Երրորդ Հանրապետության պատմության մեջ երկու հոգու ճակատին ժողովուրդը դաջեց «ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ» պիտակը. առաջինին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, հողերը հանձնելու եւ խաղաղություն հաստատելու համար, իսկ երկրորդին՝ Նիկոլ Փաշինյանին, այդ նույն հողերը կռվելով պահելու, բայց պահել չհաջողելու համար:

25 տարի Հայաստանի եւ Արցախի իշխանությունները ժողովրդի հետ անկեղծ չեն եղել, պարզ չեն խոսացել, ասել են մի բան, արել են մեկ այլ բան: Բանակցությունների սեղանին եղել են այն սկզբունքները, որոնք առաջարկել էր ԼՏՊ-ն՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ փոոխություններով: Այդ նույն առաջարկները դարձան Մադրիդյան սկզբունքներ ու շարունակաբար, բոլոր փուլերում էլ բովանդակային առմամբ մնացին նույնը՝ 7 շրջանների միանգամից, թե  5 + 2 տարբերակով հանձնումը ըստ էության նույն արդյունքն է: «Փաթեթային» կամ «փուլային» տարբերակները բովանդակության առումով իրարից չէին տարբերվում, միակ տարբերությունը տարածքների հանձնման ժամանակացույցն էր:

25 տարի բանակցել մի փաստաթղթի շուրջ, որով 7 շրջանների վերադարձ է նախատեսվում (առանց նախապայմանների) և սեփական ժողովրդին դրա մասին հստակորեն չտեղեկացնելը, չնախապատրաստելը, խաբելը, ստելը այն պատճառով, որ ժողովրդի կողմից որպես «ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ» պիտակը չկրել,  մեղմ ասած՝ անբարոյականություն է, նույնիսկ դավաճանություն:

Ժողովուրդը միշտ էլ սխալվում է թե՛ իր ընտրություններում եւ թե որոշումներում. պատմությունը հազարավոր փաստեր ունի ժողովրդի սխալ որոշումների մասին, ընդորում, այնչափ սխալ, որ նույն այդ ժողովուրդը կործանվել է հենց իր սխալի պատճառով: Բայց ավելի կործանարար են ժողովրդի չիմացությունն ու միամտությունը շահագործող սրիկաները, ճշմարտությունը ժողովրդից թաքցնողները. ճիշտ այդկերպ 25 տարի շարունակ վարվել են մեր ժողովրդի հետ:

Նախընտրելի  է ճշմարտությունն ասել ու այդ միամիտ ժողովրդի կողմից դաջած «ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆԻ» պիտակը հերոսաբար կրել, քան խաբեբայությամբ դավաճանել այդ միամիտ ժողովրդին: Ճշմարտությունն ասելը, ճշմարտության աչքերին նայելը քաջություն է պահանջում, Նիկոլ Փաշինյանը հերոսաբար ընդունեց թե՛ պարտությունը, թե՝ «Ազգի Դավաճանի» պիտակը. դա ամենամեծ հերոսությունն է:

Գալիլեյին մեղադրում էին արևակենտրոնության ճշմարտությունը բացահայտելու եւ կեղծ գիտության դիմակը պատռելու մեջ, իշխողանավորները, եկեղեցականները նրան համարում էին սատանա, իսկ միամիտ ժողովուրդը գոռում-գոչում եր՝«վառեք նրան»: Հետո պարզվեց, որ Գալիլեյն էր ճիշտ:

Արկածախնդիրները, ազգայնամոլները, «ոչմիթիզհողականները» նույնպես խաբում էին ու խաբում են ժողովրդին՝ մեկը Ստամբուլը արյան ծով է դարձնում, մյուսը Բաքվում չայ խմելու է գնում, երրորդը Կուռից լողանալով հասնում է Արաքս, չորրորդը, Սևրի դաշնագրի «թղթե շերեփը» ձեռքն առած, մտովի հետ է բերում ողջ Արևմտյան Հայաստանը,  իսկ ժողովուրդը այդ բոլորի համար էլ ծափ է տալիս:

Հպարտացել ենք դրածո թագավորներով, որոնք բյուզանդական  և պարսկական, ապա օսմանական եւ պարսկական, հետո ցարական եւ օսմանական կայսրությունների հովանու ներքո իշխում և թալանում էին հայ ժողովրդին՝ ընդհուպ երկիրը ժողովրդով հանդերձ վաճառելով այս կամ այն կայսրության:

Տառապելով  «ծովից ծով» Հայաստանի երազանքով՝ հասանք Սեւանա լիճ: Ոտքի տակ նայելու փոխարեն, ամպերից ենք կախվել ու տապալվել գետնին, առաջ նայելու փոխարեն՝ հետ ենք նայել ու հետ-հետ գնացել եւ այդ ամենի մեղավորը մենք ոչ թե մեզ ենք համարել, այլ ՝ ուրիշին: Ուրիշն էր մեղավոր, որ մենք ճշմարտությունը չէինք տեսնում, ուրիշն էր մեղավոր, որ մենք մեզ էինք խաբում եւ այսպես շարունակ… Ահա այս է ամբողջ պատմությունը:

Երվանդ Խոսրովյան, Գերմանիա 18.11.2020 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert