1920 թվականի մայիս։ Այդ ժամանակից անցել է 100 տարի։

Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարները իրենց իշխանությունը սկսեցին մեծ խոստումներ տալով թե ամեն ինչ կանեն երկրի քայքայվաց տնտեսությունը վերականգնելու, սովը հաղտահարելու, տասնյակ հազարավոր որբերի ու գաղտականների վիճակը թեթևացնելու, կարգն ու կանոնը հաստատելու, հանցագորցություները կանխելու հա­մար։

Կառավարության այդ խոստումների մեջ գլխավոր շեշտը դրվում էր հրչակված անկախությունը ամրապնդելու վրա։

 

Ստորեւ ներկայացնում ենք պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
գրքից հատվածներ՝

«ՀԱՅԱՍՏԱՆ.  ՄԱՅԻՍ, 1920 ԹՎԱԿԱՆ,

ԵՐԵՎԱՆ,  ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 2020»

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ 1920 Թ. ՄԱՅԻՍԻՆ

ԵՐԿՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Երկրի ներքին կյանքը կայունացնելու, կարգ ու կանոն հաստատելու գործում Հայաստանի Հանրապետության դաշ­նակցական կառավարության ձեռնարկած միջոցառումները դրա­կան արդյունք չէին տալիս, չնայած, որ այդ ուղղությամբ ընդունվել էին բազմաթիվ որոշումներ: Դրանք, ինչպես նաև կառավարության անդամների ամպագորգոռ խոսքերն ու խոստումները չէին ամրապնդվում գործով:

Ավելի ու ավելի էր խորանում այն անջրպետը, որ ստեղծվել էր կենտրոնական իշխանության և ժողովրդի միջև: Գավառներում չէին կանխվում ապօրինությունները: Ասպարեզը մնացել էր մի խումբ բախտախնդիր անձանց ձեռքին, որոնք անարգել կերպով զբաղված էին հարստահարմամբ ու մարդ­կանց նկատմամբ բռնությունների գործադրմամբ:

Մեծանում էր սովից մահացած մարդանց թիվը։ Այսպես, օրինակ Ապարանի շրջանում 1919թ․ ծնվել էին 212 մարդ, մա­հացել էին 1285 մարդ (Վլադիմիր Պետրոսյան, «ԱՊԱՐԱՆԻ ԱՆՑ­ՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ»,Երևան,1960 էջ 10)։

Ահա այսպիսի պայմաններում լցվել է Հայաստանի աշ­խատավոր բնակչության համբերության բաժակը և նա 1920 թ. մայիսին ընդվզել է իշխանությունների հակաժողովրդական քա­ղաքականության և ապօրինի գործողություների դեմ:

Համաժողովրդական ընդվզումը մեր պատմագրության մեջ հիշատակվում է որպես «1920 թ. մայիսյան ապստամ­բություն» և դրան տրվել է գնահատական:

Առաջին՝ դաշնակցության գործիչներն ու գաղափարա­խոսները դա գնահատում են որպես Սովետական Ռուսաստանի աջակցությունից օգտվող հայ բոլշևիկների դավաճանություն:

Երկրորդ՝ հայ կոմունիստներն էլ ձգտում էին  դաշնակ­ցության իշխանության անհեռատես քաղաքականությունից զզված ժողովրդի տարերային շարժումը դարձնել երկիրը կոր­ծանումից փրկելու միջոց:

Այս գնահատականներից ո՞րն էր ճիշտ:

Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառա­վա­­րության վարած ամբողջ ներքին ու արտաքին քաղաքա­կա­նության բուն էությունը, դրա օբյեկտիվ գնահատականը փաս­տում են, որ անտարակույս ճիշտ էր երկրորդ գնահատականը:

Իսկ ինչո՞ւ էր ճիշտ:

1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվել էր սովե­տական իշխանություն: Դա նշանակում էր, որ Անդրկովկասում նորից հաստատվում էր Ռուսաստանը՝ այս անգամ սովե­տական իշխանության տեսքով: Ստեղծված այսպիսի պայման­ներում Հայաստանում սովետական կարգերի հաստատումն ան­պայման կնշանակեր ունենալ Ռուսաստանի նման հզոր դաշ­­նակից, այն էլ այն դեպքում, երբ քեմալական Թուրքիան բա­ցա­հայտորեն հանդես էր գալիս Հայաստանը ոչնչացնելու դիր­քերից:

Իսկ ի՞նչ էր լինելու, եթե Հայաստանում չհաստատվեր սո­վետական իշխանություն:

1920 թ. հետագա ամիսներին տեղի ունեցած իրադար­ձությունները պերճախոս փաստեցին, որ Հայաստանը դաշ­նակ­­ցական կառավարության վարած անհեռատես քաղաքա­կանության հետևանքով զրկվել էր Ռուսաստանի նման հզոր երկրի հետ դաշինքից, հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ և կորցրել հսկայական տարածքներ՝ ավելի քան 35.000 քառ. կմ: Հայ ժողովրդի գլխին թափվեցին նոր դժբախ­տու­թյուն­ներ:

Ահա, այս ամենն էլ հաշվի առնելով, համոզված կարելի է ասել, որ հայ կոմունիստները ճիշտ էին, երբ ստեղծված վիճա­կից դուրս գալու միակ ելքը տեսնում էին Հայաստանում սովե­տական կարգերի հաստատման և այդ միջոցով Ռուսաստանի հետ դաշինք կնքելու մեջ:

Այո, կոմունիստները ճիշտ էին այսպիսի ելք տեսնելու հարցում:

 

Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել հետևյալը։

Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառա­վարու­­թյունը իրավունք չուներ մայիսմեկյան խաղաղ ցույցերը ճնշել և մեծ արյունահեղություն կազմակերպել։ Ավելին՝ Հայաս­տանի և նրա ժողովրդի անվտանգության շահերից ելնելով՝ դաշնակցական կառավարությունը պարտավոր էր այսպես կոչ­ված դաշնակիցների մոտ չցուցադրել իր որդեգրած հակա­ռուսական, հակասովետական քաղաքականությունը :

Ադրբեջանում սովետական կարգերի հաստատումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը բերում է այն համոզմանը, որ Հայաստանում ևս պետք է հաստատվեր սովետական իշխանություն:

Իմ տեսակետով, դաշնակցական կառավարությունը, իր կորպորատիվ շահերից ելնելով, չի կարողացել ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և որդեգրել է մի անմիտ ու վտանգավոր քաղաքականություն: Դաշնակցական կառավարությունը գերա­դասել է պահել իր իշխանությունը, շարունակել է սիրաշահել դաշնակից տերություններին և բռնել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը զոհաբերելու ոչ մի արդարացում չունեցող ուղին:

Այսպիսի քաղաքականությամբ դաշնակցական կառավա­րությունն ավելի է խորացրել առճակատումը Սովետական Ռու­սաստանի հետ:

 

ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ

Անցած տասնամյակներում մայիսյան իրադարձություն­ների մասին ինչպես Սովետական Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գրվել են բազմաթիվ գրքեր, հրապարակվել են փաստաթղթերի ժողովածուներ ու հուշագրություններ, որոնք հարկ չեմ համարում այստեղ վկայակոչել:

Ուստի, միայն կամենում եմ անդրադառնալ հետևյալ հար­ցին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այսպես կոչված մայիսյան ապստամբությունը՝ սոցիալիստական, թե դրսից հրահրված շարժում:

Պետք է նշել, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը բացառվում էր, որովհետև Հայաստանում չկար զարգացած արդյունաբերություն: Հետևապես չկար նաև ուժեղ բանվոր դասակարգ, որը կարողանար ղեկավարել սոցիալիս­տական շարժումը: Բացառված էր նաև դրսի ազդեցությունը:

Իրադարձությունների վերլուծությունը բերում է այն հա­մոզմանը, որ 1920 թ. մայիսին տեղի ունեցածը ժողովրդի զայ­րույթի հուժկու պոռթկում էր, որի դեմ դաշնակցական կառա­վարությունը ոտքի էր հանել Հայաստանի բնակչության մեծա­մասնության մոտ զզվանք ու սարսափ ստեղծած մաուզերիստ-ավազակախմբերին:

Ժողովրդի զայրույթի հասունացմանը նպաստել էր ոչ միայն դաշնակցական կառավարության անհեռատես քաղաքա­կանությունը, այլև այն, որ դեռևս հարատևում էր ֆիզիկական բնա­ջնջման վտանգը: Վերջին հանգամանքից էլ թելադրված, ժողովուրդն աչքի առջև ունենալով պատմական փորձը՝ նորից կանգնել է ընտրության առջև` ո՞ւմ օգնությամբ փրկվել` Ռու­սաստա՞նի, թե՞ Արևմուտքի:

Հայաստանում զարգացող իրադարձությունները, տեղի ունեցող ապօրինությունները, թալանը, մաուզերիստների ան­զուսպ հանցագործ արարքները, չհաղթահարվող սովը, կյանքի բոլոր ասպարեզներում շարունակվող անկումը, կառավա­րության սին խոստումները ժողովրդի մոտ արագորեն գցում էին կառավարության և դրա ղեկավար կուսակցության հեղինա­կությունը:

Եվ, փաստորեն, 1920 թ. մայիսին ժողովրդական զայրույթի ուժգին պոռթկումը հարկավոր է ոչ թե վերագրել կոմունիստ­ների քարոզչությանը, ինչպես փորձում են ներկայացնել դաշ­նակցության գաղափարախոսները, այլև կառավարությունը ղե­կավարող դաշնակցության հակաժողովրդական քաղաքակա­նությանը, նրա դեմ համաժողովրդական ատելության ու զզվանքի ուժեղացմանը:

Ժողովրդի ատելությունը վաստակած դաշնակցական կառավարությունը դիմել է դեմագոգիայի՝ 1920 թ. մայիսի մեկին կազմակերպելով Մայիսմեկյան տոնակատարություն: Իշխանությունն առաջին անգամ նշում էր «Մայիսի մեկը»: Այս առաջին տոնակատարության մասին վկայում է նաև Ա. Խա­տիսյանը: Նա հայտնում է, որ չնայած ցուցարարների առջևով ընթացող ավտոմեքենայի վրա դրվել էր Լենինի նկարը, բայց բոլշևիկյան ոգով արտասանված ճառերը ժողովուրդն ընդունել է սառնությամբ:

Մայիսի մեկի տոնակատարության օրն Երևանում հան­գիստ է անցել: Վստահ դրանից՝ կառավարությունը հաջորդ օրը իջեցրել է հացի չափաբաժինը: Մայիսի 3-ին սովյալ բազ­մությունը Երևանում փողոց է ելել: Սկսվել է անկազմակերպ ցույց: Կանայք ավերել են Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցի վրա գտնվող հացի փռերն ու խանութները:

Մայիսմեկյան խաղաղ ցույցեր եղան նաև Կարսում, Սա­րիղամիշում, Քավթառլույում, Դիլիջանում, Նոր Բայազետում: Այս ցույցերը թեև ունեին հակակառավարական բնույթ, բայց դրանց մասնակիցներն երբեք բռնությունների չեն դիմել:

Մայիսմեկյան տոնակատարությունն Ալեքսանդրապոլում ղեկավարում էին բոլշևիկները: Ալեքսանդրապոլում գտնվող «Վարդան Զորավար» զրահապատ գնացքում Սարգիս Մու­սայելյանի գլխավորությամբ տեղավորվել է բոլշևիկների կենտ­րոնը: Այստեղ մայիսի 7-ին ստեղծված հեղկոմը, մի քանի օր անց՝ մայիսի 10-ին, Հայաստանում հռչակել է սովետական կար­գեր և դրանով իր գործն ավարտված համարել:

1920 թ. մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը «Վարդան Զորավար» զրա­հա­­­պատ գնացքում գտնվող հեղկոմին ներկայացրել է վերջ­նագիր: Մայիսի 14-ին կառավարական զորքերի հետ միասին Ալեքսանդրապոլ է մտել նաև Սեպուհը` սասունցի գաղթա­կաններից և Դենիկինի մոտից փախած սպիտակ գվարդիական սպաներից կազմված ջոկատով: Նրանք դաժանորեն սպանել են  բազմաթիվ զինվորների, որոնք համակրանք էին դրսևորել «Վար­­­դան Զորավարի» նկատմամբ:

Չնայած մայիսյան ցույցերի խաղաղ բնույթին, դաշնակ­ցական կառավարությունը դրանք խեղդել է արյան մեջ: Ձեր­բակալվել են բազմաթիվ մարդիկ, որոնցից 237-ը բանտերում սպանվել են առանց դատի: Կարսում գնդակահարվել է 300 մարդ, այդ թվում նաև 1918 թ. մայիսին Սարդարապատի հե­րոսամարտում վճռական մասնակցություն ունեցած «Մահա­պարտների» գնդի զինվորներին՝ իբրև Հայաստանի անկա­խության թշնամիների:

Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի, Կարսի և այլ տեղերի  մայիսմեկյան ցույցերի մասնակիցները զին­ված չեն եղել և զենք չեն օգտագործել։ Առհասարակ, կառա­վարության ուղարկած զինված ջոկատներին և մաուզերիստների խմբերին զինված դիմադրություն ցույց չի տրվել։

Դաշնակցական կառավարությունը դաժան դատաստան է տեսել նաև խաղաղ ցույցերին մասնակցող կոմունիստների նկատմամբ։

Շատ փաստերից բերեմ միայն մեկը։ 1920 թվականի մա­յիսին Նոր Բայազետի գավառում սկսված խաղաղ ցույցերին մասնակցող գյուղացիներին և նրանց միացած զինվորներին ճնշելու նպատակով եկել է Ռուբեն Տեր-Մինասյանը՝ զինված ջոկատի հետ միասին։ Խաղաղ ցույցը ճնշելու համար գործա­դրվել են սարսափելի միջոցներ, խոշտանգվել ու սպավնել են բազմաթիվ մարդիկ։

Մաուզերիստները Փաշաքենդ (այժմ Հացառատ) գյուղում բռնել են գավառում սկսված խաղաղ ցույցերի ղեկավար Հովհաննես Սարուխանյանին։ Մաուզերիստները Սարուխանյանի երկու ձեռքերը կապել են ձիերի թամքերից և գետնի վրա քարշ տալով՝ տարել են Նոր Բայազետ։

Կատաղած մաուզերիստները չեն բավարարվել Սարուխանյանին բազմաթիվ վերքեր հասցնելուց և Նոր Բայազետի հրապարակում կոտրել են նրա ձեռքերն ու ոտքերը և բանտ նետել։ Իսկ մայիսի 23-ին Հ․ Սարուխանյանին Երևան տանելու պատրվակով բանտից հանել են և ճանապարհին գազանաբար սպանել ( Վլադիմիր Ներկարարյան, «Հովհաննես Սարուխանյան», Երևան,1955, էջ 64):

Պատմիչ Առաքել Դավրիժեցին այդպիսի դաժան խոշտանգման մասին իր աշխատության մեջ պատմել է, որ թուրքական դատարանի վճռով Տիգրանակերտ քաղաքի հրապարակում ջարդել են 15-ամյա հայ պատանի Նիկողայոսի ոտքերն ու ձեռքերը․․․

Մինչև այսօր հայտնի չէ առանց դատի գնդակահարված կոմունիստների թիվը։

Միայն հայտնի է այն կոմունիստների թիվը, որոնք գնդա­կահարվել են դատարանի վճռով։ Այդ վճռով գնդակահարվել են Հայաստանի բոլշևիկների ղեկավարներից 46 մարդ, այդ թվում` Բագրադ Ղարիբջանյանը, Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը և ուրիշներ:

 

ԲԱԳՐԱՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

Դաշնակցական կառավարության ստեղծած արտակարգ դատարանն արագորեն քննել է ապստամբությունը կազմա­կերպելու մեջ մեղադրվող բոլշևիկների գործը և բոլորին են­թարկել է մահապատժի։

Այդ դատարանում Բագրատ Ղարիբջանյանն իր վերջին խոսքում ասել է հետևյալը․

«Ես գիտակցում եմ, որ այնպիսի երկրում, որին ոտնակոխ են արել սուլթանական բաշիբուզուկները և դաշնակից իմպե­րիալիստները, օբյեկտիվ տվյալներ չկային իշխանությունը գրա­վելու և պահելու համար: Ես անձամբ համաձայն եմ եղել իշ­խանությունը գրավելուն, բայց ոչ այն ժամանակ՝ ոչ մայիսի
10-ին: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ առկա են սուբյեկտիվ նախադրյալները, երբ հասունացած միտքն արագացնում է իրադարձությունների ընթացքը»:

Բռնկված ապստամբությունը գնահատելով որպես անար­յուն՝ Ղարիբջանյանը դա համարեց անվիճելի անհրաժեշ­տության արդյունք, և ասաց. «Ո՞վ է մեղավորը, որ ամբողջ Հայաստանով մեկ ապստամբեցին աշխատավոր մասսաները, որպեսզի տապալեն այն կառավարությունը, որն իրեն զրկել է ոչ միայն իրեն չհանդուրժող մեծամասնությունից, այլև անխոհեմ փոքրամասնությունից: Ո՞վ է մեղավորը, որ կառավարությունը բավականաչափ քաղաքական հեռատեսություն չունի, որպեսզի ժամանակին ձեռք առած միջոցներով կանխի ժողովրդական փոթորիկը: Կառավարությունը չցանկացավ հասկանալ նոր ժամանակի ոգին: Ժողովրդական ոգին խորթ էր պետական կուսակցությանը: Դա նրանց կործանման պատճառն էր պայ­քարի օրերին, դա նրանց դատապարտումը կլինի պատմության մեջ»:

«Ենթարկվելով կուսակցության կարգապահությանը,-շա­րունակեց նա,- չցանկանալով, որ հեղափոխությունը դուրս գա իր ափերից և ջրածածկ չանի շրջապատող իրականությունը՝ ես, այլ կոմունիստների թվում, անցա շարժման գլուխ: Մենք մեր նպատակին հասանք: Առանց որևէ մի կրակոցի մենք քաղաքը վերցրինք, (Նկատի ունի Ալեքսանդրապոլը-ՎՊ․), նմանապես և առանց որևէ մի կրակոցի արյունահեղությունից խուսափելու համար մենք իշխանությունը հանձնեցինք` ուղիղ գծով տեղի ունեցած բանակցությունների համաձայն»:

Իր ճառը Բ. Ղարիբջանյանն ավարտեց հետևյալ խոս­քերով. «…Դուք ինձ մահապատժի եք դատապարտում: Թո՛ղ այդպես լինի: Բռնությամբ կյանքից զրկելը եզակի երևույթ չէ հեղափոխական փոթորիկների մեր ժամանակներում: Ես եր­ջանիկ եմ, որ ընթանալով ժողովուրդների լավագույն զավակ­ների հետքերով, որոնց գլխավորում էր Շահումյանը՝ դրանով ես բացում եմ Հայաստանում ազատագրական շարժման առաջին էջը, բայց դուք իմացեք, որ նույն այդ պատմության հակառակ էջը կբացեն ռեակցիայի ուժերը, հակահեղափոխական տար­րերը:

Եթե դուք վստահ եք, որ մահապատժի ենթարկելով ինձ՝ դրանով կկանգնեցնեք հայ չքավորության արյունաքամությունը, եթե դուք վստահ եք և համոզված, թե մեր կյանքի գնով ձեզ կհաջողվի հայ չքավոր գյուղացիությանն ու բանվորներին ազա­տել չարանենգ սպեկուլյացիայի և անընդհատ շորթումների մա­գիլներից, ես հոժարակամ կգնամ դեպի մահապատիժ, դրանով ես միայն կկատարեմ իմ ժողովրդի փրկության համար ընկած հեղափոխականի պարտքը»: (ՀՀ ԱԱ, ֆ. 9, ց. 2, գ. 5, թ. 1-14):

Իր գոյության երկու և կես տարիների ընթացքում Հա­յաստանի դաշնակցական կառավարությունն ոչ մի հաջողու­թյուն չունեցավ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

 

Շարունակելի

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert