Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան ՖԲ-յան էջում հրապարակված տեղեկատվության՝ հուլիսի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանն այցելել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի և ՀՅԴ բյուրոյի անդամ Վ. Բաղումյանի հետ:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համազգային և համայնքային, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Եթե հանդիպումը վերաբերում էր համազգային և համայնքային, ինչպես նաև հայիրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի, եւ դա տեղի էր ունենում Թեհրանի առաջնորդարանում՝ Առաջնորդի հետ, ապա հասկանալի չէ, թե այդ հանդիպման ձեւաչափի հետ ի՞նչ կապ ուներ ՀՅԴ բյորոյի անդամ Վ.  Բաղումյանը, ով ո՛չ համայնքի ներկայացուցիչ է և ո՛չ Թեմական խորհրդի ներկայացուցիչ եւ ո՛չ էլ ԻԻ Խորհրդարանի պատգամավոր: ԻԻՀ-ում հայկական համայնքը ունի իր յուրահատուկ կառոցվածքը՝  համայնքի կողմից ընտրված Թեմական Խորհուրդը եւ ԻԻՀ խորհրդարանում երկու հայ պատգամավորներներ: Թե՛ դիվանագիտական եւ թե՛ համայնքի քաղաքական ու հասարակական շահը պահանջում է, որ այդ մակարդակի հանդիպումները տեղի ունենան համայնքի կողմից ընտրված պաշտոնատար ներկայացուցիչների հետ: ՀՀ դեսպանը հաշվի չի առել նաեւ, առանց այն էլ, հայ համայնքի եւ ՀՅԴ լարված հարաբերությունները, ինչը նոր երեւույթ չէ, ինչը պետք է ծանոթ լիներ նաեւ դեսպանին: Անշուշտ ՀՀ դեսպանի իրավունքն է հանդիպել ցանկացած կառույցի ներկայացուցչի հետ առանձին՝ այլ ձեւաչափով, բայց ոչ համայնքի պաշտոնական հարթակում՝ Առաջնորդարանում Թեմի Առաջնորդի ներկայությամբ: Չնայած այն բանին, որ «ՀՅԴ» անվան տակ որեւէ կառույց Իրանում, Թեհրանում պաշտոնապես գրանցած չէ, բայց այնուամենայնիվ, եթե հանդիպումը տեղի ունենար թեհրանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, այդ դեպքում կարելի էր ինչ որ ձեւ հասկանալ նաեւ ՀՅԴ բյորոյի անդամի ներկայության հանգամանքը:

Ինչքան էլ, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վ. Բաղումյանը ցանկանար ներկա լինել այդ հանդիպմմանը, սակայն ՀՀ դեսպանը որպես երկիր ներկայացնող պաշտոնյա իր դիվանագիտական հարաբերություններում չպետքէ այդ կարգի սխալ  թույլ տար, ինչն էլ ադրբեջանական ծայրահեղ շրջանակների համար առիթ հանդիսացավ այդ աննշան հանդիպւմը շեփորահարել՝ հայ-իրանական հարաբերություններին հարված հասցնելու նպատակին օգտագործման համար:

Հիմնավորելու համար, թե ինչո՞ւ անդրադարձանք այս խնդրին, որպես փաստ ներկայացնում ենք ադրբեջանական միայն մեկ օրինակ, որպեսզի պարզ լինի, թե դիվանագետի կողմից սխալ ձեւաչափերով հարաբերություններին մասնակցելը,  ինչպիսի արձագանք են գտնում հակառակորդի կողմից եւ հայկահայ նպատակների համար շահարկվում.

Այսպես կոչված «Ադրբեջանի ազգային դիմադրության կազմակերպության» խոսնակ՝ Բաբեք Չալաբիյանլին (Babək Çələbiyanlı) իր Տվիտերյան էջում գրում է.

«Ի՞նչ է տեղի ունենում Թեհրանում: Զավթիչ Հայաստանի դերսպանը հանդիպում է ահաբեկչական խմբավորման հետ: Աշխարհի ահաբեկչության կենտրոն դարձած Թեհրանը, այս անգամ հարյուրավոր թուրք պաշտոնյաների եւ դիվանագետների ահաբեկած դաշնակցությանն է հյուրընկալում: Ազգային շարժումը այս կապակցությամբ չի լռելու: Այս միասնությանը (նկատի ունի Իրան-ՀՅԴ-Հայաստան) պետք է վերջ դնել»:

Նկատի առնելով այս, եւ վերջին երկու տարիներին այլ երկրներում տղեի ունեցած նմանատիպ հանդիպումները,  ՀՀ ԱԳՆ պետք է զգուշացնի դեսպաններին, որպեսզի միշտ հաշվի առնեն տվյալ երկրի հայ համայնքի կառուցվածքն ու համայնքում տարբեր կառույցների միմիյանց հետ հարաբերությունները եւ զերծ մնան նման սայթագումներից:

 

Երվանդ Խոսրովյան

26 հուլիս, 2020 թ., Գերմանիա

—————————————————————-

Լուսանկարը՝ ԻԻՀ-ում ՀՀ Դեսպանության ՖԲ-յան էջից

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert