Երկիր,
Դու այնպիսին ես,
Ինչպիսին տեսնում են քեզ…
Ոմանց համար դու
Մոռացված երազի ես նման,
Անհասցե նամակի, որ
Տարիներ շարունակ
Ետ ու առաջ է անում մի
Խեղճ ու կրակ փոստատար…

Ոմանց համար խարույկ ես,
Որի մոտ է միայն հոգի ջերմանում,
Իսկ ոմանց համար հանգած կրակից
Մնացած մոխիր, որի հոտը քամին
Իր լացով էլ բարձրացնի,
Ոչինչ չի փոխի…
Ոմանց համար տանիք ես՝ պսպղուն այնպես,
Ասես անձրևն հենց նոր է իր մեղեդին
Նվագել հոգուդ վրա,
Ոմանց համար տակառ,
Որտեղից դույլերով դուրս են տանում այն,
Ինչ իրենց պապերը պտղունց-պտղունց
Կուտակել են դարերով…
Իսկ ի՞նչ ես ինձ նմանի համար.
Գիտե՞ս…
Դու իսկական ես…
Դու բույր ես, որ ամեն առավոտ
Արթնացնում է ինձ,
Ապա քսվում-անցնում տուն առ տուն,
Ցանկապատ առ ցանկապատ…
Դու պատերազմի դաշտից անթև ու անոտ
Վերադարձածների աչքերն ես,
Հիշողությունը…
Հերոսներդ կանցնեն, պատմությունդ կմնա…
Դու անմշուշ հորիզոն ես, որից սկսվում
Եվ որտեղ ավարտվում է իմ կյանքը…
Դու լույս ես, որի թևերին
Կապույտ ծաղիկներ են բացվում,
Եվ որոնց վրա իրենց սերն են հյուսում
Թիթեռները՝ թեկուզ կույր ու մենօրիկ…
Դու ջահրա ես տատիս ձեռքին,
Եվ բահ, որի կոթին կաթել է քրտինքը
Պապիս ճակատից…
Դու հպարտ պարմանուհի ես,
Որին ես պատկերում եմ իմ հոգում ՝
Խաս ու ղումաշում ծփալիս,
Եվ քաջարի դյուցազն, որի զարկից
Չի խուսափի և ոչ մի թշնամի…
Ես քեզ ներսից եմ սիրում՝
Իմ ու քո ներսից,
Եվ հավատա՝ ինձպեսները շատ են…
Երկիր,
Դու այնպիսին ես,
Ինչպիսին տեսնում են քեզ…
Ես քեզ տեսնում եմ ներսից…
Դու իմն ես…

Նարինե Ավագյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert