես ազգային ինքնիշխան պետություն կգոյատեւեն այն պետությունները, որոնք քաղաքական կամք կունենան վերը նշված բարեփոխումները իրականացնելու: Այլապես, ինչքան էլ ոգեվորված «անկախ պետության» հիմնը շեփորահարեն, այլ բան չեն լինի, քան համաշխարհային նեոլիբերալ տնտեսական համակարգի շղթայված մի օղակ, նրա շենքի աղյուսներից մեկը, որը այդ շենքի փլուզումով անհետ կկորի:

 

Երվանդ Խոսրովյան

Հունիս 2020 թ.

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert